$400.000 պարտքը չեն տալիս

16/12/2010

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` նախօրեին ռուսաստանյան խոշոր տուրիստական Tez Tour ընկերության երեւանյան գրասենյակի աշխատակիցներին այս 3 օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ ՀՀ ոստիկանություն են տարել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան աշխատակիցները ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչություն էին տարվել եւ միայն դեկտեմբերի 12-ի գիշերը ժամը մեկին էր նրանց հնարավորություն տրվել լքել բաժանմունքը: Ռուսաստանյան Tez Tour-ի փոխնախագահը հայտարարել էր, որ ձերբակալվել էին իրենց երեւանյան գրասենյակի 10 աշխատակիցները եւ փաստաբանը: Իսկ ահա դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ի սահմանում Tez Tour Armenia-ի գրասենյակ կրկին ոստիկաններ են ներխուժել, որից հետո ներկայացուցչությունը փակվել է, եւ աշխատակիցները կրկին հայտնվել են 6-րդ վարչությունում: Ռուսական Tez Tour-ը ենթադրում է, որ այս ձերբակալությունների ետեւում կանգնած են երեւանյան Magic Time տուրիստական ընկերություններից մեկի ղեկավարները, ավքեր զբաղվել են իրենց տոմսերի վաճառքով: Բանը նրանում է, որ Tez Tour-ի եւ Magic Time-ի միջեւ կոնֆլիկտն առաջացել է դեռ ամռանը, երբ Magic Time-ը հրաժարվել է ռուսական Tez Tour-ին վճարել ավելի քան 400 հազար ԱՄՆ դոլար պարտքը` շարունակելով, սակայն, վաճառել նրանց ուղեգրերը: Magic Time-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընկերությունը մտադիր չէ մոտ ժամանակներս վճարել իր պարտքերը: Ի պատասխան սրա` Tez Tour-ը զգուշացրել է, որ ընդհատելու է համագործակցությունը տուրիստական այդ գործակալության հետ, ինչը նշանակում է Magic Time-ի հաճախորդների սպասարկման դադարեցում եւ չվճարված ուղեգրերի չեղյալ հայտարարում: Ռուսական Tez Tour գործակալության` «ՌԻԱ Նովոստի»-ին տրված հաղորդագրությամբ` Magic Time-ի ղեկավարներ Մհեր եւ Դավիթ Մանուկյանները Tez Tour Armenia-ի գրասենյակի բոլոր աշխատակիցների համար «մեծ խնդիրներ էին խոստանում` ադմինիստրատիվ-իրավական բնույթի»: Նրանք նշել են իրենց մտերիմ բարեկամի` Գագիկ Ավետիսյանի անունը, ով Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետն է: Հենց այդ վարչությունում էլ, բախտի բերմամբ թե պատահմամբ, շաբաթ օրը հայտնվել էին Tez Tour Armenia-ի աշխատակիցները: Երեկ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ին ազատ են արձակվել ձերբակալվածները: «Tez Tour-ի բոլոր աշխատակիցներն ազատ են արձակվել, նրանք Ոստիկանությունում էին հայտնվել զբոսաշրջիկների բողոքների հիման վրա: Վերջիններս բողոքել էին գործակալության վատ որակի աշխատանքից»,- մեկնաբանել են ՀՀ ՈԾ մամուլի ծառայությունից: Ի դեպ, սա արդեն ենթադրվում էր` հաշվի առնելով գործերի նման ընթացքը. միջազգային Tez Tour-ը զգուշացրել էր, որ ընդհատելու է համագործակցությունը Magic Time-ի հետ, ինչը նշանակում է հաճախորդների սպասարկման դադարեցում եւ չվճարված ուղեգրերի չեղյալ հայտարարում: Միջազգային Tez Tour-ի ծավալները պատկերացնելու համար միայն նշենք, որ այս ընկերության շրջանառությունը, 2006թ. «Կոմերսանտ» եւ «Տուրինֆո» թերթերի կազմած ռեյտինգների համաձայն, կազմել է 294,82 մլն դոլար:

Երեկ մենք պարզաբանում խնդրեցինք ՀՀ Ոստիկանության ծառայության լրատվական վարչությունից: Այնտեղից նախ նշեցին, որ Tez Tour Armenia-ի աշխատակիցները հրավիրվել են Ոստիկանություն քաղաքացիների բողոքների հիման վրա. «Եգիպտոսի Շարմ-Էլ-Շեյխի լողափերի մի մասը, ինչպես հայտնի է, փակվել է շնաձկների` զբոսաշրջիկների վրա հարձակումների պատճառով: Որոշ քաղաքացիներ փորձել են վերադարձնել այդ գործակալությունից մինչ այդ գնած` Եգիպտոսի ուղեգրերը, սակայն նրանք հրաժարվել են գումարները հետ վերադարձնել: Արդեն թվով 7 տուժող զբոսաշրջիկներ կան, եւ նրանց թիվն ավելանում է: Աշխատակիցները հրավիրվել են Ոստիկանություն, նրանք ներկայացել են ուշացումով, սակայն յուրաքանչյուրը 6-7 ժամ հետո ազատ է արձակվել: Համապատասխան բացատրություններ են վերցվել եւ նյութեր են պատրաստվում»:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ շուտով Tez Tour Armenia-ում եւ Magic Time հայաստանյան տուրիստական ընկերությունում հարկային ծավալուն ստուգումներ կսկսվեն: Ավելին, ըստ որոշ աղբյուրների` հայկական կողմն՝ ի դեմս իրավապահ մարմինների, դիմելու է ռուսական կողմին, որպեսզի նրանք էլ համապատասխան ստուգումներ անցկացնեն ռուսական ընկերությունում: