Կինոյի կենտրոնը

18/12/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը 2010թ. մի շարք նոր նախագծեր էր իրականացրել, որոնք ոչ այնքան կինոարտադրության, որքան կինոֆիլմերի տարածման ու ներկայացման հետ էին կապված:

Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը ամփոփելով անցնող տարվա ձեռքբերումները, նշեց, որ ազգային կինոյի «Կինոաշուն» միամսյակը, որն անցկացվեց Երեւանում ու ՀՀ մարզերում, մեծ թվով հանդիսատես ունեցավ ու Կինոկենտրոնին դրդեց կինոթատրոնների ցանցի վերականգնմանը միտված քայլեր ձեռնարկել: «Մենք ուզում ենք հանդիպել մարզպետների հետ ու քննարկել կինոդահլիճների ստեղծման խնդիրը: Մենք համոզվեցինք, որ մարզերում կինոյի հանդեպ մեծ հետաքրքրություն կա»,- ասաց նա: Ակնհայտ է, որ մարզային կինոցանցի վերականգնումը լուրջ խնդիրների հետ է կապված: Եվ դրա վկայությունը կինոթատրոնների վերապրոֆիլացումն է: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կինոթատրոնները մասնավորեցվել են, իսկ մեծ մասը հանձնվել է եկեղեցուն: Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ պետությունն Արարատ քաղաքի կինոթատրոնի շենքը նվիրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` այդտեղ եկեղեցի կառուցելու ակնկալիքով: Նույնը արվել է նաեւ Իջեւանում, Սեւանում: Եվ դրանք միակ դեպքերը չեն, երբ կինեմատոգրաֆն ու քրիստոնեությունը զարմանալի օրինաչափությամբ` իրար են բախվում: «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի օրինակը այդ մոտեցման վառ ապացույցն է: Կինոթատրոնը, որպես հանրային շահերին ծառայող վայր, պետական մարմինները չեն կարեւորում, մինչդեռ ցանկացած լայնէկրան կինոդիտում մարզերում իսկական տոնի է վերածվում: Կինոկենտրոնը որպես ՀՀ Մշակույթի նախարարության ենթակառուցվածքում գործող օղակ` իր առաջնային գործն է համարում կինոցանցի վերականգնումը, ինչը ենթադրում է, որ արդեն իսկ գոյություն ունեցող ու ակուստիկ բարձր հնարավորություններով կառուցված կինոսրահները կրկին պետական հովանու տակ առնելու քայլեր է ձեռնարկելու:

Իսկ որպես կինոարտադրող (համաարտադրող) միավոր` Կինոկենտրոնը կշարունակի պետական ֆինանսավորումը բաշխել առավել հաջողված կինոնախագծերին: Գ. Գեւորգյանը նշեց նաեւ, որ հիմնադրամային կառուցվածք ունեցող Կինոկենտրոնը կթարմացնի իր հանձնաժողովի կազմը: Եվ հաջորդ տարի պետական ֆինանսավորումն ակնկալող հայտերի քննարկումը կվստահվի նոր կոմիսիային, որի կազմում են Ռազմիկ Դավոյանը, Կարինե Խոդիկյանը, Հովիկ Հախվերդյանը, Դավիթ Մուրադյանը, Յուրա Հարությունյանը: Կինոփորձագետների նոր կազմում ընդգրկված չի լինի Գ. Գեւորգյանը, ով երկար տարիներ նախագահել է այդ հանձնաժողովը: Ըստ Կինոկենտրոնի տնօրենի` դա կօգնի առավել թափանցիկ ու անաչառ դարձնել հանձնաժողովի աշխատանքը, որը բազմիցս քննադատվել է հանրության կողմից: Նորաստեղծ հանձնաժողովը պետք է իր նիստը գումարի դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետեւ` հավանության արժանացած նախագծերի ցանկը հաստատի մինչեւ մայիսի 30-ը: Գ. Գեւորգյանը նշում է, որ հանձնաժողովի աշխատանքը բարդ է, քանի որ հայտերի մեծ մասը խոտան է: «Իրեն գրաճանաչ համարող յուրաքանչյուր մարդ իր պարտքն է համարում իր գրած տետրերը թեւի տակ դնել ու գալ` մեզանից ֆինանսավորում պահանջել: Հետո էլ բողոքի նամակներ են գրում ՀՀ կառավարություն, նախագահին: Պատկերացրեք` որքան դժվար է ամեն մեկի գրածին փորձաքննական եզրակացություն տալ: Ամփոփ փաթեթի տեսք ունեցող շատ քիչ հայտեր են ներկայացվում»,- ասաց նա: Հաջորդ տարի 295 մլն դրամը որպես աջակցություն կտրվի ինչպես արդեն արտադրության փուլ մտած ֆիլմերին, այնպես էլ` նոր նախագծերին: Գ. Գեւորգյանը, որպես ամենաուշագրավ ու թանկ նախագիծ՝ ներկայացրեց Հարություն Խաչատրյանի «Անվերջ վերադարձ» վավերագրական ֆիլմն ու «Անահիտ» անիմացիոն լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանում է Ռոբերտ Սահակյանցի անունը կրող ստուդիան: Ըստ ֆիլմերի աշխատանքային ժամանակացույցի` հաջորդ տարի հայաստանցի հանդիսատեսը բավական մեծ թվով պրեմիերաներ պետք է դիտի:

Կինոկենտրոնը նախատեսում է նաեւ գրքեր ու սեփական թերթ հրատարակել, հատուկ ծրագրերով կնշվեն Առնո Բաբաջանյանի 90-ամյակն ու Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձը: Կինոկենտրոնը հայտարարել է նաեւ, որ տարեվերջին Ազգային կինոյի մրցանակաբաշխություն է անցկացվելու: Այս վերջին ցանկությունը տարակուսանք է առաջացնում, ազգային կինոն հիմա ոչ թե մրցանակաբաշխության, այլ` դպրոցի ստեղծման կարիք ունի: Մանավանդ, որ հայտեր կազմելու գործընթացից եւ սցենար գրելուց սկսած, մոնտաժային աշխատանքով վերջացրած` հայկական կինոն լի է խոտանով: