«Wikileaks»-ի կողմից գաղտնազերծված հերթական փաստաթղթում տեղ են գտել մանրամասներ ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ: Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետների հետ մոտ մեկուկես տարի առաջ Ստոկհոլմում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնն ասել է, թե «ԼՂՀ խնդրի լուծումը նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին է»: Ստոկհոլմում ամերիկյան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լորա Քըրկքոնելը մանրակրկիտ հաշվետվություն է կազմել 2009թ. ամռանը կայացած այս հանդիպման մասին, որի ընթացքում եվրոպացի դիվանագետներն ու Ֆ. Գորդոնն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: «Կարծում եմ` ԼՂ-ի խնդրի լուծումը կնպաստի նաեւ էներգակիրների մատակարարման տարածաշրջանային ծրագրերի իրագործմանը»,- ասել է Գորդոնը: Նա, ըստ հրապարակված փաստաթղթի, հատուկ կանգ է առել ԼՂ կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվայի դերակատարության վրա` ասելով. «Այս առումով ռուսները բավական արդյունավետ են աշխատում, սակայն մինչեւ այս պահը հստակ չէ` նրանց այս քայլը ձեւականությո՞ւն է, թե՞ նրանք իրոք լծվել են հարցի լուծմանը: ԼՂ խնդրի լուծումը կնպաստի գազի արտահանման Հարավային միջանցքի ձեւավորմանը»: Գաղտնազերծված փաստաթղթի համաձայն` ԼՂ խնդրում ռուսների դերակատարությանը լուրջ վերապահումով են մոտեցել եվրոպացի դիվանագետները: Եվրամիության խորհրդի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիտանացի դիվանագետ Ռոբերտ Քուպերը` դիմելով Գորդոնին, ասել է. «Եթե ռուսները ցանկանային կարգավորել այս խնդիրը, արդեն իսկ լուծած կլինեին»: Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին` Գորդոնը նշել է. «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ, սակայն մի շարք հարցերում զիջումներ չեն լինի, մասնավորապես` Հարավային Օսիան եւ Աբխազիան չպետք է ճանաչվեն որպես անկախ պետություններ»: Նա նաեւ հերքել է այն պնդումները, թե Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու դիմաց պատրաստ է անտեսել իր դաշնակիցների շահերը. «Վրաստանն այս առումով շատ լավ օրինակ է, որն ապացուցում է, որ Միացյալ Նահանգները նման տեսակի փոխզիջումների չի գնում: Մեր ջանքերի շնորհիվ մի շարք միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ում, Ռուսաստանը հայտնվեց մեկուսացման մեջ»: Անդրադառնալով Վրաստանի հետ հարաբերություններին` Եվրամիության ներկայացուցիչները կոչ են արել Վաշինգտոնին` դիվանագիտական ճնշում գործադրել Միխայիլ Սահակաշվիլիի կառավարության վրա: Եվրամիության խորհրդի քարտուղարության քաղաքական հարցերով համակարգող Հելգա Շմիդտը Գորդոնին ասել է. «Պետք է համոզել պաշտոնական Թբիլիսիին, որպեսզի սկսի աշխատել Աբխազիայի հետ: Նրանից հետո, երբ աբխազների` Վրաստանին ուղղված առաջարկները մերժվեցին, Սուխումին այլ բան չէր մնում, քան որոնել ՌԴ-ի աջակցությունը»: «Թբիլիսիում պետք է հստակ գիտակցեն` մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանին, սակայն չենք պատրաստվում գործողությունների ազատություն շնորհել նախագահ Սահակաշվիլիին»: