Տիգրան Նալբանդյան. ծնվել է 1975թ., միջազգային գրոսմայստեր է: 1990թ. Հայաստանի երիտասարդական թիմի կազմում հաղթել է ԽՍՀՄ վերջին առաջնությունում, 2004, 2007 եւ 2010թթ. հաղթել է Դորտմունդի մրցաշարերում: 2001 թվականից մարզչական գործունեություն է իրականացնում: Աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի մարզիչն է: Թուրինի ոսկե օլիմպիադայում Հայաստանի հավաքականի մարզիչն էր: Խոստումնալից սաներ ունի Հայաստանում:
Կրամնիկի մասին
– Տիգրան, բա՞րդ է աշխարհի չեմպիոնի մարզիչ լինելը, մարդու, ով համաշխարհային թագը կարողացավ նվաճել անձամբ Կասպարովից, եւ ընդհանրապես, ի՞նչն է տարբերակում նույն մակարդակում խաղացող շախմատիստների շարքում չեմպիոնին ոչ չեմպիոններից:
– Բարդ չէ եւ նույնիսկ հաճելի է: Ցանկացած մասնագիտության մեջ կան լավ մասնագետներ, շատ լավ մասնագետներ, տաղանդներ եւ հանճարներ: Եվ, երբ շփվում ես հանճարի հետ, ով ոչ թե քո կարծիքով, այլ` բոլորի կողմից է հանճար ընկալվում, այդ համագործակցության հաճույքը ծածկում է բոլոր բարդությունները: Իհարկե, բարդություններ կան, պետք է հաշվի առնես, թե ո՞ւմ դեմ է հանդես գալու, ի՞նչ ուժի մրցակից է, ի՞նչ ոճ է նախընտրում: Կարող ես պատրաստել միջին մակարդակի գրոսմայստերի դեմ խաղի, իսկ նա պետք է խաղա, ասենք, նույն Կասպարովի, Անանդի, Թոփալովի դեմ: Հետեւաբար, դու պետք է քո մակարդակից մեկ-երկու գլուխ բարձր աշխատես: Որովհետեւ կարող է ստացվել, որ 10-12 ժամվա վերլուծությունդ Կասպարովը կամ նրա կարգի վարպետը 30-40 րոպե մտածելով հիմնովին հերքի: Հետեւաբար, ահավոր մեծ պատասխանատվության խնդիր կա այստեղ: Ժամանակի ընթացքում վարժվում ես դրան ու փորձում գործդ լավ կատարել:
Իմ եւ Կրամնիկի հարաբերություններում զուտ մարզիկ-մարզիչը չէ գերակշռողը, մենք 20 տարվա ընկերության փորձ ունենք, եւ ես կարող եմ ինձ թույլ տալ նրան հարցեր ուղղել, որոնց նա չէր պատասխանի, ասենք, լրագրողի հետ խոսելիս: Ճիշտ հասկացեք, այն, ինչ կարելի է ասել ընկերոջդ, ոչ մի դեպքում չես ասի ոչ այնքան հարազատ մեկին: Կոպիտ ասած, սա անգին ինֆորմացիա է, եւ, եթե այսօր գնահատում ենք հայկական շախմատի հաջողությունները, հավատացեք, դրանում Կրամնիկի լուման էլ կա:
Չեմպիոնը ինչով է տարբերվում… Բարդ սուբստանց է քննարկելու համար: Բոլոր չեմպիոնները տարբեր են, իրենց յուրահատկություններն ունեն: Բայց հենց նրանք են հանճարները շախմատում:
– Տեսեք, Կրամնիկը հաղթեց Կասպարովին, ինչն այդ պահին անհնար էր թվում: Կա՞ չեմպիոնի ընդհանրացված հասկացություն, այս պահին եւ այստեղ բոլորից ուժեղ լինելը, հոգեբանական առանձնահատկությունը, ընդհանուր պատրաստության մակարդակը:
– Նախ, չեմպիոնը, խոսքս մեծ չեմպիոնների մասին է, պետք է ունենա խաղի իր փիլիսոփայությունը: Ֆիշերն, օրինակ, ասում էր, որ գերագույն հաճույք է ստանում, երբ տեսնում է մրցակցի էգո-ի կոտրվելը: Կասպարովը հաճույք էր ստանում դիրքային առավելություն ստանալիս, երբ մնում էր մրցակցին ծնկի բերելու պրոցեսը: Կրամնիկը մի քիչ այլ է, նա հաճույք է ստանում առավելություն ստանալու պրոցեսից: Այն, ինչ շախմատում իրեն հետաքրքիր էր, տեղի է ունենում այդ ընթացքում: Ես սա մի փոքր ուռճացված ձեւով եմ ներկայացնում, բայց ընդհանուր ուրվագիծը սա է: Կասպարովի փիլիսոփայությունը պայքարն էր իր բոլոր ատրիբուտներով, Կրամնիկի դեպքում այլ է. նա ավելի նման է նկարչի, որ ցանկանում է իր կտավի կատարելությանը հասնել, եւ, թե ինչ արդյունքի կհասցնի այդ նկարչությունը` ինչ-որ իմաստով երկրորդական է: Անշուշտ, ոչ մի չեմպիոն պարտվել չի սիրում, պարզապես Կրամնիկը ձգտում է խաղալ անսխալականին մոտ պարտիա, եւ դա իր համար շատ ավելի կարեւոր է, քան իր ամենաչսիրած հակառակորդին նվաստացնելով հաղթելը: Կասպարովն ինքը բազմիցս նշել է Կրամնիկի մի բացառիկ հատկանիշը, այն է` ինտուիտիվ զգացումը: Սա ռացիոնալ բացատրություն չունի նույնիսկ Կրամնիկի կողմից: Կարող է ինչ-որ դիրք տեսնել ու առաջին վայրկյանին իսկ գնահատել: Ինչպե՞ս, ինչո՞ւ, ինքն էլ բացատրություն չունի, զգում է: Սա ոչ թե միստիկա է, այլ պարզապես գիտելիքի, ինտելեկտի որոշակի պաշարը հանգեցնում է նման ինտուիտիվ մտածողության: Բազմիցս հարցրել եմ, թե ինչո՞ւ այդ տարբերակն առաջարկեց, բայց չի կարողանում բացատրել: Կրկնեմ, 20 տարվա ընկերս է, եթե ասելու բան ունի ինձ` հաստատ ասում է: Այդպիսին էր Վասիլի Սմիսլովը, բայց նա այլ կերպ էր բացատրում իր այդ հատկանիշը: Երեւի բուդդիստական տարբերակով: Նա համոզված էր, որ նախորդ կյանքում էլ շախմատ է խաղացել եւ այդ քայլերն իր նախկին կյանքի փորձից են: Ես բախտ եմ ունեցել Սմիսլովի հետ շփվելու, այնպիսի տպավորություն էր, որ լուրջ է ասում:
– 20-րդ դարում աշխարհի չեմպիոններն անվիճարկելի էին, առավելագույնը չեմպիոնի մակարդակի խաղացող մեկ շախմատիստ էր լինում: Կրամնիկը 21-րդ դարի առաջին չեմպիոնն էր, որ հաղթեց անվիճելի թվացող Կասպարովին: Կրամնիկին զուգահեռ ծաղկում ապրեց համակարգիչը, որը սկսեց մարդուն հաղթել: Դրա միջոցով ուժեղ շախմատիստ պատրաստելը երեւի հեշտացավ: Այսօր Կրամնիկի մակարդակում խաղացող առնվազն 5-6 շախմատիստ կա: Ի՞նչ կնշանակի սա, համակարգիչը թույլ է տալիս Կրամնիկի մակարդակի խաղացողներ պատրաստելը հոսքային արտադրությո՞ւն դարձնել:
– Ես նման մտքի հետ չէի համաձայնի: Մրցակցություն միշտ է եղել, բայց այն ժամանակներում էլ մրցակցությունը եղել է մի քանիսի միջեւ: Երկու հոգու բացահայտ գերիշխանություն կար Կարպովի եւ Կասպարովի ժամանակներում: Նույն Տալը աշխարհի թագի կորստից 15 տարի անց խաղաց 80 պարտիա առանց պարտության, ինչը առ այսօր կարողացել է կրկնել միայն Կրամնիկը: Համակարգիչը, հակառակը, բարդացրեց շախմատային կյանքը: Առաջներում մարդիկ ուսումնասիրում էին միայն նորմալ պարտիաները: Հիմա, համակարգչի գոյության պայմաններում, ստիպված ես ուսումնասիրել կարգով ավելի քանակի պարտիաներ: Որեւէ սիրողական պարտիայում կարող է հանդիպել այնպիսի տարբերակ, որը մինչ այդ որեւէ մեկի մտքով անգամ չէր անցել, հետեւաբար, եթե դու լավ վերլուծաբան ես, ապա պարտավոր ես ոչինչ ուշադրությունից բաց չթողնել: Հիմա կտրուկ առաջին պլան է մղվել մարզիկի թիմի գաղափարը: Առաջներում էլ աշխարհի չեմպիոնն ու հավակնորդները թիմ էին ձեւավորում տվյալ մրցամարտին պատրաստվելու համար, իսկ հիմա ոչ միայն չեմպիոնին ու հավակնորդներին, այլեւ բարձրակարգ շատ գրոսմայստերների մշտապես աշխատող թիմ է անհրաժեշտ: Այսօր աշխարհի առաջին 20 գրոսմայստերներն իրենց թիմերն ունեն: Դա արդեն առաջին անհրաժեշտություն է: Այն, ինչ այստեղ եք տեսնում (մեր զրույցին մասնակցում են Զավեն Անդրեասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը.- Ո.Մ.), նույնպես թիմ է:
– Կրամնիկի թեման ավարտելով` չեմ կարող չհարցնել. Ձեր սանը կարո՞ղ է վերադարձնել տիտղոսը:
– Շատ բարդ հարց է: Տիտղոս նվաճել, վերադարձնել… Այստեղ նաեւ բախտի գործոնը կա, որովհետեւ, եթե նայում ենք չեմպիոնների անցած ուղին` միշտ ինչ-որ տեղ այդ գործոնը եղել է: Բացատրեմ, թե ինչը նկատի ունեմ: Մագնուս Կարլսենը հրաժարվել է հավակնորդների պայքարից, ուրեմն ինչ-որ մեկը, որ կարող էր նաեւ պարտվել նրան, արդեն իսկ շահած է. աշխարհի հզորներից մեկը չի խաղալու: Բայց ինքը դրանում որեւէ մեղք չունի, ճի՞շտ է: Ապագա չեմպիոնին ոչ ոք չի կարող ասել, թե նա արժանի չէր, որովհետեւ… Բայց փաստը մնում է փաստ: Նույն Արոնյանը այս փոխատեղման արդյունքում արդեն կիսաեզրափակիչում կարող է հանդիպել Կրամնիկին, իսկ այնտեղ նախատեսված է 4 պարտիա: Նման մասշտաբի խաղացողների համար սա չափազանց կարճ տարածություն է օբյեկտիվ ուժեղին պարզելու համար: Ով էլ հաղթի` դա չի նշանակելու, որ նա միանշանակ ուժեղն էր, պատահականության գործոնը այս դեպքում իսկապես մեծ է:
Հայաստանի շախմատի մասին
– Այս օրերին մեր պատանեկան հավաքականը Թուրքիայում ջախջախում է մրցակիցներին: Կարո՞ղ ենք վստահ ասել, որ արդեն ոչ միայն շախմատային սերունդ, այլեւ` վստահելի հերթափոխ ունենք:
– Ես փոքր-ինչ այլ կերպ կնայեի հայկական շախմատային սերնդի հարցին, որովհետեւ կարելի է տարանջատել խնդիրը. հավաքական, հավաքականից հետո, ուր նույնպես շատ հետաքրքիր բաներ են կատարվում, եւ հետո արդեն՝ պատանեկան շախմատ: Հավաքականի ու պատանիների արանքում մենք ունենք մի քանի շատ ուժեղ գրոսմայստերներ, ովքեր դեռ կայացման փուլում են: Եթե նայենք հիմնական կորիզը, կրկնակի օլիմպիական չեմպիոններին, այնպես չէ, որ նրանցից յուրաքանչյուրն անվերապահ տեղ ունի թիմում: Հիմա, օրինակ, Սերգեյ Մովսիսյանին վերադարձնելու խնդիր կա:
– Դուք ունե՞ք Հայաստանի շախմատի ֆենոմենի բացատրությունը: Արոնյանից ցած գտնվողների գործակիցներն այնքան էլ տպավորիչ չեն, բայց հավաքականը տարեցտարի հզորագույն արդյունքներ է գրանցում: Ընդհանրապես, ո՞րն է անհատական շախմատի եւ թիմային շախմատի առանձնահատկությունը:
– Տեսեք, ինչումն է խնդիրը: Իհարկե, շախմատը անհատական խաղ է, թիմային մրցումների ժամանակ էլ անհատներ են խաղում: Բայց արի ու տես, որ այդ թիմային ոգի կոչվածը այդտեղ աշխատում է: Ընդ որում, թե խաղի ընթացքում, թե դրան նախորդող ժամանակահատվածում: Չեմ ուզում ծեծված բառեր օգտագործել ջերմ մթնոլորտի, թեւութիկունքի եւ այլ բաների մասին, բայց դա իրականություն է: Դրան հասնելը այնքան էլ հեշտ չէր, բայց ստացվեց: Ես, օրինակ, հավաքականի ղեկը ստանձնելիս խնդիր դրեցի գնացածներին վերադարձնել` Արոնյանին, Ռաֆայել Վահանյանին, Սերգեյ Մովսիսյանին: Հաջորդ խնդիրն այն մթնոլորտի ստեղծումն էր, որպեսզի մարդիկ միմյանց օգնեն: Տեղյակ մարդիկ գիտեն, այն ժամանակ այդպես չէր, հավաքականում կային մարդիկ, որ իրար չէին օգնի: Եթե մեկն, օրինակ, ինչ-որ լուծում էր գտնում, պարտադիր չէ, որ կիսվեր թիմակցի հետ: Կոպիտ ասած` կարող եմ ցույց տալ, կարող եմ ցույց չտալ: Բազմաթիվ գործոններ կային, եթե վերլուծենք Թուրինի օլիմպիադան, թիմում կային երեք տարբեր սերունդների խաղացողներ, եւ կային նաեւ անձնական պահեր: Մեր հավաքականի փորձը ցույց տվեց, որ դա հաղթահարել հնարավոր է: Մեր մասին կարծիք կա, չէ՞, որ հայերն իրար չեն օգնում: Բայց եթե ավելի մեծ նպատակ է դրվում, քան անհատների հարաբերություններն են, ապա մարդկանց միավորելը ավելի հեշտ է դառնում: Եվ հետեւաբար, Օլիմպիադայում հաղթելը շատ ավելի բարձր նպատակ էր, քան շախմատիստների անձնական հարաբերությունները: Խոսքերով սա նկարագրելը հեշտ է, բայց հավատացեք, պրոցեսն ինքը շատ բարդ է: Ես բազմաթիվ հավաքականներ գիտեմ, որոնք փորձում են նման համագործակցություն ստեղծել, բայց չի հաջողվում:
– Խանտի-Մանսիյսկի անհաջողության արմատը ո՞րն էր, հոգնե՞լ էին չեմպիոնությունից:
– Հոգնել` չէի ասի, ես ուշադիր հետեւել եմ ընթացքին: Չգիտեմ, կոռե՞կտ է իմ կողմից դա մեկնաբանելը, քանի որ ես թիմի հետ չեմ աշխատել: Միայն հաղթելու ցանկությունը երեւի բավարար չէ: Պատրաստվելու ընթացքում ինչ-որ պահի թույլ տրված վրիպումը կարող է պատճառ լինել, եւ հազարումի բան… Նախորդ օլիմպիադաներում հաղթանակները ոմանք պատահականություն էին համարում, իսկ ես, անկեղծ ասած, սպասում էի, որովհետեւ ներսից տեսնում էի կատարված աշխատանքը, եւ արդյունքը սպասելի էր: Զուտ մարզական առումով վերջին օլիմպիադայում խնդիրներ չունեցավ միայն Արոնյանը, ինչն էլ ապացուցվեց առաջին խաղատախտակի արդյունքներով: Իսկ եթե թիմում կա առաջատար, ապա այն միշտ կարելի է հաղթական դարձնել:
– Բնականաբար, այս հարցը հետաքրքրում է բոլորիս: Դուք ունե՞ք Արոնյանի ֆենոմենի բացատրությունը, կարո՞ղ է Լեւոնը դառնալ աշխարհի չեմպիոն:
– Միանշանակ կարող է, եւ բացատրեմ` ինչու: Շախմատի պատմությունը ցույց է տալիս, որ չեմպիոնությունը հանճարների համար է, եւ Արոնյանն, իմ կարծիքով, տեղավորվում է այդ ձեւակերպման մեջ: Իհարկե, կան օրինակներ, որ հանճարը չի դարձել չեմպիոն, դրա ամենավառ օրինակը Վասիլի Իվանչուկն է: Շախմատային աշխարհը ընդունում է նրան որպես հանճարի, բայց նա չեմպիոն չդարձավ ու արդեն չի դառնա: Այսինքն, միայն հանճար լինելը բավարար չէ, անհրաժեշտ են շատ այլ գործոններ: Բնության տվածի շնորհիվ Արոնյանը կարող է դառնալ, եւ, եթե դառնա, ուրեմն մյուս մնացած գործոններն էլ ճիշտ են կիրառվել: Դա իսկապես շատ բարդ է բոլոր առումներով: Հասկանո՞ւմ եք, տիտղոսի նվաճման համար հարկավոր է այնպիսի զոհողությունների գնալ, որոնք, շատ հնարավոր է, եւ չարդարացվեն, մի սխալն ամեն ինչ կարող է ջնջել: Նաեւ հոգեբանական գործոնը կա: Լեւոնը շախմատում չի տիրացել միայն մեկ տիտղոսի` աշխարհի չեմպիոնի, եւ բոլորս սպասում ենք հենց դրան: Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի ճնշում է նա զգում: Հիմա իմ այս խոսքն էլ կարծես թե կրակին յուղ լցնելու պես բան է: Ես արդեն Կրամնիկի օրինակով տեսել եմ, թե ինչ դժվար է, եւ, տեսնելով Լեւոնի ուղին, որպես այս գործից քիչ թե շատ հասկացող մարդ, կարող եմ ասել, որ նա ճիշտ ճանապարհով է գնում:
– Վերջին տարիներին հաջող է խաղում նաեւ մեր կանանց հավաքականը: Անցել են ժամանակները, երբ նախանձով էինք նայում Վրաստանին, ուր տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ, շարունակ բնակվում էին աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիները:
– Ցավոք, չեմ կարող ասել նույնը, ինչ տղամարդկանց մասին: Կանանց առաջին հավաքականի թիկունքում այսօր չկա ռեզերվ, ինչպես տղամարդկանց դեպքում: Ավելին, այսօրվա հավաքականում իրական առաջընթաց ես տեսնում եմ միայն Լիլիթ Գալոյանի դեպքում: Անշուշտ, մեր հավաքականի հաջողությունները պայմանավորված են Աշոտ Անաստասյանի մարզչական եւ մարդկային տաղանդով:
– Շախմատի ֆեդերացիայի նախագահը նաեւ երկրի նախագահն է` Սերժ Սարգսյանը: Այս հանգամանքը չի՞ կաշկանդում: Ինչո՞ւ եմ հարցնում. տեսեք, հարեւան երկրի նախագահն էլ կարծես թե իրենց շախմատիստներին է հովանավորում, բայց նրանք ինչ-որ առումով կաշկանդված են: Տպավորություն է, թե խնդիր է դրվում ամենուր հաղթել հայ շախմատիստներին կամ մեր հավաքականին, իսկ ընդհանուր արդյունքը կարեւոր չէ:
– Հարցը ճիշտ հասցեով է: 2004-ին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ մեր ֆեդերացիայի նախագահ, ես ստանձնեցի հավաքականի մարզչի պարտականությունները եւ ամեն ինչ տեսել եմ ներսից: Նրա դերը հատկապես մեծ էր հավաքականում փոխհարաբերությունները շտկելու հարցում, ինչի մասին քիչ առաջ նշում էի: Եթե կուզեք, նա հավաքականի մարզչի ամենամեծ աջակիցն է: Նման համագործակցության տարբեր տարբերակներ կան, մարդը կարող է մեծահարուստ լինել, աջակցել, բայցեւ միջամտել, ինչը միայն կխանգարի: Կարող է ֆինանսավորել ու անտարբեր հետեւել արդյունքին: Բայց մեր տարբերակը ամենահազվադեպն ու ամենաարդյունավետն է, սա չեմ կարող չնշել: Կարծում եմ, մեր բոլոր շախմատիստների անունից կարող եմ ասել, որ երբեւէ Սերժ Սարգսյանի ներկայությունը, նրա մասնակցությունը մեր գործերին մեզ համար կաշկանդող գործոն չի եղել: Մեր հարեւանների մասով երբեւէ խնդիր չի դրվում: Մենք չունենք ադրբեջանցիներին հաղթելու գերնպատակ, եւ, կարծում եմ, այստեղ բացատրությունը շատ պարզ է. իրենք մեզ մի քիչ այլ կերպ են վերաբերվում, քան մենք իրենց:
Սաների մասին
– Կրամնիկից բացի, մարզում եք նաեւ այլ շախմատիստների եւ ոչ պակաս փայլուն արդյունքներ եք ստանում: Միայն Զավեն Անդրեասյանի եւ Սամվել Տեր-Սահակյանի նվաճած տիտղոսները եթե թվարկեմ, կարող է թերթի էջում չտեղավորվել: Ո՞ւմ թռիչքին սպասենք հաջորդը:
– Անհատական գործակցով Զավենը Հայաստանում արդեն 4-րդն է, Սամվելն էլ պակաս աճ չի արձանագրում: Ամենակարեւորը, որ գնում են ճիշտ ճանապարհով: Եթե որեւէ մասնագետի հարցնեք, թե որն է Զավենի հնարավորությունների «առաստաղը», նա չի կարողանա ասել: Սա է գնահատականը, որովհետեւ, եթե այդ «առաստաղը» երեւում է, ուրեմն վերջ, դրանից այն կողմ առաջընթաց չի լինելու: Մարզչի համար գայթակղություն կա՝ շուտ գործակից ավելացնել, ինչ-որ արդյունքներ ստանալ, բայց մենք այլ ուղի ենք ընտրել` պլանավորված զարգացնել արդյունքը: Եվ առայժմ երկուսի դեպքում էլ այդ պայմանական «առաստաղը» չի երեւում: Ինչպես Կրամնիկի դեպքում, այստեղ էլ մեր գերնպատակը անընդհատ զարգացումն է, կատարելության ձգտումը: Եվ սա արդյունավետ ուղի է: Տեսեք, Զավենը նվաճեց Ռուսաստանի գավաթը, հայ շախմատիստներից այդքան բարձր կարգի մրցաշարերում հաղթել հաջողվել է Ռաֆայել Վահանյանին, Վլադիմիր Հակոբյանին, Լեւոն Արոնյանին եւ, ահա, Զավենին: Սա գիտե՞ք ինչի է նման, ասենք, գնաս ԱՄՆ եւ բասկետբոլի չեմպիոն դառնաս: Սամվելը Հայաստանի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ գրոսմայստերն է, եւ, պիտի ասեմ, որ շարժվում է մոտավորապես Արոնյանի գրաֆիկով: Խոստումնալից երիտասարդներ շատ կան, բայց երբ խոսքը Սամվելի մասին է, նրա վերաբերմունքի, պետք է ասեմ, որ շատ լուրջ է նրանից ակնկալիքս: Սա ցանկություն կամ մաղթանք չէ, սա իրողություն է: Չնայած, մարզչի կողմից ճիշտ չէ սանի ներկայությամբ այս ամենն ասել:
– 2010-ը շախմատային առումով կարո՞ղ եք ընդհանրացնել, գնահատել:
– Ես ընդհանրացնելու մեծ վարպետ չեմ, իսկ շախմատն անհատական խաղ է: Իհարկե, շատ մեծ հաջողություններ եղան, հիմա էլ սպասում ենք հերթական հաջողությանը (խոսքը պատանեկան օլիմպիադայի մասին է, մեր զրույցի պահին Հայաստանի հավաքականը 8 մրցամարտից հետո 8 հաղթանակով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը.- Ո.Մ.): Հայկական շախմատը բավական երիտասարդ է, եւ, հույս ունեմ, որ առավել մեծ հաջողությունները դեռ առջեւում են: