Արդեն երկու օր է, Ազգային ժողովում արտահերթ նիստերն անցնում են բավականին հետաքրքիր իրավիճակում: Խորհրդարանական ընդդիմությունը` «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները, նիստի առաջին հատվածը բոյկոտում են:
«Ժառանգությունը» 20 րոպեանոց ընդմիջումներ է վերցնում, ՀՅԴ-ն ընդհանրապես չի մասնակցում քննարկումներին: Նախօրեին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նիստի սկսվելուն պես անարգանքի սյունին գամեց Կառավարությանը` հայտարարելով, թե գործադիրը սովորություն է դարձրել տարեվերջին արտահերթ նիստ հրավիրել եւ բազմաթիվ օրինագծեր բերել ԱԺ: Արդյունքում՝ իրենք չեն հասցնում ծանոթանալ օրինագծերի էությանը, չեն հասցնում առաջարկություններ ներկայացնել: Իսկ եթե ներկայացնում են, կառավարությունն ինքը չի հասցնում դրանք քննարկել, եւ արդյունքում՝ իրենց առաջարկությունները չեն ընդունվում: «Մենք այս ոճը չենք ընդունում: Ես կոչ կանեմ մնացածներին էլ այս վերաբերմունքը դրսեւորել, որովհետեւ սա ԱԺ նկատմամբ ուղղակի չհարգելու, մեր իրավունքները ոտնահարելու, երկրի կառավարման պրոցեսում մեր մասնակցելը սահմանափակելու ձեւ է»,- հայտարարեց պատգամավորը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միանգամից ընդունեց Վ.Հովհաննիսյանի մտահոգությունը։ «Պարոն Հովհաննիսյան, ես ձեր մտահոգությունը կիսում եմ: Նախ՝ ես՝ որպես խորհրդարանի նախագահ, թույլ չեմ տա որեւէ մի ինստիտուտի, որ ոտնձգություն ցուցաբերի ԱԺ-ի նկատմամբ»,- հայտարարեց Հ.Աբրահամյանը:
Այնուհետեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց, ինչը Հ.Աբրահամյանն անմիջապես բավարարեց: Եվ այս կարճատեւ գործողություններն այնքան արագ հաջորդեցին իրար, Հ.Աբրահամյանն այնքան պատրաստված գործեց, որ կասկած անգամ չմնաց, թե դա նախապես մշակված սցենար էր: Դա էր ապացուցում նաեւ այն հանգամանքը, որ ԱԺ ղեկավարը Վ.Հովհաննիսյանին թույլ տվեց իրեն հասանելիք ժամանակից կրկնակի ավելի խոսել, նույնը ՀՅԴ եւ «Ժառանգության» ղեկավարների դեպքում արեց նաեւ այսօր, ինչը բացառիկ երեւույթ էր խորհրդարանում: Երեկ արդեն նիստի սկսվելուն պես Վ.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Հ.Աբրահամյանին, իսկ «Ժառանգությունը» նորից 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Առաջին հայացքից թվում է, թե պատգամավորները պարզապես դժգոհ են կառավարության գործելաոճից եւ փորձում են ընդդիմանալ: Սակայն նկատի ունենալով այդ դժգոհությունը` նաեւ շատ ակնհայտ էր, որ բոյկոտի «թիկունքում» կանգնած էր Հ.Աբրահամյանը: Նաեւ այս փոքր միջադեպից ակնհայտ է, որ վերջինիս հակասությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ դեռ շարունակվում է, եւ ԱԺ ղեկավարն իր հնարավորության սահմաններում փորձում է նրան ստիպել իր հետ հաշվի նստել: Բացի այդ, նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած լարվածության արդյունքում Հ.Աբրահամյանը կորցրել է իր ազդեցությունների մեծ մասը, նրան հասկացրել են, որ իր հնարավորություններն օգտագործի միայն խորհրդարանի շրջանակներում, ինչն էլ անում է ԱԺ ղեկավարը: Հ.Աբրահամյանը հավանաբար չի կարողանում մեծ հաշվով խոչընդոտել կառավարության ներկայացրած օրինագծերին, եւ ԱԺ-ն այսօր էլ, ըստ էության, գործադիրի նախագծերի դակողն է դարձել: Սակայն, եթե կառավարության հաշվարկները խառնելու մի փոքր հնարավորություն է ընձեռվում, ԱԺ ղեկավարը դա անպայման օգտագործում է եւ գործադիրին ներքաշում է իր հետ քննարկումների դաշտ: «Ես կստեղծեմ հնարավորություն, կազմակերպչական բոլոր գործառույթները կիրականացնեմ, կհրավիրեմ կառավարության յուրաքանչյուր անդամի, եւ կփորձենք իմ գործընկերների բոլոր մտահոգություններին տալ պատասխան»,- երեկ հայտարարեց Հ.Աբրահամյանը: Սակայն ՀՅԴ-ն երբ կոալիցիայի անդամ էր, եւ ԱԺ-ում փոխնախագահ էր նույն Վ.Հովհաննիսյանը, կառավարությունն այդ ժամանակ էլ ծավալուն օրակարգով արտահերթ նստաշրջաններ էր հրավիրում: Երեկ պարոն Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ այն ժամանակ չէին դժգոհում գործադիրի այդ գործելաոճից: «Ոչ մի հարցի չեմ ցանկանում պատասխանել»,- ասաց նա:
Բացի վերը նշված հակասություններից՝ այս անգամ կառավարությունից պատգամավորների դժգոհությունն այլ հիմքեր էլ ունի: Գործադիրը 35 օրինագծերից բաղկացած ծավալուն քննարկումների օրակարգ է ներկայացրել ԱԺ-ին: Այս արտահերթի ժամանակ պետք է քննարկվեն նաեւ աղմկոտ «Լեզվի մասին», «Կենսաթոշակների» եւ «Աղբահանության» մասին օրինագծերը: Ամեն դեպքում այս նախագծերի համար բուռն եւ երկար քննարկում է սպասվում խորհրդարանին: Եվ չի բացառվում, որ միայն այս շաբաթվա օրերը չբավարարեն, ու արտահերթ նստաշրջանը շարունակվի նաեւ հաջորդ շաբաթ: Ամանորի նախաշեմին պատգամավորները դժգոհում են նաեւ այս ծանրաբեռնվածությունից, ինչը հարուցել է կառավարությունը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը չկիսելով ընդդիմադիր խմբակցությունների մտահոգությունները` այնուամենայնիվ, նրանց գործողությունների մեջ մի դրական բան է տեսնում: «Նրանց կեցվածքն իրապես պատճառ է դառնում, որ նախարարությունների մեր գործընկերները, ովքեր Նոր տարուց առաջ բերում են հարյուր հատ օրինագծեր, խորապես մտահոգվեն մեկ անգամ եւս, արդյո՞ք դա այդքան հրատապ է, թե՞ ոչ: Պարզապես ես ընդդիմության գործելաոճը չեմ ընդունում: Այս մտահոգությունը բոլորն ունեն, պարզապես ելքերն են տարբեր,- ասում է Ա.Սաֆարյանն ու շարունակում,- մենք պիտի 20 րոպե խնդրելո՞վ խնդիրը բարձրացնենք: Մենք ասել ենք՝ ում որ հարկն է եւ ինչպես որ հարկն է: Մեր կարծիքին շատ լավ տեղյակ են: Տեսնո՞ւմ եք` արդեն գործընթաց է գնում, որ հաշվի կառնեն»:
Ամեն դեպքում, որքան էլ խորհրդարանական ընդդիմության բոյկոտի մեջ սուբյեկտիվ տարրեր նկատվեն, այնուամենայնիվ, այդ երկու խմբակցությունները մեծ հաշվով ճիշտ են: Կառավարությունը շատ հաճախ է խորհրդարան ներկայացնում օրինագծեր եւ պահանջում դրանց երկու, երբեմն՝ նաեւ երեք ընթերցումներն անցկացնել հրատապ կարգով` այդպիսով պատգամավորներին ստիպելով նախագծերին առանց ծանոթանալու քվեարկել դրանց համար: Մյուս կողմից` արդեն երկար տարիներ կառավարության եւ խորհրդարանի միջեւ այնպիսի գործելաոճ է ձեւավորվել, որ գործադիրի իջած բոլոր օրինագծերը պետք է անվերապահորեն ընդունվեն: Կարելի է ասել, որ օրենսդիր-գործադիր հակակշիռների համակարգը գրեթե չի աշխատում: Ավելին, այսօր գործադիրն է դարձել օրենսդիրին թելադրողը, մինչդեռ Հայաստանի Սահմանադրությունը հակառակն է նախատեսում: