«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը երեկվա ասուլիսում ամփոփել է «Հեռուստամարաթոն 2010»-ի նախնական արդյունքները: Արդեն հրապարակվել են խոշոր նվիրատուների անունները, ովքեր 100.000 դոլարից ավելի նվիրատվություն են կատարել, իսկ մյուս նվիրատուների անունները կհրապարակվեն հունվարի կեսերին:
Հայաստանյան խոշոր գործարարներից հիմնադրամի նվիրատուների ցանկում միայն մի քանի անուն կա: Սամվել Ալեքսանյանը նվիրել է 200.000 դոլար, Միխայիլ Բաղդասարովը, Բարսեղ Բեգլարյանը՝ 100.000-ական դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նվիրել է 500.000 դոլար, իսկ «Վիվա Սել-ՄՏՍ»-ը՝ 470.000 դոլար: Գագիկ Ծառուկյանն այս տարի գումար չի նվիրաբերել, քանի որ, ինչպես տեղեկացրել է Արա Վարդանյանը` նա դեռ շարունակում է Ստեփանակերտի մարզադպրոցի շինարարությունը, որը սկսել է 2 տարի առաջ, եւ որի համար կծախսի առնվազն 2,5-3 մլն դոլար: «Այստեղ խնդիրներ են առաջացել` դպրոցի կառուցման համար անհրաժեշտ հիմնամասերը տրանսպորտի միջոցով Ստեփանակերտ հասցնելու համար»,- ասել է Ա. Վարդանյանը: Հիմնադրամին խոշոր նվիրատվություն կատարած մյուս անձինք հիմնականում արտասահմանցիներ են: Ամենախոշոր նվիրատուներն են ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը («Տաշիր գրուպ») եւ Լեւոն Հայրապետյանը («Սոբեսեդնիկ»), ովքեր առանձին-առանձին նվիրաբերել են 2 մլն դոլար: 1,6 մլն դոլար էլ նվիրաբերել է Արա Աբրահամյանը: Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանը հիմնադրամին նվիրաբերել է 200.000 դոլար: 200.000 դոլար է փոխանցել նաեւ «Յունիբանկի» սեփականատերերից Գագիկ Զաքարյանը: Իսկ ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրները խոստացել են փոխանցել 300.000 դոլար:
Ինչպես հայտնի է, ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քըրքորյանն, արդեն մի քանի տարի է, չի մասնակցում հիմնադրամի հեռուստամարաթոնին: Պատճառը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ասելով` թերեւս այն է, որ Քըրք Քըրքորյանը ստեղծել է սեփական բարեգործական հիմնադրամը` «Լինսը», որի միջոցով է հիմնականում իրականացնում բարեգործությունները։ «Բացի այդ` նրա հետ հանդիպելը բարդ գործընթաց է, պետք է մի քանի ինստանցիա անցնել, եւ մեզ դա չի հաջողվել: Ողջ աշխարհից նրանից գումար են խնդրում, դրա համար արգելափակել են»,- ասել է Ա. Վարդանյանը: Ի դեպ, վերջին տարիներին հիմնադրամի կազմակերպած մարաթոններին չեն մասնակցում ամերիկահայ այնպիսի խոշոր բարերարները, ինչպիսիք են Լուիզ Սիմոն Մանուկյանը եւ Հրայր Հովնանյանը: Որոշ տեղեկություններով` 90-ամյա Լուիզ Սիմոն Մանուկյանը, օրինակ, հրաժարվել է այլեւս մասնակցել հեռուստամարաթոնին, քանի որ առողջական խնդիրներ ունի: Ըստ Ա. Վարդանյանի` այն ամերիկահայերն էլ, որ խոշոր նվիրատվություններ են կատարում, շատ հաճախ խնդրում են իրենց անունը չհրապարակել: Բանն այն է, որ ԱՄՆ-ում բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ կան, միայն Կալիֆոռնիայում դրանց թիվը 1000-ից ավելի է: Ա. Վարդանյանի ասելով` բավական է որեւէ մեկը հրապարակային նվիրատվություն անի, նրա տան դիմաց հաջորդ օրը նվիրատվություն խնդրողների հերթ կգոյանա: Ընդհանուր առմամբ՝ 2010թ. մարաթոնին ամերիկահայերը նվիրաբերել են մոտ 2,85 մլն դոլար, որը 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Սակայն, Ա. Վարդանյանի խոսքով` հիմնադրամի նպատակն է՝ նվիրատվությունների մեծ մասը հավաքագրել Հայաստանի Հանրապետությունից: Այս տարի հայաստանցիները նվիրաբերել են 1,95 մլն դոլար, զգալիորեն մեծացել է նվիրատուների ցանկը: Եթե 2009թ. Հայաստանի Հանրապետությունից մարաթոնին մասնակցել էր 30.000 անհատ եւ կազմակերպություն, ապա 2010-ին՝ արդեն 42 հազար 600:
Հարցին, թե ինչպես են մասնակցում ամեն տարի կազմակերպվող հեռուստամարաթոնին Հայաստանի նախագահները, եւ ինչ նվիրաբերություններ են կատարել 2010-ի հեռուստամարաթոնի ժամանակ, Ա. Վարդանյանը պատասխանել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամեն տարի մասնակցում են մարաթոնին` իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը ամսական 400.000 դրամ է: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի նախաձեռնությամբ էլ 1992թ. ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ապա հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոններին նրա մասնակցության մասին տվյալներ չկան: