Իրավաբանի անկյուն

16/12/2010

Հարց

Կարո՞ղ է արդյոք սիրողական կատարված ձայնագրությունը որպես ապացույց ներգրավվել քրեական գործում:

ք. Երեւան, Գարեգին

Պատասխան

Հարգելի՛ ընթերցող, Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կարգի էական խախտմամբ: Քրեական գործով վարույթի ընթացքում տեսաձայնագրման արդյունքները կարող են ճանաչվել ապացույց միայն այն դեպքում, եթե դրանք ստացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների արդյունքում:

Այս տեսանկյունից պետք է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ դրանք ապօրինի ձեռք բերված լինելով որպես առանձին ապացույց չեն կարող ընդգրկվել տվյալ քրեական գործով, սակայն դրանք կարող են ուղարկվել փորձաքննության, ինչի արդյունքում կազմված փորձագիտական եզրակացությունը արդեն որպես ապացույց կարող է ընդգրկվել տվյալ քրեական գործովգ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի:

Հարգելի ընթերցող
, «168 Ժամում» մեկնարկած «Իրավաբանի անկյուն» խորագրի նյութերը պատրաստում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ): Կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով անվճար իրավաբանական ծառայություններ ստանալու համար կարող եք դիմել ՀԵԻԱ-ի Երեւանի հակակոռուպցիոն կենտրոն հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 (մուտքը բակի կողմից), կամ զանգահարել անվճար թեժ գիծ` 0-8000-11-10 հեռախոսահամարով: Խորագիրն այսուհետ լույս կտեսնի յուրաքանչյուր հինգշաբթի:

ՀԵԻԱ-ն նաեւ անվճար իրավաբանական ծառայություն կմատուցի «168 Ժամին» դիմած քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են, եւ որոնց խնդիրներին թերթն անդրադարձել է: ՀԵԻԱ-ն գործարկում է թվով 9 Շահերի պաշտպանության եւ աջակցության (հակակոռուպցիոն) կենտրոններ եւ ընդունարաններ Երեւան, Վանաձոր, Կապան, Հրազդան, Աշտարակ, Արարատ, Թալին, Ապարան, Գյումրի, Իջեւան եւ Եղեգնաձոր քաղաքներում: