Եվ այսպես, Ռուսաստանը դարձավ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի միանգամից երկու խոշորագույն սպորտային միջոցառումների տանտերը` 2014թ. Ձմեռային օլիմպիական խաղերի եւ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության: Առաջնությունը հյուրընկալելու` Ռուսաստանի հայտի հաղթանակը հստակ ուրվագծեր ձեռք բերեց այն բանից հետո, երբ բրիտանական մամուլը պատերազմ սկսեց ՖԻՖԱ-ի դեմ եւ խիստ նվազեցրեց Անգլիայի շանսերը` աշխարհի առաջնությունն իր երկրում անցկացնելու համար: Սակայն Մոսկվայում տեղի ունեցած անկարգություններից հետո, որին մասնակցում էին նաեւ ֆուտբոլային ֆանատները, սկսեցին լուրեր պտտվել այն մասին, որ Լոնդոնը կարող է փորձել ստիպել ՖԻՖԱ-ին` փոխելու իր որոշումը: Այդ եւ մի շարք այլ հարցերի շուրջ է «168 Ժամի» թղթակցի հարցազրույցը հայտնի փորձագետ, խորհրդային տարիների հիանալի ֆուտբոլիստ Եվգենի Լովչեւի հետ, ով արդեն հյուրընկալվել է մեր թերթի էջերում:
– Որքանո՞վ է իրական, որ ՖԻՖԱ-ն կարող է վերանայել 2018թ. աշխարհի առաջնության անցկացման վայրի մասին իր որոշումը:
– Ոչ մի վերանայում տեղի չի ունենա: Աշխարհի առաջնությունը տեղափոխելու դեպքեր, իհարկե, եղել են, բայց միայն այն պատճառով, որ կազմակերպիչ երկիրը մրցաշարի անցկացման նախօրեին դեռ չէր հասցրել կարգի բերել իր խաղադաշտերը` ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխան: Եվ հետո, Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունները ֆուտբոլի հետ անմիջական կապ չունեին, այսինքն` տեղի չեն ունեցել խաղի ընթացքում կամ անմիջապես դրանից հետո: Իսկ ընդհանուր առմամբ, ֆուտբոլասերներից քչերը կարող են մասնակից լինել այս կամ այն հանցագործությանը:
– Ռուսաստանում միայն մի խաղադաշտ կա, որ լիովին համապատասխանում է ՖԻՖԱ-ի պահանջներին: Ռուսաստանը չունի ֆուտբոլային այնպիսի ավանդույթներ, ինչպիսին Անգլիան: Այսպիսով հարց է ծագում` ՖԻՖԱ-ի որոշումն արդյո՞ք քաղաքական բնույթ է կրում:
– Բնականաբար որոշ «կուլիսային» խաղեր եղել են. առանց դրանց որեւէ քիչ թե շատ նշանակալի սպորտային մրցության անցկացման վայր չի ընտրվում: Առավել եւս՝ ամենամասսայական եւ մեծ ժողովրդականություն վայելող սպորտաձեւի դեպքում: Այդուհանդերձ, ես չեմ կարող պնդել, թե ՖԻՖԱ-ն քաղաքական որոշում է կայացրել: Որոշում կայացնելիս ՖԻՖԱ-ն առաջնորդվել է սեփական սկզբունքներով, դրույթներով կամ գուցե անգամ ռազմավարությամբ` ողջ աշխարհում զարգացնել ֆուտբոլը: Վերջին առաջնությունն անցկացվեց Հարավաֆրիկյան Հանրապետությունում` Աֆրիկայում ֆուտբոլը մասսայական դարձնելու նպատակով: Առաջիկա առաջնությունն անցկացվելու է Բրազիլիայում. դա տուրք է այդ ֆուտբոլային տերությանը, որը տարիներ շարունակ հավակնում էր ֆուտբոլի աշխարհի առաջնության վայր դառնալուն, սակայն ապարդյուն: Հետո Ռուսաստանն է, ապա` Կատարը: Սա արդեն Արեւելքն է եւ Ասիան: Այնպես որ, 2018թ. առաջնությունը ՌԴ-ում անցկացնելու ՖԻՖԱ-ի որոշումը ես կանվանեի ոչ թե քաղաքական, այլ ռազմավարական:
– Հայտնի է, որ կոմերցիոն առումով առավել հաջողակ են աշխարհի այն առաջնությունները, որոնք անցկացվում են ֆուտբոլային հզոր ավանդույթներ ունեցող երկրներում: ՀԱՀ-ում ավանդույթները միանգամայն պայմանական էին, Կատարում դրանք նոր-նոր են ձեւավորվում, իսկ Ռուսաստանը կարծես թե ավանդույթներ ունի (համենայն դեպս` ՀԱՀ-ի հետ չես համեմատի), սակայն Գերմանիայի կամ Անգլիայի հետ նույնպես չարժե համեմատել: Մի խոսքով` Ռուսաստանն ինչ-որ միջին տեղում է: Ի՞նչ կստանա Ռուսաստանը ֆուտբոլի աշխարհի առաջնությունից:
– Չեմ կարող կանխագուշակել, թե ինչ կլինի 2018թ. հետո: Սակայն առաջիկա 8 տարիները հաստատ անցնելու են ֆուտբոլային մթնոլորտում: Դա նշանակում է, որ հազարավոր տղաներ կգրանցվեն ֆուտբոլային դպրոցներում եւ խմբակներում, ինչն անպայման կազդի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մակարդակի վրա. քանակը կդառնա որակ: Վստահ եմ, որ շատ մեծահասակներ աշխատանքից հետո ոչ թե կնստեն դոմինո խաղալու, այլ, վարակվելով ֆուտբոլով, կսկսեն վազել գնդակի հետեւից: Սա պակաս կարեւոր չէ. շարժվելն օգտակար է առողջության համար: Աշխարհի առաջնությունը նաեւ արդյունաբերության, շինարարության վերելք է նշանակում. չէ՞ որ բազմաթիվ խաղադաշտեր պետք է կառուցել: Նաեւ ճանապարհներ, հյուրանոցներ, ենթակառուցվածքներ: Ռուսաստանի մի շարք մարզեր զարգացման հզոր խթան կստանան: Երկիրը կսկսի փոխվել ուղղակի աչքի առաջ: Սոչիում Ձմեռային օլիմպիադան է լինելու, այսինքն` Ռուսաստանի ողջ հարավն առաջընթաց կապրի: Կազանը հյուրընկալելու է Միջազգային ունիվերսիադան, եւ այնտեղ` Թաթարստանում, խոշոր փոփոխություններ են սպասվում: Իսկ ֆուտբոլի առաջնությունը շղթայաբար կներգրավի ՌԴ մի շարք երկրամասեր:
– Այնուամենայնիվ, զարմացնում է որոշ քաղաքների ընտրությունը, որոնք ընդունելու են ֆուտբոլային ֆորումը: Օրինակ` Սարանսկը: Այնտեղ ի՞նչ առանձնահատուկ ավանդույթներ կան, որ Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներից ընտրվել է հենց Մորդովիայի մայրաքաղաքը, որը մինչ օրս ոչ մի հայտնի ֆուտբոլիստ չի տվել:
– Դա գուցե միայն առաջին հայացքից է տարօրինակ թվում: Հավանաբար տեղի ղեկավարությունն է «միջամտել»: Մյուս կողմից` դա Վլադիվոստոկը չէ: Ի վերջո, Սարանսկը Մոսկվայից այնքան էլ հեռու չէ, իհարկե, մեր` ռուսաստանյան չափանիշներով: Իսկ ընդհանուր առմամբ դա սպորտային երկրամաս է: Այնտեղ կարողանում են գործ անել: Օրինակ` վերջերս այնտեղ թեթեւատլետների համար կառուցել են միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր: Արդյունքներն անմիջապես տեսանելի էին. տեղի մարզիկները մի շարք հաղթանակներ տարան սպորտային քայլք մարզաձեւով եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում, եւ անգամ Օլիմպիադայում: Հուսանք, որ ֆուտբոլում եւս նման արդյունք կլինի:
– Արդեն որոշ տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում: Մի քանի սպորտային կայքերում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանի ֆուտբոլային պաշտոնյաները ինչ-որ ծրագիր են մշակում Ռուսաստանի հավաքականի համար «ներքին աշխարհի առաջնություն» կազմակերպելու համար: Եվ այնտեղ իբրեւ թե սեւով սպիտակի վրա գրված է, որ հավաքականի ներկայիս անդամներից Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու շանս ունի միայն դարպասապահ Իգոր Ակինֆեեւը: Իսկ մնացածներին արդեն պետք է հանել հավաքականի կազմից, քանի որ 2018թ. նրանցից առանձնապես օգուտ չի լինի: Սա նշանակում է, որ Ռուսաստանը խաչ է քաշում իր հավաքականի վրա մինչեւ աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլային ղեկավարների նման վերաբերմունքի պայմաններում դժվար է ներկայիս հավաքականի ֆուտբոլիստներից որեւէ բան պահանջելը, եթե նրանք գիտեն, որ իրենց «դուրս են գրում»:
– Դա չափազանցված մոտեցում է: Այսպես ասենք. կայքերը մի փոքր ստել են: Ոչ մեկի համար հավաքականի դռները փակ չեն: Խոսքը տաղանդավոր պատանիների փնտրտուքն ակտիվացնելու մասին է, ովքեր 8 տարի հետո կարող են Ռուսաստանի հավաքականի դրոշի պատիվը պաշտպանել աշխարհի «տնային» առաջնության ժամանակ: Ինչ վերաբերում է կոնկրետ Ակինֆեեւին, ապա այո՛, 2018թ. նա 30-ը մի քիչ անց կլինի. սա դարպասապահի համար լավագույն տարիքն է: Ակինֆեեւը արդեն մի քանի տարի է` Ռուսաստանի հավաքականի հիմնական դարպասապահն է, նա կայուն է, աստղի կարգավիճակ ունի եւ, բնականաբար, ներկայիս հավաքականի անդամներից ամենաշատը հենց նրա վրա է հույսը: Ինչ վերաբերում է մեր մյուս ֆուտբոլիստների մեծ մասին, ապա այստեղ նույնպես չես կարող վիճել, ու ժամանակը չես կարող կանգնեցնել: Դժվար թե նրանցից շատերը 8 տարի անց էլ շարունակեն խաղալ: Սա է կյանքը: Սակայն, կրկնում եմ, դժվար թե հավաքականի դռները փակվեն տարիքային պատճառներով. ֆուտբոլում քիչ չեն եղել երկարակյացները:
– Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն ներկայիս պաշտոնի համար իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր, որ Ռուսաստանը 2018թ. աշխարհի առաջնության չեմպիոն է դառնալու: Այն ժամանակ դա ծիծաղելի էր: Սակայն այժմ, հաշվի առնելով դատավորների եւ ՖԻՖԱ-ի ավանդական բարեհաճ վերաբերմունքը աշխարհի առաջնությունն ընդունող երկրի նկատմամբ, Ֆուրսենկոյի խոստումն արդեն այնքան էլ արկածախնդիր չի թվում: Դուք բավականին շատ եք խաղացել ամենաբարձր մակարդակում. ճի՞շտ է, որ դատավորներն օգնում են դաշտի տերերին:
– Կեղծավորություն չեմ անի. պատահում է: Սակայն չի կարելի նաեւ դա բացարձակացնել: Այդ տեսանկյունից հատկանշական էր 2002թ. Ճապոնիայում եւ Կորեայում անցկացված առաջնությունը, երբ Իտալիայի ու Իսպանիայի հետ խաղերում կորեացիներին «առաջ էին հրում», եւ հասցրին մինչեւ կիսաեզրափակիչ: Բայց հասկանո՞ւմ եք, հենց այնպես դատավորները չեն կարող ոչ մի բան անել. բոլոր դեպքերում պետք է կարողանալ ֆուտբոլ խաղալ: Գոնե պետք է գնդակով հասնել մրցակցի դարպասի մոտ եւ հարվածել գնդակին: Եթե թիմն ի վիճակի չէ դա անելու, եթե մրցակիցը թույլ չի տալիս դա անել, ինչո՞վ կարող է օգնել դատավորը: Ոչ մի բանով: