Պատվիրակությունը կղեկավարի Գոհար Գասպարյանը

18/12/2010

2011թ. Գերմանիայում կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավարի գործառույթները կստանձնի Գոհար Գասպարյանը: Այն, որ Գոհարը 4 տարի տարբեր երկրներում կայացած «Եվրատեսիլի» երգի մրցույթներին շատ լավ կատարում էր մամլո ղեկավարի իր աշխատանքը, շատերս ենք համոզվել: Սակայն, թե ինչպես նա փոխարինեց նախկին «Եվրատեսիլ» երգի մրցույթում պատվիրակության ղեկավար Դիաննա Մնացականյանին, ով նաեւ նրա վաղեմի կոլեգան է, փոքր-ինչ անհասկանալի է: Այդ հարցի շուրջ խոսեցինք անձամբ Գոհարի հետ: Ըստ նրա` ինքը չգիտի, թե ինչու է Դիաննան հեռացվել այս պաշտոնից: Նաեւ ավելացրեց, որ իրենք կոլեգաներ են, եւ չի կարող մեկնաբանել այս հարցը: Միայն նշեց, որ իր զբաղվածությունն այնքան է շատացել, որ երբեմն մոռանում է նույնիսկ մազերը սանրել: Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Էմմին: Այս կապակցությամբ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է երգի մրցույթ: Ըստ Եվրոպական հեռարձակողների միության` «Եվրատեսիլին» ներկայացվելիք երգը (երաժշտությունն ու խոսքերը), պետք է հնչած չլինի մինչեւ 2011թ. հունվարի 1-ը: Այն պետք է զերծ լինի քաղաքական եւ կոմերցիոն ենթատեքստից եւ հաղորդի միայն դրական էմոցիաներ: Որպես հեղինակային իրավունքի օբյեկտ՝ երգը պետք է չտարածվի որեւէ կրիչով, համացանցում, հեռուստատեսային եւ ռադիո եթերում, վաճառքի կամ հեղինակային իրավունքի փոխանցման այլ եղանակով: Երգի տեւողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: