Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է այսօր մեկ մեծահասակ մարդը Հայաստանում 1 ամիս «յոլա գնալ» ամսական 25 հազար դրամով։ Այսինքն՝ այն միջին կենսաթոշակով, որը մեր պետությունը տրամադրում է սեփական թոշակառուներին։ Օրինակ՝ պետական պաշտոնյաները կարո՞ղ են դա անել՝ գեղեցիկ ճառեր ասելու փոխարեն։
Այս հարցը 2010թ. մայիսին լրագրողներն ուղղել էին Սոցիալական ապահովության պետական ծառայության արդեն նախկին պետ Վազգեն Խաչիկյանին։ Վերջինս պատասխանել էր. «Հարցը հռետորական է, եւ չեմ կարծում, թե որեւէ պաշտոնյա կփորձի ապրել միջին կենսաթոշակի չափով։ Մենք, բարեբախտաբար, ունենք մի հասարակություն, որը հիմնված է նաեւ սոցիալական գործընկերության եւ համերաշխության վրա, որտեղ ավելի հարուստներն օգնում են ավելի աղքատներին, ավելի առողջներն օգնում են ավելի հիվանդներին, զավակներն օգնում են իրենց ծնողներին։ Փառք Աստծո, մենք դեռ չենք հասել այն հասարակական վիճակին, երբ որ կենսաթոշակառուն անջատ է, եւ իր զավակը նրան չի օգնում։ Անշուշտ, դժվար կլինի այն մարդկանց վիճակը, ովքեր կփորձեն ապրել այդ միջին կենսաթոշակով, բայց չմոռանանք նաեւ, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պետություն կարողանում է վճարել այնքան, որքան իր հնարավորությունն է»։ Այն ժամանակ, իհարկե, Վերահսկիչ պալատի ստուգումների եւ Վ. Խաչիկյանի մոտ հայտնաբերված խախտումների մասին դեռ խոսակցություններ չկային։ Այնպես որ, նա կարող էր նման պատասխան տալ։ Այսօր, երբ միլիոնավոր դոլարների հասնող չարաշահումների լուրն անուղղակիորեն հաստատվեց Վ. Խաչիկյանի պաշտոնանկությամբ՝ վերը նշված պատասխանը «վերաիմաստավորվում» է։
Ի դեպ, հրաժարականի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց երեկ՝ դեկտեմբերի 7-ին։ Զարմանալի զուգադիպությամբ, նույն օրն Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2010» զեկույցը։ Զեկույցում բերված տվյալներն աչքի անցկացնելով՝ Վազգեն Խաչիկյանի կատարած խախտումներն ավելի ակնհայտ են դառնում։
«2009թ.-ին 2008թ.-ի նկատմամբ աճել է թե՛ աղքատության մակարդակը, թե՛ դրա խորությունն ու սրությունը: 2009թ.-ին բնակչության մոտավորապես ամեն երրորդը` 34.1% -ը, եղել է աղքատ, նրանցից ամեն հինգերորդը`20.1%, շատ աղքատ, իսկ 3.6%-ը`ծայրահեղ աղքատ: Միայն մեկ տարվա ընթացքում մոտ 214 հազար մարդ դարձել է աղքատ, հասցնելով աղքատների թվաքանակը 2009թ.-ին մոտ 1.1 մլն-ի (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 245 հազարը` նույն ժամանակահատվածում դարձել են շատ աղքատ, հասցնելով շատ աղքատների թվաքանակն ավելի քան 650 հազարի: Միայն մեկ տարվա ընթացքում մոտ 65 հազարը դարձել են ծայրահեղ աղքատ, հասցնելով ծայրահեղ աղքատների թվաքանակը 2009թ.-ին մոտ 117 հազարի»,- նշել են զեկույցի հեղինակները։
Նշենք, որ վիճակագրության մեթոդաբանության համաձայն՝ աղքատ են համարվում այն մարդիկ, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության վերին ընդհանուր գծից։ Այլ կերպ ասած՝ եթե նրանք ի վիճակի չեն ապահովել նվազագույն սպառողական զամբյուղը, որը 2009թ. կազմել է 38.273 դրամ։ Իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված համարվում են այն մարդիկ, ում սպառումը ցածր է անգամ պարենային զամբյուղից, որը 2009թ.կազմել է 21.623 դրամ։ Այլ կերպ ասած, այս մարդիկ հնարավորություն չունեն անգամ նորմալ սնվելու։ Փաստորեն, միայն այս մարդկանց թիվը, պաշտոնական վիճակագրության համաձայն, ճգնաժամային տարում 2 անգամ աճել է՝ հասնելով 117 հազարի։
Ի դեպ՝ ուսումնասիրության հեղինակները նաեւ փորձել են հաշվել, թե որքան կարժենա աղքատության հաղթահարումը Հայաստանում: Աղքատության հաղթահարման համար, ըստ զեկույցի, Հայաստանին անհրաժեշտ է 93.5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների։ Իսկ ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի մոտ 2.5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0.1 %-ը, ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության։
Հասանք, թերեւս, ամենահետաքրքիր մասին։ Զեկույցի հեղինակները խոսում են մի «բայց»-ի մասին. եթե անգամ աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ գումարը հայթայթվեր, ապա աղքատությունը կվերանար միայն այն դեպքում, եթե ենթադրենք, որ «սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին»։ «Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելի են»,- նշում են զեկույցի հեղինակները:
Սակայն հասկանալի չէ՝ ինչո՞ւ են այդքան հեռուն գնացել, հղում անելով միջազգային փորձին, եթե տեղական փորձը աչքի առաջ է։ Միջոցները պետք է հատկացվեն համապատասխան կառույցի միջոցով։ Համապատասխան կառույցը, մեր դեպքում, դա Սոցիալական ապահովության պետական ծառայությունն է։ Իսկ թե ինչպես է այն բաշխել եւ ինչպես կբաշխեր գումարները, անգամ սարսափելի է պատկերացնելը։ Կարելի է ասել, որ որքան շատ հատկացվեր, այնքան շատ կգրպանեին։ Այսինքն՝ մի կողմից լավ է, որ նման միջոցներ 2009թ. չենք ունեցել աղքատության հաղթահարման համար։
Կարելի է մի հետաքրքիր հաշվարկ կատարել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Վ. Խաչիկյանի «ջանքերի շնորհիվ» 50-60 հազար մահացած մարդկանց անունով երկար ժամանակ թոշակ է դուրս գրվել։ Պարզ է, որ այդ գումարները գնացել են ոչ թե այն աշխարհ, այլ լրիվ ուրիշ տեղ։ Լուրերի համաձայն, գումարը քիչ չի եղել՝ ամսական 1-1.5 միլիարդ դրամ։ Եթե անգամ ենթադրենք, որ այս թվերը մի քանի անգամ ուռճացված են, միեւնույն է՝ այդ գումարներով հնարավոր կլիներ Հայաստանում վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեզանում անձնական շահը առաջին տեղում է, եւ թշվառների հաշվին հարստանալու մոլուցքը մեր պաշտոնյաների մոտ չի թուլացել անգամ ճգնաժամի ժամանակ։ Այս մասին անուղղակիորեն վկայում է անգամ պաշտոնական վիճակագրությունը. «Հաշվարկները ցույց են տալիս, որ 2004-2008թթ. տնտեսական աճի պայմաններում աղքատները շահում են, բայց ոչ այնքան, ինչքան հարուստները, իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում, երբ տնտեսությունն անկում է ապրում, ավելի շատ տուժում են հենց աղքատները, իսկ հարուստներն անգամ ճգնաժամի պայմաններում շարունակում են հարստանալ»,- նշված է ԱՎԾ-ի զեկույցում։ Իհարկե, արդեն այսօր այս ոլորտում թույլ տրված չարաշահումների մասին հերթական անգամ խոսելը ոմանք կհամարեն որպես «ընկածին խփելու» փորձ: Սակայն, նախ՝ մի կողմից, առաջին հերթին, պաշտոնական վիճակագրությունն է ուրբաթ օրը նման զեկույց հրապարակել` հաշվի չառնելով (կամ գուցե առնելով), որ Խաչիկյանի համար շաբաթը ուրբաթից շուտ էր գալու: