Մինչ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչները պայքարում են ուրանի, այսպես ասած՝ հետազոտական աշխատանքները դադարեցնելու դեմ, ուրանասերները նոր հետազոտական աշխատանքներ են սկսել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում, իսկ ավելի որոշակի՝ Թթուջրից Այգուտ գյուղերի տարածքում:
Դեռեւս 2006թ. ամերիկյան «Գլոբալ գոլդ» ընկերությունը գունավոր մետաղների ուսումնասիրություն սկսեց նշյալ տարածքում: Ընկերությանը մասնավորապես հետաքրքրում էին պղինձն ու ոսկին, սակայն որոշ ժամանակ անց հետազոտական աշխատանքները դադարեցվեցին մի պատճառաբանությամբ: Ընդ որում՝ ընկերության պաշտոնական կայքէջում հրապարակվեց այդ հիմնավոր պատճառը, ըստ որի՝ տվյալ տարածքում ուրան կա: Այս տեղեկատվությունը բավական մեծ աղմուկ բարձրացրեց: Ինչեւէ, քանի որ «Գլոբալ գոլդի» իրավասությունների շրջանակում ռադիոակտիվ նյութերը չէին ներառվում, ընկերությունը ետ կանգնեց այդ ծրագրից: Սակայն այս ընկերությանն անմիջապես հաջորդեց մի նոր ընկերություն, որը ստացավ ՀՀ-ում ուրանի պաշարների հետազոտության եւ ուրանային հանքավայրերի շահագործման մենաշնորհը, իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ Կառավարության «դաբրոն»: 2008թ. փետրվարի 6-ին ՀՀ Բնապահպանության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգետիկայի պետական կորպորացիայի միջեւ հուշագիր ստորագրվեց: Այդ հուշագրով ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման համագործակցության զարգացման «ամուր» հիմքեր դրվեցին: Եվ ՀՀ Կառավարությունը սկսեց երկրի բնական պաշարները վաճառելու կամ, այլ կերպ ասած՝ «աղերսագին» գործընթացը: Կառավարության «էստի համեցեք»-ի հրավերն ու բանակցություններն ուղղվեցին ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ին՝ փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու համար: Եվ ստեղծվեց «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն: Ի դեպ, պարզվում է՝ արդեն մի քանի ամիս է`խախտվել է ուրանի մոնոպոլիայի «կանոնադրությունը»:
Արդեն մի քանի ամիս է՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Թթուջուր-Այգուտ գյուղերի տարածքում նոր ուսումնասիրություններ են թափ առել: Տարածքը ներառում է Թթուջուր, Գետիկ, Մարտունի եւ Այգուտ գյուղերը: Այստեղ դեռեւս 2007թ.-ից ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներ են սկսվել: Ճամբարակում գործող «Արեգունի» սոցիալական զարգացման հ/կ-ի նախագահ Գայանե Խաչատրյանի փոխանցմամբ՝ 20 կմ-ի վրա կառուցվել է մոտ 10 ՀԷԿ-եր, որոնց տերերը սեւանցի բիզնեսմեններ են: «Խախտվում է գետի կենսաբազմազանությունը, իսկ մեր տարածաշրջանն ունի անապատացման խնդիր»,- ասաց Գ. Խաչատրյանը՝ ընդգծելով այն խոսակցությունները, որոնք կային դեռ այն ժամանակ: Համաձայն քաղաքում պտտվող լուրերի՝ ՀԷԿ-երը կառուցվել են հանքարդյունաբերությանը նպաստելու համար (իհարկե, սա ընդամենը խոսակցություն է): «Մի երկու ամիս առաջ հանքարդյունաբերական բուռն աշխատանքներ են սկսել՝ տրակտորներ են աշխատում, տեխնիկա է աշխատում: Տասնյակ հեկտար տարածության վրա ակոսներ են բացել: Ինչ-որ աշխատանքներ են ընթանում»,- մեզ հետ զրույցում ասաց Ճամբարակում գործող «Արեգունի» սոցիալական զարգացման հ/կ-ի նախագահը: Ըստ նրա՝ ուրանի պաշարների մասին խոսվում էր դեռեւս Խորհրդային Միության տարիներին: Հետաքրքիրն այն է, որ մինչ օրս ուսումնասիրություն կատարող ընկերության անունը գաղտնի է պահվում: Ներկայումս շրջանառվում են «Գլոբալ գոլդի» եւ հնդկական անհայտ ընկերության անունները: Ի դեպ, տվյալ տարածաշրջանում «Հայ-ռուսական լեռնահանքային» ՓԲԸ-ի գործունեությունը բացառել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Ի պատասխան «Էկոլուր» հ/կ-ի այս տարվա ապրիլի 27-ի նամակի, Ա. Գալստյանը մայիսի 10-ին ուղարկված նամակում նշել է. «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ն՝ համաձայն ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից 2009թ. օգոստոսի 5-ին տրամադրված N88 ուսումնասիրության հատուկ լիցենզիայի, երկրաբանական աշխատանքներ իրականացնում է միայն ՀՀ Սյունիքի մարզում»: Ինչեւէ, ուրանի պաշարների առկայության մասին գետիկցի բնակիչները լսել էին դեռեւս Խորհրդային Միության տարիներին: Ասում են՝ երկրաբանները միշտ էլ գալիս-գնում են այդ կողմերը: «Ասում են՝ մըր գյուղացիք շուտ են մեռնում, որովհետեւ էստեղ ուրանի հանք կա»,- նշեցին Գետիկի բնակիչները: «Ուր էր թե՝ ուրան լիներ»,- շտապով ասաց գյուղի տղամարդկանցից մեկը: «Թող բացեն, կգնանք աշխատենք, բա ի՞նչ անենք»,- ավելացրեցին գյուղապետարանի բակում հավաքվածները: Հարցին, թե վտանգավո՞ր չէ, պատասխանեցին. «Բա ի՞նչ անենք, գործ չկա»: «Ուրանը մի քիչ դժվար խնդիր ա, մեր բանը չի: Բայց ոսկու հանքեր կային: Երեւի քիչ էին, դրա համար չբացեցին, պահուստային են պահում»,- ասաց Գետիկի գյուղապետ Աշոտ Դալլաքյանը՝ քիչ անց ավելացնելով. «Միգուցե կա: Եթե լինի, ավելի լավ՝ գյուղը կհանեն էստեղից: Մարդիկ գոնե կկարողանան շնորհքով ապրել»: 530 բնակիչ ունեցող գյուղն այսօր խնդիրների պակաս չունի: Գյուղից արտագաղթողների թիվը մոտ 15 % է: Ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է: Գյուղի՝ 336հա վարելահողերը գտնվում են բարձրադիր գոտում, ինչպես գյուղապետը նշեց, քարքարոտ տեղերում: Այս տարի մշակվել է միայն 120հա հող: Հողերի քիչ մշակելու պատճառը սերմերի պակասն է եւ մարդկանց հիասթափությունը: «Ժողովուրդն էս բնության հետ մի քիչ շատ ա կռվել, արդեն հոգնել են: Բերքի ինքնարժեքը երբեք չի բռնում շուկայական գնի հետ: Անցյալ տարի կարտոշկեն 25 դրամ էր, իսկ մեզ մոտ ինքնարժեքը մոտ 80 դրամ բռնում ա: Ո՞վ կցաներ: Էս տարի էլ չցանեցին, 180 դրամ դառավ, բայց ժողովուրդը կարտոշկա չուներ»,- ընդգծեց Գետիկի գյուղապետը: Վերջինս մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ, ճիշտ է, դեռեւս խորհրդային տարիներին ուրանի մասին խոսակցություններ կային: «Մեզ մոտ քաղցկեղով հիվանդները շատ են: Ըստ երեւույթին՝ դրա արդյունքն է»,- նկատեց Աշոտ Դալլաքյանը` հիշելով 4 տարի առաջ Մարտունիում ուսումնասիրություն կատարած ճապոնացիների կարծիքը, ովքեր Գետիկ գյուղում արձանագրեցին ամենաբարձր ռադիոակտիվ դաշտը: «Աստված տա՝ ուրանի հանք բացեն, մենք էլ գնանք աշխատենք: Շուտ կաշխատենք, շուտ էլ կմեռնենք, էլի»,- դառնությամբ ասացին գյուղի բնակիչները, ովքեր այլեւս որեւէ այլընտրանք չեն գտնում: