Ո՞վ է օրենքով ավելի լխտիկ

16/12/2010

«Օրենքներին դեմ չեն, դժգոհ են իրենց ճակատագրից, որ չեն կարողանում ընդդիմադիր լինել: Խոսքը վերաբերում է «Ժառանգներին», «Դաշնակները» 120-ամյակ են տոնում, բավականին լուրջ հյուրեր ունեն, պարզապես պիտի չկարողանան մասնակցել նիստին, դրա համար այդ հայտարարությունն արեցին, որ գնան: ՀՅԴ-ն այն լխտիկ կուսակցությունը չէ, որ օրենքներով ընդդիմադիր լինի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ԱԺ նիստերը բոյկոտելու խորհրդարանական ընդդիմության քայլի մասին: «Ժառանգությունը» փորձում է ճանաչելի ընդդիմություն դառնալ` չմտածելով, որ հզոր ընդդիմության շարասյուն կա ՀՀ-ում: ՀԱԿ-ը ծայրահեղ ընդդիմություն է, ՀՅԴ-ն` կառուցողական: Նրանք ճեղքեր են փնտրում, թե որտեղ մտնեն, որ կարողանան իրենց դերակատարումը մեծացնել: Մտել են 20 րոպեների մեջ»,- ավելացրել է նա: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ հակադարձել է, թե իրենք ուզում են, որ խորհրդարանական մեծամասնությունն իր տեղը գտնի որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եւ գործադիրին թույլ չտա այսպես վարվել իր հետ: «Ժառանգությունն», իր տեղն ունի եւ գտնելու խնդիր չունի»,- ասել է Ս.Սաֆարյանը: