Երեկ ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը իր խմբակցության անունից դիմել է ԱԺ խմբակցություններին` առաջարկելով նրանց հանդես գալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ եւ քննարկել ՀՌԱՀ դեկտեմբերի 16-ի` «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ կայացրած որոշումը: Ըստ Լ. Ալավերդյանի` ՀՌԱՀ-ը թույլ է տվել մի շարք ապօրինություններ. «ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, խախտելով անմեղության կանխավարկածը, մեղադրել է «Ա1+»-ին փաստաթղթեր կեղծելու մեջ, այն դեպքում, երբ կեղծիքի փաստ, որպես այդպիսին, դատարանի կողմից հաստատված չէ»: Նաեւ հավելել է. «Եթե «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված հանձնաժողովը խնդիրներ էր նկատել, ապա նա կարող էր առաջարկել «Ա1+»-ին համապատասխան պարզաբանումներ ներկայացնել: Բացառությամբ հանձնաժողովի մեկ անդամի, բոլորը «Ա1+»-ի մրցութային հայտը գնահատել են «0» միավոր, այն դեպքում, երբ գնահատումն իրականացվել է բազմաթիվ չափանիշներով: «0» միավոր գնահատած հանձնաժողովականների թվում են նաեւ ՀՌԱՀ թափուր տեղերի համար 2009թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ կողմից նշանակված 4 անդամները` Կորյուն Առաքելյանը, Արամ Մելքոնյանը, Արմեն Մկրտչյանը, Հայկ Քոթանյանը»: «Ժառանգությունը» գտնում է, որ ՀՌԱՀ-ի առնվազն 4 անդամները, որոնք նշանակվել են խորհրդարանի կողմից, պետք է ԱԺ-ում բացատրություններ եւ հիմնավորումներ ներկայացնեն` իրենց այդ գնահատականների ու կայացրած որոշումների համար: