Մարզային շաբաթ

18/12/2010 Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Կրքեր, կրքեր…

Երբ օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացնելու պատիվը նվաճել է Ռուսաստանը, շատերը շտապեցին հայտարարել, թե ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան առնվազն անհեռատես է գտնվել՝ առաջնությունը չվստահելով Անգլիային, ուր, ի տարբերություն Ռուսաստանի, առկա է ֆուտբոլային ենթակառուցվածքների իսպառ բացակայություն, գրեթե իդեալական պատրաստություն է առաջնության մեկնարկից… ութ տարի առաջ: ՖԻՖԱ-ն նույնիսկ չփորձեց արդարանալ, քանզի, իր իսկ որդեգրած փիլիսոփայությանը հավատարիմ`աշխարհի առաջնությունների միջոցով խաղը դարձնել ոչ թե 7-8 ֆուտբոլային գերտերությունների, այլ` ողջ աշխարհի սեփականությունը, առաջնություններն անցկացնելու պատիվը վստահում է նորանոր երկրների: Եվ դա միանգամայն հստակ երեւում է առաջնությունների աշխարհագրությունից. Մեքսիկա, Արգենտինա, Ճապոնիա եւ Հարավային Կորեա, ՀԱՀ, հիմա արդեն՝ Բրազիլիա, Ռուսաստան, Քաթար: Ակնհայտ է, որ սա տարվող քաղաքականություն է, որն արդեն իսկ պտուղներ է տալիս: Դժվար թե այսօր որեւէ մեկը վիճարկի այն իրողությունը, որ Ճապոնիայի կամ Հարավային Կորեայի հավաքականներն աշխարհի մակարդակով մրցունակ չեն, դժվար թե վիճարկվի նաեւ Աֆրիկայի ֆուտբոլի արագագույն աճը: Ռուսաստանին այս պարագայում առաջնություն վստահելը թերեւս, ստրատեգիապես ճիշտ որոշում էր: Այս օրերին, սակայն, բոլորովին այլ խնդիր է հայտնվել առաջին պլանում, եւ, դրան չեն անդրադառնում միայն ալարկոտները: Չալարենք ուրեմն: Արդեն օրեր շարունակ մի շարք ռուսական քաղաքներում ֆուտբոլային կրքեր են եռում Մոսկվայի «Սպարտակ» ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանության կապակցությամբ: Մամուլը, այդ շարքում՝ նաեւ հայկական, շտապեց ֆուտբոլային ֆաներին դասել ֆաշիստական կամ ֆաշիստամետ խմբավորումների շարքը: Որ ֆուտբոլասերների խումբը ծայրահեղական է, ոչ ոք չի կարող վիճարկել: Խաղի մասնակիցներից նրանք առավել անպատասխանատուն են, ոչ թիմի պատրաստվածության, ոչ արդյունքի համար պատասխանատու չեն: Սակայն առանց նրանց ֆուտբոլը կորցնում է իր գերագույն արժեքը` հանդիսատեսի համար ներկայացում լինելու կարգավիճակը: Հետեւաբար, ըստ առեւտրի դասական կանոնի, հենց հանդիսատեսն է իրավացի, վճարողն է պատվիրում երաժշտությունը: «Սպարտակի» դեպքում սա շատ ավելին է, քան իրողություն: Նրանց ճնշման տակ մարզիչներ են փոխվում, թիմի սեփականատերերը ստիպված են լինում պարզաբանումներ տալ ֆաներին: Կրկնեմ, ֆաները թիմի կյանքի ամենաանպատասխանատու օղակն են: Եվ հանկարծ… Մոսկվայի կենտրոնում սկսվում է հակամարտություն սլավոնական արտաքինով երիտասարդների եւ կովկասյան արտաքինով անձանց միջեւ: Կռահեցի՞ք: Ֆուտբոլային ընդվզումը դառնում է ազգամիջյան հարաբերություններ պարզելու միջոց: Այն, որ Ռուսաստանում ֆաշիստական կողմնորոշում որդեգրած երիտասարդություն կա` վաղուց արդեն գաղտնիք չէ, սակայն ո՞ւմ է ձեռնտու այս ամենը կապել համաշխարհային սպորտում թիվ մեկ մարզաձեւի հետ: Միանշանակ պատասխանել անհնար է, սակայն, առաջին մոտեցմամբ կարելի է ասել, որ ֆուտբոլի միջոցով այդ երկրում, արդեն ոչ առաջին անգամ, փորձում են այլ բնույթի հարցեր լուծել: Արդեն իսկ հաղորդագրություն եղավ, որ նախքան «Մանեժնայա» հրապարակում անկարգությունները՝ ֆուտբոլային ֆաներին իր մոտ էր հրավիրել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սուրկովը եւ քաջալերել նրանց: Բայց ո՞վ ասաց, որ հենց Կրեմլ այցելածները շենքից դուրս գալուց հետո իրենք են հրահրել անկարգությունները: Ո՞վ կարող է բացառել, որ մի միջոցառմանը զուգահեռ՝ մյուսը չի պատրաստվել: Ի վերջո, ինչո՞ւ են լրատվամիջոցներն այսքան սեւեռվել լոկալ խնդրի վրա, որը նրանց իսկ թեթեւ ձեռքով համապետական նշանակություն է սկսում ստանալ: Տպավորություն է, թե ինչ-ինչ ուժեր նպատակ են դրել Ռուսաստանի կողմից աշխարհի առաջնության անցկացման իրավունքը դարձնել առնվազն վիճարկելի: Հերթական անգամ ֆուտբոլը դառնում է քաղաքական կեղտոտ խաղերի ակամա գործիք, եւ, այնպիսի տպավորություն ունեմ, որ Ամանորի թեժ տասնօրյակը նույն ուժերը էլ ավելի «նպատակային» են օգտագործելու «կովկասյան ազգության ներկայացուցիչների» դեմ պայքարում: Մոսկվայի քաղաքապետարանն արդեն իսկ հայտարարել է ամանորյա միջոցառումների կրճատման մասին՝ նշելով պատճառը. խուսափել հնարավոր սադրանքներից:

Այլեւայլ

Լեգենդար Յոհան Կրոյֆը կտրուկ դեմ է արտահայտվել «Բարսելոնայի» ղեկավարության` թիմի մարզազգեստին գովազդ տեղադրելու մտադրությանը: 70-ականների գերաստղի կարծիքով, թիմի 111-ամյա պատմությունը թույլ է տալիս լինել աշխարհում եզակին, ում հագուստի վրա երբեւէ գովազդ չի տեղադրվել: «Գովազդից սպասվող եկամուտը կազմելու է թիմի բյուջեի 6-7 տոկոսը, իսկ 111 տարում գոյատեւել առանց դրա եւ աշխարհով մեկ ապացուցել սեփական մրցունակությունը կարողացել է միայն եւ միայն «Բարսելոնան»,- նշել է Կրոյֆը:

Ֆանտաստիկ տարի

ՖԻՖԱ-ի տարեկան դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը տարին ավարտում է 60-րդ տեղում՝ ունենալով 515 միավոր: Սա մոտ 20-ամյա կենսագրության տեր հավաքականի համար ֆանտաստիկ ցուցանիշ է, իր գոյության բոլոր տարիներին մեր ընտրանին պտտվում էր 100-րդ տեղի շուրջ` կամ մի քանի տեղով բարձրանալով, կամ մի քանի տեղով իջնելով: 2009-ը հավաքականը ավարտել էր 100-րդ «հոբելյանական» տեղում՝ 321 միավորով: Ընդհանուր վարկանիշային առաջընթացով մեր հավաքականն այս տարի աշխարհում առաջինն է:

Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար էլ հատուկ նշեմ, որ իր թիմի երկրպագուների հարցման արդյունքում նա ճանաչվել է թիմի լավագույն լեգեոնական: Լավագույն խաղացողի անվանակարգում էլ առայժմ առաջինն է: Մնում է լավագույն նորեկի տիտղոսը: Անշուշտ, լավ նշան է ազգային հավաքականի համար, մանավանդ, Հենրիխի հետ ենք կապում մեր գլխավոր ֆուտբոլային հույսերը եկող մրցաշրջանում:

Զույգերը հայտնի են

Շվեյցարական Նյոնում կայացավ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի զույգերի վիճակահանությունը: Փետրվարի 15-ին, 16-ին, 22-ին եւ 23-ին միմյանց հետ կմրցեն «Ռոմա» Իտալիա – «Շախտյոր» Ուկրաինա, «Միլան» Իտալիա – «Տոտենհեմ» Անգլիա, «Վալենսիա» Իսպանիա – «Շալկե-04» Գերմանիա, «Ինտեր» Իտալիա – «Բավարիա» Գերմանիա, «Լիոն» Ֆրանսիա – «Ռեալ» Իսպանիա, «Արսենալ» Անգլիա- «Բարսելոնա» Իսպանիա, «Մարսել» Ֆրանսիա – «Մանչեսթր Յունայթեդ» Անգլիա, «Չելսի» Անգլիա – «Կոպենհագեն» Դանիա զույգերը: Առնվազն հետաքրքիր է, մեկնաբանությունները թողնենք եկող շաբաթվան: