«ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի դիտարկմամբ` ՀՌԱՀ կայացրած դեկտեմբերի 16-ի որոշումը «կեղծիք է, որ որոշել են իրեն լկտիաբար եթեր չտալ»: Հիշեցնենք, որ ՀՌԱՀ-ը «ԱԼՄ» հեռուստաընկերությանը զրկել է հեռուստաեթերից՝ նախապատվություն տալով «Երեւան» հեռուստաընկերությանը:
Կ. Կարապետյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ թեեւ ինքը որեւէ բան չունի «Երեւան» հեռուստաընկերության դեմ, սակայն չի կարող չասել, որ «ԱԼՄ»-ն ավելի շատ առավելություններ ունի: Ըստ նրա՝ հանձնաժողով ներկայացված փաթեթում կարեւորվող 6 կետերն էլ «ԱԼՄ»-ն լիարժեքորեն բավարարել է. «Մեր ֆինանսական ներդրումը 600 մլն դրամ էր, «Երեւան TV»-ինը` 400: Նրանք ունեն 42 աշխատող, ես՝ 83: Նրանք շենք չունեն, իսկ մենք շենք ունենք»,- «ԱԼՄ»-ի առավելությունները «Երեւանի» նկատմամբ թվարկել է Տ. Կարապետյանը: «Թող հետս նստի պարոն Ամալյանը եւ ինձ ապացուցի եւ ոչ թե պարոն Ղազարյանի եթերով խոսի»,- դիմելով ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, ասել է Տ. Կարապետյանը` հավելելով, թե իր կարծիքով՝ ՀՌԱՀ որոշումն ակնհայտորեն քաղաքական էր: «Հանձնաժողովին վերջին պահին էին զանգել վերեւներից՝ ասելով, որ այդպես պետք է լինի: Դրանով ոչնչացնում են հանձնաժողովը»,- ասել է Կարապետիչը: Ըստ նրա` իշխանություններն այսօր առաջնորդվում են «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» սկզբունքով. «Դա կոմունիստական սկզբունք է, այսօր Հայաստանի իշխանությունները գնում են դեպի կոմունիզմ: Մենք գնում ենք ոչ թե դեպի ժողովրդավարություն, այլ դեպի բռնապետություն»: Իսկ հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել, Տ. Կարապետյանը պատասխանել է. «Խաչն եմ առաջ բրթելու: Որ տեսնում ես չարին, պետք է խաչը դեմ տաս: Ես խաչն եմ դեմ տալու: Մենք մոմավառություն ենք կազմակերպելու խաչերով: Ես բնիկ երեւանցի եմ, եւ այս օյինբազությունները, ամեն ինչ մեզանով անելը չեմ ընդունում»: Նաեւ հավելել է, թե պայքարելու է եթեր վերադառնալու համար, դիմելու է դատական ատյաններ, ընդհուպ՝ մինչեւ Եվրադատարան. «Ես չեմ կարող չպայքարել, մարդիկ կասեն՝ ինչո՞ւ չես պայքարում»:
Ի դեպ, Տ. Կարապետյանը երեկ հայտարարել է, որ արդեն դիմել է ռուսաստանաբնակ իր ընկերների օգնությանը, ովքեր խոստացել են իրեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի կարողանա մարզային հեռուստաընկերություններից մեկում բաժնեմաս ունենալ, եւ «հաճույք չպատճառի իրեն եթերից զրկողներին»: Իսկ ինչ վերաբերում է «Ա1+»-ին, որին արդեն 8-րդ անգամ ՀՌԱՀ-ը զրկում է արտոնագրից, ապա Տ. Կարապետյանն, ըստ «tert.am»-ի ասել է. «Իշխանությունը կընկնավորվեր եւ ինֆարկտ կստանար, եթե «Ա1+»-ին եթեր տրվեր»: Նա երեկ անդրադարձել է նաեւ ներքաղաքական խնդիրներին: news.am-ի հարցին, թե արժանավո՞ր թեկնածու էր Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը, եւ արդյոք նա եւս չի՞ խաղա սեփական խաղը` ընտրվելով քաղաքապետ, Տիգրան Կարապետյանը պատասխանել է. «Առաջին հերթին արձանագրենք, որ նա ղարաբաղցի է: Ուրեմն, հավաքական առումով նա համապատասխան կլինի ընդհանուր մոտեցմանը: Նա ղեկավար է եղել «ՀայՌուսգազարդում», կարող է ղեկավարել նաեւ Երեւանը, Ստեփանակերտը, Դարաչիչակը…»: Նա նաեւ իր զարմանքն արտահայտեց, թե ինչո՞ւ Երեւանը չի ղեկավարում երեւանցին` ասելով. «Մեռնենք մենք հայության համար, մեզանից լավ հայրենասեր չլինի: Բայց ինչո՞ւ երեւանցին տեղ չունի իր տան մեջ: Այդ հարցը մեկ-մեկ ծագում է անկախ մեզանից: Եթե գեղեցկությունը, այլակարծությունը, այլագործությունը դուր չի գալիս, ապա ի՞նչն է դուր գալիս իշխանությանը»: Նա նաեւ հավելել է. «Հայաստանը կազարմա չի, որ կանգնենք ու չեստ տանք, ասելով՝ լսում ենք»: