Այսօր, ժամը 10:00-ին

16/12/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Այսօր` դեկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 10:00-ին հայտնի կդառնա ՀՌԱՀ` հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր տրամադրելու վերաբերյալ որոշումը, մասնավորապես այն, թե` կվերադառնա՞ եթեր 8 տարի շարունակ եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը, թե՞ ոչ:

Մրցութային հայտերը ներկայացնելուց հետո իրարամերժ տեսակետներ են հնչել «Ա1+»-ի վերաբացման վերաբերյալ: Քիչ չեն այն կարծիքները, որ գործող իշխանությունները խոչընդոտներ չեն ստեղծի եւ կթույլատրեն «Ա1+»-ի վերաբացումը թեկուզ այն պատճառով, որ դա նաեւ ԵԽ եւ մի շարք այլ կազմակերպությունների պահանջն է, որի կատարումն այլեւս հնարավոր չէ ձգձգել: Սակայն հակառակ տեսակետներն էլ առանձնապես շատ չեն: Օրինակ, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը դժվարանում է կանխագուշակել, թե «Freedom House» միջազգային կազմակերպության կոչը ՀՀ կառավարությանը` «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրելու վերաբերյալ, ինչի կհանգեցնի: Սակայն, հաշվի առնելով նաեւ անցած 8 տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված նմանատիպ փաստաթղթերը, նա նաեւ հույս չունի, թե այս անգամ այն կազդի ՀՌԱՀ-ի կողմից կայացվելիք այսօրվա որոշման վրա: «Ըստ էության, դրանք չեն ազդել ոչ ՀՌԱՀ-ի գործողությունների եւ որոշումների վրա, ոչ էլ բարձրագույն իշխանության, որովհետեւ մենք համարում ենք, որ ՀՌԱՀ-ը ամեն դեպքում գործիք է քաղաքական իշխանության ձեռքին»,- կարծում է Ա. Մելիքյանը: Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւս այն կարծիքին է, որ «Freedom House»-ի վերջին հայտարարությունը որոշիչ նշանակություն ունենալ չի կարող. «Ընդամենը կհամալրի այն բոլոր ազդեցությունները, ինչ կուտակվել են անցած 8 տարիների ընթացքում: Սա լրացուցիչ եւս մեկ շտրիխ է»: Միաժամանակ Լ. Բարսեղյանը գտնում է, որ իշխանությունները վաղուց հոգնել են այս խնդրից, եւ նրանց համար «գլխացավանքից ազատվելու միակ ելքը» «Ա1+»-ին եթեր վերադարձնելն է: Ավելին, նա 70 տոկոս համոզմունք ունի, որ այսօր ՀՌԱՀ-ը հայտարարելու է «Ա1+»-ի վերաբացման մասին. «70 տոկոսի հավանականություն եմ գնահատում իշխանությունների ողջախոհությունը, որ Բաղրամյան 26-ը կհանձնարարի Ամալյան Գրիգորին՝ քվեարկությունը կազմակերպել այնպես, որ «Ա1+»-ը եթեր վերադառնա»:

Իսկ եթե «Ա1+»-ին հեռարձակման կապուղի չտրամադրվի, ապա, ինչպես նշեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, դա կվկայի, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում խոսքի ազատությունը զարգացնել Հայաստանում, հեռարձակման ոլորտում նոր խաղացողներ տեսնել եւ ակտիվացնել մրցակցությունը ոլորտում:

Այսօրվա ՀՌԱՀ որոշումից առանձնապես մեծ հույսեր չունի «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: «Իմ սպասելիքները մեծ չեն, որովհետեւ ես դեռ չեմ կողմնորոշվել ու չեմ հասկացել, թե, ի վերջո, Սերժ Սարգսյանը որ ճանապարհով է գնալու՝ երկրի դեմոկրատիզացիայի՞, թե՞ մոնոպոլիզացիայի»,- «Ա1+» կայքին տված հարցազրույցում ասել է նա: Ըստ նրա` ՀՌԱՀ-ը «դրածո» հանձնաժողով է, որը ոչինչ չի կարող որոշել. «Ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի օրոք դրվեց այդ ավանդույթի հիմքը, երբ մի հոգի է որոշում` ժողովուրդը ուր պետք է գնա եւ ինչպես ապրի: Չեմ ասի, որ այդպես եղավ, քանի որ ժողովուրդը չընտրեց այն ճանապարհը, որը Քոչարյանն էր նախանշել, մինչ օրս էլ չի ընդունում: Հիմա հարց է. Սերժ Սարգսյանը կօգտվի՞ առիթից եւ ցույց կտա՞, որ ընտրում է ուրիշ ճանապարհ` ժողովրդի կամքը, դա պարզ կլինի այսօր ժամը 10:00-ին կայանալիք ՀՌԱՀ նիստից, որում կամփոփվեն մրցույթի արդյունքները»,- ասել է նա: Հարցին, թե` Ձեր կարծիքով` իրար հաջորդած պաշտոնանկությունները չե՞ն խոսում այն մասին, որ ընտրված է այլ ճանապարհ, Մ. Մովսեսյանը պատասխանել է. «Չգիտեմ, մեր երկրում այնքան իմիտացիաներ են արվել, որ դժվարանում եմ հավատալ, թե մեր քաղաքապետը «խուլիգանության» համար է պաշտոնանկ արվել… Ինձ այսօր հետաքրքրում է մի բան. Սերժ Սարգսյանը, ով վերջերս ակնարկներ է անում, թե իր ընտրած ճանապարհը լիովին տարբերվում է Ռ.Քոչարյանի ճանապարհից, ապացուցի գործով, ոչ թե միայն ամբիոններից: Սպասենք»: Ի դեպ, «Ա1+»-ի ղեկավարի խոսքով, ինքը չի մասնակցելու ՀՌԱՀ այսօրվա նիստին, քանի որ այն համարում է «ֆարս եւ խեղկատակություն». «Բոլոր դեպքերում դա ինձ համար անհետաքրքիր գործընթաց է, որպես պրոֆեսիոնալի: Ես անձամբ չեմ մասնակցի նիստին, կլինեն մեր ներկայացուցիչները: Իմ այնտեղ լինել-չլինելը որեւէ բան չի նշանակում որեւէ մեկի համար, եւ հատկապես ինձ համար: Ես ավելի կարեւոր գործեր ունեմ, քան ֆարսին եւ խեղկատակությանը մասնակցելը: Ինչպիսի ելք էլ ունենա մրցույթը, ես դա համարում եմ խեղկատակություն, որովհետեւ, եթե ազգային հանձնաժողով է, ապա պետք է ունենա անկախ կեցվածք, ոչ թե կամակատարի»։

Մ. Մովսեսյանը պատասխանել է նաեւ այն հարցին, թե մրցույթի արդյունքների հրապարակումից հետո ո՞րն է լինելու «Ա1+»-ի անելիքը: «Ա1+»-ն աշխատել է, աշխատում է եւ աշխատելու է, ինչ որոշում էլ կայացվի: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե այսօր ինչ է լինելու. Մենք որպես հեռուստաընկերություն՝ շարունակում ենք մեր աշխատանքը, խնդիրն ավելի շատ մեր կառավարության, մեր պետության վաղվա, ապագայի հարցն է: Մենք աշխատում ենք եւ կաշխատենք, իսկ դիմել ենք մրցույթի, որպեսզի մեր պրոֆեսիոնալիզմն ավելի ամրապնդենք եւ ընդլայնենք մեր գործունեության ոլորտը»,- ասել է նա: «Իսկ հեռուստաընկերությունը ունի՞ տեխնիկական հնարավորություններ, որ հաղթելու դեպքում եթեր հեռարձակվի» հարցին էլ նա պատասխանել է. «Հաղթելու դեպքում օրենքով տրված 6 ամսվա ընթացքում մենք ունենք հնարավորություն եւ՛ տեխնիկապես, եւ՛ ֆինանսապես զինվելու. այդ ամենը ներկայացված է մրցութային առաջարկի մեջ: Մեր մրցութային առաջարկը համարում եմ ուժեղ, լուրջ եւ իրատեսական ծրագիր, իսկ հանձնաժողովի մոտեցումը եթե կրկնվի, կրկնվեն այն հեքիաթները, որ տարիներ շարունակ լսել ենք, կնշանակի, որ մեր երկրում ոչինչ չի փոխվել, եւ փոփոխությունների մասին պետք է մտածի ժողովուրդը»:

Հ.Գ. Երեկ հայտարարություն է տարածել նաեւ ՀԱԿ-ը, որտեղ մասնավորապես ասված է. «2002թ. «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումով իշխանությունը վերջ տվեց հեռուստաեթերով ազատ խոսքի եւ տեղեկատվության տարածմանը: Մնացած բոլոր հեռուստաընկերությունները վերցնելով նախագահական ապարատի վերահսկողության տակ՝ վարչախումբը ողջ ժողովրդին ենթարկեց տեղեկատվական բլոկադայի: Միակ ազատ հեռուստաընկերության եթերը չվերականգնվեց անգամ Եվրոպական դատարանի որոշումից հետո. թվայնացման խնդիրը պատրվակ բռնելով`վարչախումբը 3 տարի ձգձգեց հարցի լուծումը: Իսկ դրանից հետո ընդունվեց մի օրենք, որով, հակառակ նախապես տված խոստումների` թե թվայնացումից հետո հեռուստատեսային հաճախականությունների թիվը կավելանա մինչեւ 60-70, ընդհակառակը` դրանց թիվը 24-ից կրճատվեց 18-ի: Այժմ էլ, հայտարարված մրցույթում «Ա1+»-ն այն սակավաթիվ հեռուստաընկերություններից է, որ տվյալ հաճախականության վրա մրցակից ունի: Այսինքն` մրցույթը կազմակերպված է նախապես կայացված հանցավոր մի համաձայնության հիման վրա, եւ արդեն իսկ կանխորոշված են դրա արդյունքները: Միակ ժողովրդական հեռուստաընկերության շահերը պաշտպանելու համար ամիսներ առաջ ստեղծվել է մի խորհուրդ, որը, ի թիվս այլ միջոցառումների, նաեւ յուրահատուկ մի քվեարկություն-հանգանակություն է կազմակերպել հօգուտ «Ա1+»-ի: ՀԱԿ-ը կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել այդ քվեարկությանը: Կարելի է չկասկածել, որ ՀՌԱՀ-ն այս անգամ էլ կատարելու է իշխանության կամքը, սակայն այդ կառույցի յուրաքանչյուր անդամ պետք է շատ լավ հասկանա, որ անձնապես իր վրա է վերցնում խոսքի ազատության դահիճի դերը, ինչի համար անպայման պատասխան է տալու ողջ ժողովրդի առջեւ»: