Նոր անուններ

18/12/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ըստ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների, բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները շարունակվելու են ոչ միայն հաջորդ շաբաթ, այլ նաեւ հունվարից հետո:

Մեր տեղեկություններով, մասնավորապես երկուշաբթի օրը տոնական արարողությամբ վաստակած թոշակի է ուղարկվելու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ում փոխարեն նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: Վերջինս նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մերձավոր ազգականն է:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ մինչեւ տարեվերջ հրաժարականի դիմումներ են ներկայացնելու նաեւ մոտ մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` նախարարներ: Իշխանական վերնախավում շրջանառվում են հետեւյալ նախարարների անունները. ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյան, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Պետրոսյան եւ Քաղաքաշինության նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյան: Նման ճակատագիր է սպասվում նաեւ ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանին, ում հեռացնելու գործում ակտիվ մասնակցություն ունի նաեւ ՕԵԿ-ը: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը նախկին ՕԵԿ-ական էր, ով 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ դուրս եկավ ՕԵԿ-ից` դառնալով հանրապետական, ինչն էլ մինչ այսօր նրան չի ներում իր նախկին կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Հասմիկ Պողոսյանին, ում պաշտոնանկությունը շատերը համարում են անխուսափելի, ապա մեր տեղեկություններով՝ ավելի հավանական է, որ նա հրաժարական կներկայացնի գարնանը:

Իսկ մինչ այդ, ըստ մեր աղբյուրների` պաշտոնանկ են արվելու նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Երվանդ Զախարյանը, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Իսկ մյուս պաշտոնյաները, նույն աղբյուրների հավաստմամբ, շարունակելու են պաշտոնավարել: Թեեւ իշխանական որոշ շրջանակներում չեն բացառում նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը: Նույնիսկ խոսակցություններ կան այն մասին, որ նրան Ամանորից հետո փոխարինելու է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, ով երեկ արդեն նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում: Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց նաեւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին պաշտոնանկ անելու եւ նրա փոխարեն ֆինանսների արդեն նախկին նախարար Տիգրան Դավթյանին նշանակելու մասին հրամանագրերը: Հիշեցնենք, որ թե՛ Տ. Դավթյանը, թե՛ Ն. Երիցյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմակիցներն են, ովքեր վերջինիս հետ անդամագրվեցին ՀՀԿ-ին` որպես հավատարմության նշան: Արդեն երեկ լուրեր էին շրջանառվում, որ Ն. Երիցյանը վերադառնալու է Կենտրոնական բանկ եւ զբաղեցնելու է ԿԲ նախագահի տեղակալի թափուր պաշտոնը` Վաչե Գաբրիելյանի փոխարեն: Իսկ հեռանկարում, մեր տեղեկություններով, Տ. Սարգսյանը մտադիր է նրան դարձնել ԿԲ նախագահ, եթե, իհարկե, մինչ այդ Տ. Սարգսյանը մնա վարչապետի պաշտոնում կամ կարողանա իր համար այլ պաշտոն ձեռք բերել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս պաշտոնանկությունները չեն անդրադառնալու միայն մի քանի նախարարների: Օրինակ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է պաշտոնավարել, որքան էլ դժգոհություններ հնչեն արտաքին քաղաքականության ոլորտում նրա շարունակական ձախողումների վերաբերյալ: Կառավարության կազմում շարունակելու են աշխատել նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաեւ ՕԵԿ-ականներ` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: