Մարգո տոտայի անհավանական արկածներն Արտաշատում

18/12/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի մի քանի հրապարակումներով արդեն անդրադարձել ենք 2008թ. մայիսի 26-ին կատարված մի սպանության, ինչպես նաեւ՝ դրան հաջորդած իրադարձություններին:

Հիշեցնենք, որ նույն քաղաքի բնակիչներ Մարգարիտա Մարտիրոսյանը եւ նրա որդին` Արտակ Մանասերյանը, Ռոզա Մարտիրոսյանին (այսինքն` մորաքրոջը) ստիպել են վաճառել բնակարանը, սակայն երկարատեւ «բանակցություններից» հետո մորաքրոջ համաձայնությունը չստանալով` Արտակը նրան դաժանաբար սպանել է: Ա. Մանասերյանը սպանության հոդվածով դատապարտվել է 8 տարի ազատազրկման: Սակայն ամենահատկանշականն այն է, որ հանցագործության այս դեպքը առիթ է հանդիսացել, որպեսզի հանցագործությունների մի ամբողջ շղթա բացահայտվի: Դեպքի կապակցությամբ նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք, թերեւս, նախաքննական մարմինները կընդունեն իբրեւ ի գիտություն (ներկայացվելիք փաստերը պահպանվում են նաեւ ձայնագրությունների եւ խտասկավառակների տեսքով): Այսպիսով, Ա. Մանասերյանին կալանավորելուց հետո նրա մայրը` Մ. Մարտիրոսյանը, դիմել է իր եղբորորդի Նշան Հարությունյանին` խնդրելով ունեցվածքից որոշ բաներ վաճառելու հարցում իրեն օգնել: «Որդուն բռնելուց հետո միայն ամուսինս է նրան օգնել: Ճիշտ է, նա Արտակին չէր ներում Ռոզային սպանելու համար, բայց բոլոր դեպքերում հորաքրոջը խղճալով՝ ամբողջ այդ ընթացքում օգնել է, որ նա տնտեսությունից որոշ բաներ վաճառի: Նրանք բանկերում պարտքեր ունեին»,- ասում է Ն. Հարությունյանի կինը` Գյուլվարդ Մարգարյանը: Ըստ նրա` Ա. Մանասերյանի մայրն իր ամուսնուն խնդրել է որդուն խիստ պատիժ չսահմանելու համար դատարանում որպես իրավահաջորդ հանդես չգալ: Չնայած դրան, Ն. Հարությունյանը, հորաքրոջն օգնելով հանդերձ, դատարանում հանդես է եկել որպես սպանված Ռ. Մարտիրոսյանի իրավահաջորդ, ինչն էլ զայրացրել է Մ. Մարտիրոսյանին: «Նա սկսեց վրեժխնդիր լինելու համար միջոցներ ձեռնարկել, որպեսզի Նշանի գլխին գործ սարքի: Սկսեց լուրեր տարածել, թե Նշանը ջերմոցս վաճառել ու փողը չի տվել: Ինչ-որ գողականներ էր ուղարկում մեր տուն, ամուսնուս ասում էին` դու Մարգոյին 20.000 դոլար պարտք ես ու պիտի փակվես»,- ասում է Գ. Մարգարյանը, ում ամուսինը դիմել է Արտաշատի ոստիկանություն` ահազանգելով, որ ինչ-ինչ «հեղինակություններ» իրեն անհանգստացնում են: 2009թ. հուլիս ամսին Արարատի մարզի դատախազությունը Մ. Մարտիրոսյանի հայտարարության հիման վրա Ն. Հարությունյանի նկատմամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հոդվածով մեղադրանք է առաջադրել, իսկ ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վերջինիս դատապարտել է 5 տարվա ազատազրկման: «Սեւան» քկհ-ում կալանքը կրող Ն. Հարությունյանը չի դադարում այս գործի հետ կապված մանրամասներ հրապարակելով՝ դիմումներ ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաներին. «Նա իմ գլխին սարքել է, իսկ դատարաններում փողեր է բաժանել, որ մեղադրանքը պաշտպանեն: Ի վերջո, պիտի լինե՞ն մարդիկ, ովքեր կբացահայտեն էդ խարդախ կնոջ կատարած հանցանքները»,- ասում է դատապարտյալ Ն. Հարությունյանը:

Երեկ տեղեկացանք, որ Մ. Մարտիրոսյանի դեմ Արտաշատի ոստիկանությունում արդեն քրգործ է հարուցվել` խարդախության, շորթման եւ վաշխառության հոդվածներով: 2 օր առաջ Արտաշատի ոստիկանություն հարցաքննության է կանչվել Սամվել Ցականյանը, ով, ինչպես նշել էինք, ՀՀ Վերաքննիչ դատարանում միջնորդել էր` «Դատավորին կաշառել էր, որ ամուսնուս գործով բողոքը չբավարարվի, նրան չարդարացնեն, եւ ընդհանուր իրավասության դատարանի վճիռն անփոփոխ մնա: Մարգոն ասել էր` առաջին ատյանի դատավոր Թաթուլ Պողոսյանն իմ համար շատ բան ա արել: Եթե Վերաքննիչը Նշանին արդարացնի` Պողոսյանին գործից կհանեն: Նա ասել էր՝ Պողոսյանն իրեն կանչել, ասել ա` մի բան պիտի անես, թե չէ ինձ գործից կհանեն»,- ասում է Ն. Հարությունյանի կինը: Երեկ մենք Արտաշատում մի քանի այլ վկաների հետ զրուցեցինք, ովքեր մանրամասն պատմեցին Մ. Մարտիրոսյանի կատարած քրեորեն հետապնդելի արարքների մասին: Հիշեցնենք, որ Մ. Մարտիրոսյանի կողմից Ն. Հարությունյանի նկատմամբ կատարած կեղծիքների մասին վկայություն էր տվել նաեւ վերջինիս հարսը՝ Հռիփսիմե Կարապետյանը. «Նշանն անմեղ է, նա ոչ մի լումա չի յուրացրել: Նա շանտաժի է ենթարկել Նշանին, իսկ իրավապահ մարմինները նպաստել են, որ անմեղ մարդ դատվի: Ես լսել եմ, թե նա ինչպես է իր բարեկամ Սուրենին կանչել եւ սովորեցնում էր, որ քննիչին, դատարանում էլ ասի, որ Նշանին 1 միլիոն է տվել: Իրենք վախենում էին, որ ես ճշմարտությունը կասեմ, ու ամուսինս զանգում, ասում էր` մաման ոնց ասի` տենց էլ ցուցմունք կտաս»: Երեկ մենք տեղեկացանք, որ Հ. Կարապետյանը ողջ ճշմարտությունը պատմել է նաեւ Ոստիկանությունում: Արտաշատում մենք եւս երկու տուժողների հանդիպեցինք, ովքեր Մ. Մարտիրոսյանի կողմից խարդախություն, շորթում կատարելու ահազանգով դիմել են Արտաշատի ոստիկանություն: Նույն քաղաքի բնակիչներ Վարազդատ Հակոբյանը եւ Արթուր Ջանյանը Մ. Մարտիրոսյանի հետ «գործ բռնելու» արդյունքում անգամ ստիպված են եղել բնակարան ու մեքենա գրավ դնել: Վ. Հակոբյանի պատմելով` 2009թ. հոկտեմբերին իրենց տուն է եկել Մ. Մարտիրոսյանը. «Ասեց` լսել եմ անասուններ ես առել: Ասեցի` հա, գնա գոմ նայի, շատ էժան, ջրի գնով եմ առել: Ասեց` արի ես քեզ ցածր տոկոսով պարտքով փող տամ` դու անասունի գործ արա: Ես հրաժարվեցի` ասելով, որ 30 գլուխ անասուն, 20հա հող ունեմ, ինչի՞ս ա պետք: Ասեց` նայի, եթե մտքափոխվես, ինձ խաբար արա, իմացի, որ մի հատ Մարգո տոտա ունես»,- պատմում է Վ. Հակոբյանը, ով հետագայում խորհրդակցելով իր ընկեր Արթուր Ջանյանի հետ՝ Մ. Մարտիրոսյանի առաջարկին հավանություն է տվել: 2 ընկերները որոշել են նրանից տոկոսով գումար վերցնել եւ անասունների առուվաճառք կազմակերպել: Գալով համաձայնության` դիմել են Մ. Մարտիրոսյանին: «Մենք Մարգոյից վերցրինք մեկ ամսով 12.000 դոլար, 8%-ով: Հոկտեմբերի 27-ին գնացինք նոտարական գրասենյակ եւ բնակարանիս փաստաթղթերը լիազորելով՝ գրեցինք, որ նրանից վերցրել ենք 13.000 դոլար (տոկոսներով հանդերձ), օրինական ստորագրեցինք թղթերը»,- պատմում է Ա. Ջանյանը: Այնուհետեւ, քանի որ անասունների գնման գործողությունները ձախողվել են, երրորդ օրը Ա. Ջանյանն ու Վ. Հակոբյանը զանգահարել են Մ. Մարտիրոսյանին եւ տեղեկացրել, որ գումարը հետ են վերադարձնում: «Ասեց` գիշերը դուռ չեմ բացում, թող մնա վաղը: Չորրորդ օրը 10.000 դոլարը տոկոսներով հանդերձ հետ ենք վերադարձրել: 2000 դոլարն էլ ծախսել էինք: Նա ասեց` ես ձեզ մի ամսվա համար եմ պայման կապել, սենց չի լինի: Օրեր անց էնպես ստացվեց, որ կենդանիների շուկայում էժան գներով գնելու շանս եղավ: Զանգեցի Մարգոյին, ասեցի` սենց-սենց, ինձ 5000 դոլար կտաս, մեկ ա մենք նոտարով 13.000 պիտի քեզ տանք: Ասեց` ինչի՞ չէ, փողը մոտս ա, արի տար, ես իմ տոկոսի տերն եմ»,- պատմում է Վ. Հակոբյանը` վստահեցնելով, որ գումարը վերադարձնելու գործողությունները կատարվել են Մ. Մարտիրոսյանի հարսի ներկայությամբ: Ինչեւէ, նրանք պարտքով վերցրած գումարներից Մ. Մարտիրոսյանին ընդհանուր առմամբ պարտք են մնացել 7000 դոլար, որն ըստ նոտարական վավերացման փաստաթղթերի` պարտավորվել են վերադարձնել հունիսի 20-ին: Դեկտեմբերին, մի օր գիշերը Մ. Մարտիրոսյանը լաց լինելով եկել է Վ. Հակոբյանի տուն. «Լացելով, իրան կտրտելով, գլխին խփելով, թե` ինձ փրկեք, ինձ օգնեք` Նշանենց ընտանիքը 5000 դոլարով դատարանին կաշառել ա, որ Նշանը դատը շահի: Ես պիտի մի բան անեմ, որ Մասիսի առաջին ատյանի դատավոր Թ. Պողոսյանի վրա հանկարծ չէպէ չլինի, որովհետեւ ես իրան մեծ գումար եմ տվել, եթե արդարացնեն` իրա համար լավ չի լինի: Ասեցի` ինչքա՞ն ես տվել, մի 2000 դոլա՞ր, ասեց` չէ, մի 5000-ի կարգի, դեռ ավելին: Ես ասեցի` Մարգո տոտա, ես էդ հարցերում չկամ»,- պատմում է Վ. Հակոբյանը: Սակայն Ա. Ջանյանը նրան խոստացել է օգնել: Ջանյանը պատմում է, որ փոքր Վեդիում բնակվող իր աներձագի հարեւանի որդին «վերեւների» հետ կապված գործերում միջամտում է. «Մի օր նրա հայրն ինձ ասել էր` տղես վերեւների հետ կապեր ունի: Աստված չանի, գործ-մործ լինի` կարաս իրան դիմես: Ես էլ Մարգոյի մասին շատ բան չգիտեի, կարծում էի՝ արդար կին ա: Զանգեցի, ու իրա հետ գնացինք Վեդի»: «Վերեւների» հետ գործ անող Սամվել Ցականյանին ներկայացրել են իրավիճակը` ասելով, որ իրենց անհրաժեշտ է ՀՀ Վերաքննիչ դատարանի վճիռն անփոփոխ թողնել, հակառակ դեպքում՝ Ն. Հարությունյանին արդարացնելու, իսկ Մասիսի դատավորին պատժելու են: Ի դեպ, Վ. Հակոբյանի եւ Ա. Ջանյանի տվյալներով` Ս. Ցականյանը ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակից է: «Ասում են` կինն էլ ՀՀ նախագահականում է աշխատում: Սամվելը մեզ մշտապես ժամադրել է Պրոսպեկտի Օվիրի (Անձնագրային եւ վիզաների վարչություն) շենքի դիմաց: Մի խոսքով` նստեցինք իրա ջիփը: Սամվելն անմիջապես զանգեց ինչ-որ տեղեր ու ճշտեց, ասեց, որ դատին էլ մի օր ա մնում, բայց գործը կանենք»,- ասում է Ջանյանը` վստահեցնելով, որ Սամվելը համաձայնել է Վերաքննիչի վճիռն անփոփոխ թողնելու գործն անել 5500 դոլարով: Քանի որ Մ. Մարտիրոսյանն ասել է, որ կանխիկ գումար չունի` Սամվելն առաջարկել է սեփական գումարներով այդ գործն անել՝ օրեր հետո վերադարձնելու պայմանով: Հաջորդ օրը Սամվելը գնացել է Արտաշատ եւ Ա. Ջանյանին է փնտրել, սակայն նրան չգտնելով` դիմել է Վ. Հակոբյանին ու տեղեկացրել է` «Ընկերոջդ գտնեմ, գցելու եմ բագաժնիկս, տանեմ առյուծի դեմ գցեմ: Ասեց` իրանք եկել են, իրանց մոտից զանգել, խոսացել եմ, նալադիտ եմ արել ու ասել եմ` նայեք, վաղը ես գամ ու էդ 5500 դոլարը տանեմ: Խաբել են չեն եկել, փողն էլ չեն բերել»,- պատմում է Վ. Հակոբյանը` վստահեցնելով, որ դատավոր կաշառելու գործին ինքն ընդհանրապես տեղյակ չի եղել, որովհետեւ Ս. Ցականյանի միջամտությանը դիմել է Ա. Ջանյանը: Ցականյանը Մ. Մարտիրոսյանի տանը Վ. Հակոբյանի ներկայությամբ ասել է` «Մարգո, դու չեկա՞ր, խոսացինք, որ 5500 դոլարով նենց պիտի անենք, որ դու շահես, իսկ Նշանը դատվի»: «Ես ի՞նչ իմանամ, որ դա աֆերիստ, շանտաժիստ ա: Դա «Խաչագողի» միջի քեռուց՝ քավոր Պետրոսից վերան աֆերիստ կնիկ ա»,- ասում է Վ. Հակոբյանը, ում Ս. Ցականյանը ստիպել է վերադարձնել Մ. Մարտիրոսյանի գումարը: Մի խոսքով` Ս. Ցականյանն ասել է, որ իրեն Մ. Մարտիրոսյանն ու Ա. Ջանյանը խաբել, «քցել» են, իր սեփական գումարով դատարանում խոսել է` «Ասեց՝ նենց եմ արել, որ դատն արդեն շահած ա, 2 օրից Մարգոն վճիռը կստանա: Ժամկետ դրեց վրես, որ փողը փակվեմ»: Վ. Հակոբյանը մեքենան գրավ դնելով, անասունների ողջ գլխաքանակը մորթելով՝ այնուամենայնիվ գումարը տվել է Ս. Ցականյանին: Արդյունքում՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը Ն. Հարությունյանի վճիռը թողել է անփոփոխ: Բացի այն, որ Մ. Մարտիրոսյանի ողջ գումարը ետ է վերադարձրել` Վ. Հակոբյանն ասում է. «Մարգոն 9000 դոլար ինձնից խարդախությամբ շորթել է: Նա բռնաբարության գործով մարդ ա դատել, մանկապարտեզի տնտեսվարին դատել ա, Արտաշատի գերեզմանատները պղծել ա, ժողովրդին 3 օր տվեց, թե՝ մեռելներին տեղափոխեք, որ գոմ սարքեմ: Բուլդոզերով գերեզմանները քանդեց, իրա համար գոմ սարքեց: Դա պառավ մանիակ ա»,- ասում է Վ. Հակոբյանը` հայտարարելով, որ Մ. Մարտիրոսյանը պետք է պատժվի, քանի որ նա հասարակության համար վտանգավոր մարդ է:

«Էդ պառավը ընտանիքներ ա քանդում»

Ա. Ջանյանն ասում է, որ որոշ ժամանակ անց Մ. Մարտիրոսյանը դիմել է իրեն՝ ասելով` «Դու պիտի կանգնես շառ անես Վարազդատի վրա, որ դուք ինձնից ոչ թե 13.000 դոլար եք վերցրել, այլ մարդ ա`13.000 դոլար: Եթե չանես` բնակարանդ կկորցնես: Պիտի Վարազդատի վրա շառ անենք, Վարազդատից 13.000 դոլար վերցնենք, որ քո տունը զալոգից հանեմ: Ես քեզ ոնց ասեմ` նենց էլ կասես, իսկ եթե չէ, ուրեմն` տունդ կկորցնես: Եթե իմ ասածով անես` տունդ զալոգից կհանեմ, 5000 դոլար էլ քեզ փող կտամ: Դու կասես` քեզ 13.000 դոլար տվել եմ, փակել ես, իսկ Վարազդատն իրա 13.000-ը չի տվել»,- պատմում է Ա. Ջանյանը, ով հասկանալով, որ Մ. Մարտիրոսյանը շատ հեռուն է գնացել՝ նախաձեռնել է ամբողջ այդ խոսակցության տեսաձայնագրությունը: Խտասկավառակների մեջ Մ. Մարտիրոսյանը Ա. Ջանյանին մեկ-մեկ «սովորեցնում» է, թե ինչպես պետք է Վ. Հակոբյանի «գլխին սարքեն»: Չնայած դրան` նշենք, որ Ա. Ջանյանը սկզբում փորձել է «համագործակցել» Մ. Մարտիրոսյանի հետ, սակայն 5000 դոլարը չստանալով եւ հասկանալով, որ նա իրեն նույնպես կարող է փաստի առջեւ կանգնեցնել` նախաձեռնել է ձայնագրությունը: Վ. Հակոբյանը բոլոր փաստաթղթերն ունի Մ. Մարտիրոսյանին վճարած գումարների վերաբերյալ: Ի դեպ, Վ. Հակոբյանի խոսքով` Մ. Մարտիրոսյանը նույնիսկ դիմել է տեղի «գողականներին», ովքեր պարբերաբար անհանգստացրել ու սպառնացել են Վ. Հակոբյանին:

Մենք զրուցել ենք նաեւ Արտաշատի բնակիչ Սամվել Պետրոսյանի հետ, ում Մ. Մարտիրոսյանը կլորիկ գումար առաջարկելով՝ դրդել է գողության։ «Նա ինձ մի օր կանչեց, ասեց` եթե դու մտնես Վարազդատի տնից դիսկերն ու ստացականը գողանաս, ես քեզ 1000 դոլար կտամ: Ես նրան հայհոյեցի ու դուրս եկա»,- պատմում է նա, ով Մ. Մարտիրոսյանի առաջարկի մասին իրազեկել է Վ. Հակոբյանին: Վ. Հակոբյանը երկար մտածելով՝ նրան ասել է` «Ես մտածեցի, եթե նա չանի, մեկ ուրիշ հանցագործի միջոցով էդ շառոտ պառավը կանի: Հիվանդ երեխա ունեմ, դուռս միշտ բաց ա, կգան ընտանիքիս վնաս կտան էդ դիսկերի ու թղթերի համար: Դրանք կոպիա արեցի ու տվեցի Սամվելին, ասեցի՝ տար, ասա գողացել ես»: Ս. Պետրոսյանը գողության իմիտացիա ստեղծելով՝ Մ. Մարտիրոսյանին հանձնել է գողոնը, իսկ վերջինս էլ կարծել է, թե Սամվելը գողացել է դրանց բնօրինակը. «Երբ տվեցի` նա դիսկերը վերցրել` պաչում էր, կարծում էր՝ իր կատարած հանցանքի ապացույցները վերացրեց: Ինձ էլ գողությունը կատարելու համար 200 դոլար տվեց: Դա եղել ա նրա հարսի ներկայությամբ»: Խտասկավառակներն այժմ Ոստիկանությունում են, գործերին կցված են: Այդուհանդերձ, Վ. Հակոբյանն ու Ա. Ջանյանը դիմում են իրավապահ մարմիններին` ասելով. «Էդ պառավը հանցագործ մանիակ ա: Էդքան երիտասարդ ընտանիքներ ա քանդել հանուն փողի: Նա ոնց որ Նշանի գլխին սարքեց, նույն կերպ էլ մեզ էր ուզում դատել: Առաքելյան Ալիկի տունը ձեռքներից առել ա, կինը բաժանվել, ընտանիքը քանդվել ա: Նա էլ ա դիմել Ոստիկանություն: Մեռնեմ օրենքին` շուտով նրան կկալանավորեն, որովհետեւ էնքան մարդու տուն ա քանդել խարդախությամբ: Դա քայլող շառ ա: Նա հարսին ճիշտ վկայություն տալու համար դատի ա տվել: Էդ աղջիկն իրանց զոհն ա, որովհետեւ շատ լավ, ազնիվ աղջիկ ա: Մենք բոլորս էլ դատարանում վկայություն կտանք, որ հարսը միայն ճշմարտությունն ա ասել ու նրա ստիպած կեղծ ցուցմունքները չի տվել»:

Մենք նաեւ փորձեցինք կապվել Ս. Ցականյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր: Զանգահարեցինք նաեւ Մ. Մարտիրոսյանին, տեղեկացրեցինք, որ հրապարակում ենք պատրաստում այն մասին, որ իրեն մեղադրում են խոշոր չափի գումարների հափշտակության, խարդախության մեջ: Նա ասաց, որ հեռախոսահամարը կփոխանցի իր փաստաբանին, եւ նա կպատասխանի մեր հարցերին: Փաստաբանը չզանգահարեց: Այս պատմության մեջ, սակայն, ամենաուշագրավն այն է, որ այս հանցագործությունների շղթան, համատարած անպատժելիության մթնոլորտը ստեղծվել է առաջին հերթին ՀՀ արդարադատության համակարգի կոռումպացվածության հետեւանքով: Իսկ նման դեպքերը մեզանում շատ-շատ են: