Մեր Կենտրոնական բանկի բախտն ակնհայտ չի բերել: Կառավարման մյուս մարմինները կամքի ազատություն ունեն: Ինչով ուզենան` դրանով էլ կզբաղվեն: Որովհետեւ գործող օրենսդրությունը չի սահմանել նրանց գործունեության (կամ գոյության) հիմնական խնդիրը: Այսինքն` ապրիորի հասկանալի է, թե ինչով պիտի զբաղվի ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ Ազգային ժողովը, Սահմանադրական ու մյուս դատարանները, Արտաքին գործերի կամ Մշակույթի նախարարությունները: ՀՀ օրենսդրությունն, իհարկե, սահմանել է այդ ապրիորի կոչված ոլորտները: Բայց սահմանել է, այսպես ասած, ընդհանուր կարգով: Օրենսդրությունն, օրինակ, չի սահմանել, որ խորհրդարանի հիմնական խնդիրը կրթության ոլորտի օրենքների ընդունումն է: Իսկ կառավարության հիմնական խնդիրը՝ թոշակները ժամանակին բաժանելը: Մինչդեռ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը սահմանել է: 1996թ. հունիսի 30-ին ընդունված «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքն անցած տարիների ընթացքում 27 անգամ փոփոխությունների է ենթարկվել ու լրացվել: Ահագին բան փոխվել ու վերափոխվել է: Նույնիսկ այդ օրենքի 4-րդ հոդվածն է մի անգամ փոփոխվել: Բայց դրա բովանդակությունը մնացել է նույնը: Ես դժվարությամբ եմ հաղթահարում մեր թերթի գլխավոր խմբագրի կամոք իմ հոդվածներին հատկացված տարածքի չափով ԿԲ-ի մասին օրենքի 4-րդ հոդվածը եւ դրա փոփոխությունը մի քանի անգամ վերատպելու գայթակղությունը: Վերատպելը` թերթի մի քանի համար շարունակ: Հատկապես այս` նախատոնական առեւտրի օրերին: Երբ բոլորը, անգամ չինովնիկներից ոմանք, նկատում են, որ մեր երկրում տնտեսական գործընթացներն էականորեն տարբերվում են ալամ աշխարհում կատարվողներից: Համաշխարհային առեւտրի 40 տոկոսը բաժին է ընկնում դեկտեմբեր ամսվան: Որովհետեւ Ամանորը համաշխարհային առեւտրում գների անկման` զեղչերի շրջան է: Բայց մի քանի օր առաջ, երբ թռչնաբուծական ձեռնարկությունները հայտարարեցին, որ տոներից առաջ ձուն չեն թանկացնի, սպառողները միանգամից գլխի ընկան, որ այդ ապրանքատեսակը թանկանալու է: Առնվազն 25 տոկոսով: Երբ ներկրվող ու տեղական արտադրության սննդամթերքը նույնքան ու ավելի թանկացավ, բոլորը հասկացան, որ այս տարի էլ ոչինչ չի փոխվել: Չնայած, որ չի փոխվել նաեւ «Կենտրոնական բանկի մասին» օրենքը: Պաշտոնապես հայտարարվեց, որ այս տարի գնաճը կազմում է 9,1 տոկոս ու մոտ երկու անգամ գերազանցում է օրենքով նախատեսված ցուցանիշը: «Ինչո՞ւ է կարտոֆիլը թանկացել» հարցին գյուղատնտեսության նախարարը հնարավոր բոլոր լրատվամիջոցներով պատասխանեց. «Գյուղնախարարությունը գին որոշող չէ, գինը շուկան է որոշում»: Դրանից հետո ոչ ոք չպահանջեց գյուղնախարարի հրաժարականը: Որովհետեւ ոչ մի օրենքում գրված չէ, որ Գյուղնախարարությունը պատասխանատու է կարտոֆիլի, մանգաղի կոթի, կամ տրակտորի անվադողերի գների համար: «Ո՞վ է պատասխանատու գների համար» հարցին հստակ պատասխանում է «ԿԲ-ի մասին» ՀՀ օրենքը: Տեսնենք, թե ինչ է գրված այդ օրենքի 4-րդ հոդվածում, որ վերնագրված է` «Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը»: Հոդվածի 1-ին կետն արձանագրում է. «Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ամրապնդումն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը»: 2007թ. հունվարին տեքստը վերախմբագրվել է հետեւյալ կերպ. «ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է հանդիսանում գների ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը»: Համաձայնեք, որ փոփոխություն համարյա չկա: Ավելի ճիշտ, կա փոփոխության իմիտացիա: Ինչ-որ մարդկանց պետք է եղել անմիջական ղեկավարությանն ապացուցել, որ աշխատանքային ժամերին «մուկ տշելով» չեն զբաղվել, այլ օրենսդրություն են կատարելագործել: Արդյունքում պարզ տեքստը խմբագրվել է` վերածվելով շատախոսության: Այդ մեթոդին ժողովուրդը, կարծեմ, օտարալեզու «զավզակություն» անունն է տվել: Բայց դա այլ հարց է: Հայոց լեզվի նկատմամբ շահախնդիր վերաբերմունքով ոչ մեր խորհրդարանականներն են աչքի ընկնում, ոչ` ֆինանսիստները: Կարեւորն այն է, որ գների կայունությունը վերախմբագրված տեքստով էլ մնում է ԿԲ-ի հիմնական խնդիրը: Ավելին` նոր օրենքի հեղինակներին չի հաջողվել աղճատել 4-րդ հոդվածի 2-րդ կետը: Իսկ այն սահմանում է. «Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին եւ ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ»: Դժվարանում եմ միանշանակ ասել` արժե՞ր արդյոք նախատոնական օրերին հիշեցնել այս օրենքի մասին, թե՞ ոչ: Նախատոնական գնաճի օրերին սպառողը լավ էլ հիշում է այդ գործընթացի մեղավորներին: Հիշում է` առանց որեւէ հուշումի: