Երեկ վերաբացվել է Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանագծին գտնվող Վերին Լարս անցակետը, որը սովորաբար փակ է լինում ձմռան ամիսներին: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրել է «Սպայկա» ընկերության մարկետինգի բաժնի պետ Լիաննա Թամրազյանը: Ըստ նրա` Վերին Լարս անցակետի բացումը հնարավոր է եղել «Սպայկա» ընկերության ձեռք բերած հատուկ ձնահավաք մեքենայի շնորհիվ:
Վերին Լարս անցակետով «Սպայկան» մտադիր է դեկտեմբերին Ռուսաստան արտահանել կաղամբ: Ռուսաստանում այս տարի կաղամբի եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաների մեծ պահանջ կա` կապված երաշտի հետ, սակայն նույնիսկ նորմալ բերքատվության տարիներին Ռուսաստանը կաղամբ ներմուծում է, հիմնականում` Լեհաստանից: Լ. Թամազյանի տեղեկացմամբ՝ հայկական կաղամբը որակով է, արդեն ճանաչվել է նոր շուկայում եւ հաստատուն դիրքեր գրավել: Ուստի ընկերությունում համոզված են, որ մյուս տարիներին եւս կաղամբ կարտահանվի: Ռուսաստանում կաղամբի մեծածախ գինը 16-20 ռուբլու (188-235 դրամ) միջակայքում է` 1 կգ-ի դիմաց: Նշենք, որ կաղամբի արտահանումները սկսվել են մոտ 1 ամիս առաջ եւ իրականացվում էին լաստանավի միջոցով: