Վերատպություն, որը թանգարանային արժեք ունի

18/12/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երվանդ Քոչարի տուն-թանգարանը դեկտեմբերի 15-ին թանգարանի այցելուներին ներկայացրեց գեղանկարիչ-արձանագործ Ե. Քոչարի որոշ ստեղծագործությունների բարձրորակ վերատպությունների շարքը, որն արվել է «fine art print» տեխնոլոգիայի համաձայն ու արվեստասերներին հնարավորություն է տալիս առավել թարմացված գույներով ու խորությամբ տեսնել վարպետի գծագրական գործերը: «Մուշարտ» ստուդիան բարձրարվեստ տպագրական նմուշների է վերածել 1939 թվականին Ե. Քոչարի կատարած «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների մի մասը, վաղ շրջանի մի քանի կտավներն ու «Տիգրան Մեծ» գծագրական աշխատանքը: Վարպետի կտավների օրիգինալները` համակարգչային մշակման փուլ անցնելուց հետո` առավել ցայտուն տեսք են ստացել, քանի որ ընդգծվել են պերսոնաժների ու ֆոնի նրբերանգները, եւ առաջին հայացքից աննշան թվացող անցումները շոշափելի են դարձել: Արտատպումները հնարավորություն են տալիս ձեռք տալ աշխատանքին ու զգալ կտավի ֆակտուրան (վրձնահարվածի կամ էլ մատիտի հետքը): Այդ «շոշափելի» ընկալումը հատկապես կարեւոր է «Սասունցի Դավթի» նկարազարդումների պարագայում, քանի որ Ե. Քոչարն ինքն է ցանկացել ժայռապատկերներ հիշեցնող շարք ստեղծել: Ե.Քոչարը փորձել է Սասունցի Դավթի սխրանքներին Հայկական լեռնաշխարհում պահպանված հնագույն հարթաքանդակների իսկություն հաղորդել եւ այդ էֆեկտին հասնելու համար էլ հատուկ ընդգծել է քարակերտ ֆոնն ու քարի ամեն մի դետալը: Բարձրարվեստ արտատպումները, ժայռաբեկորի կարծր ֆակտուրան հերոսների պորտրետներին քանդակների ծավալ են հաղորդում: Գծանկարներն իրոք քանդակների պատրանք են ստեղծում: Թերեւս, եթե Ե.Քոչարը բարձր տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում ապրեր, ապա անպայման ինքը կդիմեր համակարգչային սարքերին` արվեստի արտահայտչամիջոցներն առավել «սրելու» համար: Ե.Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը նկատում է, որ այս քայլով իրենք փորձ են անում ամբողջացնել նկարչի ժառանգությունը, որն, ինչպես հայտնի է` տարբեր երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում ավելի լայն է ներկայացված, քան տուն-թանգարանում: «Սասունցի Դավթի» գծանկարների բնօրինակներն, օրինակ, պահվում են Ազգային պատկերասրահում: Իսկ այժմ «fine art print» ռեպրոդուկցիաների շնորհիվ դրանք կարող են ցուցադրվել ցանկացած վայրում: Ինչն էլ` ըստ Լ.Մարտիրոսյան-Քոչարի, կօգնի մասսայականացնել մոդեռնիստ վարպետի արվեստը: Մոտ ժամանակներում նախատեսվում է «fine art print»-ի օգնությամբ հավաքագրել Ե. Քոչարի փարիզյան շրջանի աշխատանքները: Դա անելը շատ կարեւոր է, քանի որ վարպետի ժառանգությունը ցրված է աշխարհով մեկ, իսկ որոշ ստեղծագործությունների գտնվելու վայրն ու սեփականատերերի անունները նույնիսկ անհայտ են: Եվ վերատպությունները կարող են դրանց մասին տեղեկությունները պահպանել ու փոխանցել հաջորդ սերունդներին:

Ե. Քոչարի տուն-թանգարանն ակնկալում է, որ այս նախաձեռնությունը կոմերցիոն բնույթ կունենա, եւ վարպետի գործերի արտատպությունների վաճառքը կօգնի ֆինանսական ինքնուրույնություն ձեռք բերել ու սեփական միջոցներով շարունակել Ե. Քոչարի արխիվի համալրումը:

Ուշագրավ է, որ նման նորարար քայլը հենց Երվանդ Քոչարի անվան հետ է կապվում, չէ՞ որ նա միշտ էքսպերիմենտատոր է եղել, բծախնդրորեն նորը որոնող արվեստագետ, որի անունը մի շարք շրջադարձային հայտնագործությունների հետ է կապվում, օրինակ` մեղրամոմով նկարելու տեխնիկայի կամ էլ` տարածական գեղանկարչության հետ, ինչը ժամանակակից համակարգչային լեզվով ասած` «3D» եռաչափ ֆիգուրներ ստեղծելու առաջին փորձերից է:

«Մուշարտ» ընկերության հիմնադիր Մուշեղ Հովհաննիսյանը հույս ունի, որ բարձրարվեստ արտատպությունները մեծ տեղ կգրավեն մեր կյանքում, ու չնայած դրանք բավական բարձր գին ունեն (արտատպությունը մշակելն ու պատրաստելը թանկ ու ժամանակատար է, ինչի պատճառով նկարի միջին գինը հասնում է 850 դոլարի), իսկական կոլեկցիոներները ցանկություն կունենան ձեռք բերել դրանք: Մ. Հովհաննիսյանը նկատում է, որ վերատպությունները սահմանափակ քանակի են ու բարձր, թանգարանային որակ ունեն` 200-տարվա պահպանման ժամկետի երաշխավորմամբ: Բացի այդ, այդ տպագրությունները ջրակայուն են: Ե. Քոչարի գործերից բացի, ստուդիան նաեւ Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Սերգեյ Փարաջանովի աշխատանքների բարձրարվեստ արտատպություններ է պատրաստել: Իսկ Ռուսական արվեստի թանգարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրուբելի «Դեւը եւ Թամարայի հոգով հրեշտակը» կորսված կտավը իր իսկական չափերով վերականգնելու համար:

Բարձրարվեստ վերատպությունները կարող են դիտարկվել նաեւ որպես վիրտուալ, համացանցային թանգարանի ստեղծման առաջին քայլ: Այժմ ինտերնետում Երվանդ Քոչարի գործերը բավական վատ, թերի են ներկայացված, ու շատ հաճախ` նրան են վերագրվում նրա ոճով արված բազմաթիվ կեղծ աշխատանքներ: