Բուժիչ նամակներ

18/12/2010

Գիտնականները պարզել են, որ…

Խնձոր կերեք

Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի կանոնավոր օգտագործումը ոչ միայն երկարացնում է մարդու կյանքը, այլեւ երիտասարդացնում է օրգանիզմը: Սննդի հետազոտության ինստիտուտի մասնագետները խնձորի մեջ պարունակվող բարդ էլեմենտ են հայտնաբերել, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում է դիմադրողականության համակարգի պաշտպանվածության մակարդակը: Այդ էլեմենտը, որը կոչվում է` էպիկատեխին պոլիֆենոլ, սրտանոթային համակարգի վրա յուրահատուկ դրական ազդեցություն է գործում, միաժամանակ` նպաստելով արյունատար անոթների էլաստիկությանը: Ավելին, կամավոր մարդկանց նկատմամբ կատարված փորձարկումների արդյունքներով (նրանք մեծ քանակությամբ խնձորի բնական հյութ էին օգտագործում) նրանց սիրտ-անոթային համակարգը եւ ընդհանուր օրգանիզմը երիտասարդացել էր նվազագույնը 17 տարով: Բրիտանացի մասնագետները նշում են, որ չափազանց օգտակար այդ էլեմենտը ամենաշատը պարունակվում է վայրի խնձորի տեսակների մեջ:

Օրական` 40 գրամ շոկոլադ

Գերմանացի եւ շվեյցարացի գիտնականները պարզել են, որ սթրեսներից փրկվելու համար մարդուն օրական ընդամենը 40 գրամ շոկոլադ է անհրաժեշտ: 2 շաբաթ անընդմեջ շոկոլադ ուտելու դեպքում մարդու սթրեսային հորմոնները կնվազեն. սեւ շոկոլադի մեջ պարունակվող մեծ քանակությամբ բիոակտիվ բաղադրիչները բնական ճանապարհով օրգանիզմի խանգարումները կվերացնեն: «Հետազոտությունների համաձայն` 2 շաբաթ անընդմեջ, օրական 40 գրամ սեւ շոկոլադ ուտելով` առողջ մարդու օրգանիզմի նյութափոխանակությունը կկարգավորվի»,- ասել է խմբի ղեկավար Սունիլ Կոշարը: Իհարկե, նրանք նաեւ նշում են, որ չի կարելի չարաշահել շոկոլադի քանակությունը` ավելորդ քաշից խուսափելու համար: Մինչ այդ, շոկոլադն իր մեջ պարունակվող ֆլավանոլի շնորհիվ ճանաչվել էր որպես ուղեղի աշխատանքի, մտավոր գործունեության հրաշալի խթանիչ միջոց:

Զգուշացեք

Եվրոպական սննդի անվտանգության գործակալության հաղորդմամբ` մեծ տարածում գտած սննդային ներկերը, որոնք օգտագործվում են նրբերշիկի, համբուրգերների արտադրության եւ պատրաստման մեջ, կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացման: Եվրոպական այս գործակալության` Իտալիայի Պարմա քաղաքում տեղակայված գրասենյակը հայտարարել է, որ այդ ներկանյութի անունն է` Red 2G, իսկ սննդամթերքի տուփերի վրա այն նշված է E 128: Կենդանիների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ Red 2G-ի` օրգանիզմ ներթափանցելուց հետո անիլին է առաջանում: Դա հենց այն նյութն է, որը կենդանիների եւ մարդկանց մոտ կարող է քաղցկեղ առաջացնել, ինչպես նաեւ՝ օրգանիզմի հյուսվածքներում գենետիկական փոփոխությունների պատճառ դառնալ:

Եվրոպական սննդի անվտանգության գործակալության խորհուրդը, սակայն, դեռեւս Red 2G նյութի օգտագործման դեմ արգելանքի հայտարարությամբ հանդես չի եկել: Չնայած դրան՝ չեղյալ է համարել Red 2G-ի թույլատրելիության չափաբաժինը: Գործակալությունը Եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել իր եզրակացությունը, որն էլ կորոշի Red 2G-ի դեմ արգելանք դնելու հարցը:

Ձուկ կերեք

Հղիության ընթացքում սննդակարգի մեջ Օմեգա-3 ճարպային թթուներ պարունակող ձկնեղեն ընդգրկեք, եւ կծնվեն խելացի, շփվող եւ անմիջական երեխաներ: Ըստ գիտնականների` Օմեգա-3-ը որոշիչ դերակատարում ունի երեխայի ապագա ունակությունների գործում: Իսկ դրա պակասը խիստ բացասական է անդրադառնում հասարակության մեջ նրանց համակեցության վարքագծի վրա: Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ջոզեֆ Հիբբելնի` Օմեգա-3 հատկապես պարունակվում է յուղոտ` սաղմոն տեսակի ձկների մեջ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հղիության ընթացքում Օմեգա-3 թթուներ քիչ օգտագործած կանանց մտավոր ունակության IQ վերբալ գործակիցը 6 անգամ ցածր է միջինից: Այս նորությունը ցնցել էր շատերին, քանի որ մինչ օրս հղիներին խորհուրդ էր տրվում սահմանափակել յուղոտ ձկնատեսակների եւ ծովամթերքների քանակությունը: Հիբբելնի այս աշխատությունը տպագրվել է աշխարհի առաջատար պարբերականներում: Նա իր գործընկեր Ջին Հոլդինգի հետ հետազոտության մեջ օգտագործել է 14.000 ապագա մայրերի եւ նրանց սերունդների տվյալները: Պարզվել է, որ Օմեգա-3-ի քիչ քանակությունը բարձրացնում է երեխաների` սոցիալական պահվածքի պաթոլոգիաների հավանականությունը: Նրանք դժվարանում են ընկերներ ձեռք բերել, շփվել: Հղի կանանց եւ կերակրող մայրերին ըստ այդմ թույլատրվում է շաբաթը 2 չափաբաժնից ոչ ավելի յուղոտ ձկնատեսակից ավելի օգտագործել: