Առաջարկի իրավունքով շենք, որը լի է հուշերով ու էներգիայով

16/12/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մեր Երեւանը 2792 տարեկան է: Այդ թիվը, որպես դարավոր հպարտության ապացույց, դաջված է սիզամարգերի, շենքերի վրա փակցված պաստառների, դասագրքերի ու տուրիստական բուկլետների մեջ: Սակայն, եթե փորձենք առնվազն մեկդարյա Երեւանի հետքերը գտնել այսօրվա քաղաքում, դժվար թե ստացվի: Ճիշտ կլինի ասել` ընդհանրապես չի ստացվի: Արդեն չկա ոչ միայն միջնադարյան հուշը, այլեւ` անդառնալիորեն նվազել է խորհրդային տարիներին ստեղծած ճարտարապետական բազմազանությունը, որը, ֆունկցիոնալ նշանակությունից բացի, նաեւ հանրային շահին ծառայելու համար էր ընդունում բազմազան ֆորմաներ:

Երեւանում կա մի շենք, որը լի է հուշերով, անցած-գնացած մարդկանցով ու կրում է հանրային երազանքի կնիքը: Անցյալ դարի սկզբին, երբ Երեւանը ոտքի էր կանգնում ու ստեղծվում էր քաղաքի գլխավոր հատակագիծը, Տերյան փողոցի վրա կառուցվեց «Հայֆիլմի» առաջին շենքը: Ճիշտ է` «Հայֆիլմ» դեռ չկար, 1923 թվականին Հայաստանի Ժողկոմի համակարգում Համո Բեկնազարյանի ու Դանիել Դզնունու ջանքերով ստեղծվեց «Գոսկինո» կազմակերպությունը, որը հետագայում մի քանի անգամ վերանվանվեց ու 1928 թվականին իր նստավայրը ձեռք բերեց ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կառուցած ստուդիայում: Տերյան 2 հասցեում գտնվող առաջին կինոտաղավարը եզակի կառույց էր, որը ազգային կինո ունենալու երազանքից էր սկիզբ առել ու մարդկային եռանդ ու սեր էր կուտակել իր պատերի ներսում: Որպես լուսային ու ակուստիկ հնարավորություններով օժտված կինոհարթակ, այդ տաղավարը բարձրորակ է եղել: «Սովետական տարիներին այն իր մեծությամբ ու հնարավորություններով համարվում էր երկրորդ կինոտաղավարը` Մոսկվայի ու Կիեւի կինոստուդիաներից հետո»,- նկատում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Այդ տաղավարում էին նկարահանվում առաջին հայկական ֆիլմերը, խմորվում էին ստեղծագործական մտքերն ու նախագծերը: Եվ սրանք միայն թեթեւամիտ ռոմանտիկ դիտարկումներ չեն, քանի որ, ինչպես հայտնի է` միտքը (ինչպեսեւ՝ էներգիան) երբեք անհետ չի կորչում ու իր ներուժով լցնում է տարածքը` իմաստավորելով ճարտարապետական կառույցի գոյությունը: Եվ միգուցե հենց այդ էներգիայի պակասի պատճառով էլ Երեւանում վեր խոյացող շատ շենքեր զրկված են բովանդակային լիցքերից` նմանվելով ընդամենը դեկորացիայի, որի ետեւում մարդն իր մտքերով ու երազանքներով չի նկատվում: Տերյան փողոցում գտնվող հայկական կինոյի առաջին ստուդիան դեկորացիա չէ, այն պարզապես բետոնե բարձրահարկերի մեջ «խեղդվող» ու ձեւախեղված մի պատմական բեկոր է, որը շատ բան է տեսել ու շատ բան ունի պատմելու: Այդ շենքի սկզբնական տեսքի մասին ինֆորմացիա ստանալու համար պետք է պեղել քաղաքային արխիվները: Արվեստի ու գրականության թանգարանում հայկական կինոտաղավարի մի քանի աշխատանքային կադրեր են պահպանվել, իսկ Ն.Բունիաթյանի անձնական արխիվը գրեթե լիովին անհետացել է: Սակայն երբ հիմա էլ (90 տարի անց) մտնում ես այդ շենք, միանգամից նկատում ես, որ բոլորովին այլ դարաշրջան ես մտել: Այստեղ ժամանակը կանգ է առել` թույլ տալով մեզ այդ ժամանակը թանգարանային միջավայրի վերածել:

Այժմ շենքը երկու տեր ունի. մեծ մասը պատկանում է Հանրային ռադիոյին, որն էլ 1970-ականներին Խորհրդային Միության լավագույն ձայնային մասնագետների միջոցով նախկին կինոստուդիայի տաղավարը վերապրոֆիլացրել է ձայնագրման ստուդիայի: Հնչյունային ռեժիսոր Վլադիմիր Դավթյանը, ով 25 տարի եղել է այդ ձայնագրման ստուդիայի գլխավոր հնչյունային ռեժիսորը, հիշում է. «Վեց ամիսը մեկ մեզ մոտ Մոսկվայից մասնագետներ էին գալիս, ակուստիկ չափումներ ու ստուգումներ էին անում` ձայնի հնչողությունը կարգավորելու համար: Այն ժամանակ աշխատանքի մեջ լրջություն կար, եւ ստուդիայի վերապրոֆիլացումը տեւում էր մոտ 3 տարի: Դա հեշտ գործ չէր: Կարող եմ ասել, որ վերջին 2 տարիների ընթացքում այդ ստուդիան լիարժեք չի աշխատել: Իհարկե, ինչ-որ բաներ ձայնագրվում էին, սակայն՝ ոչ մեծ թափով»: Ի դեպ` արդեն 1 տարի է, ինչ Վ.Դավթյանը չի աշխատում այդ ստուդիայում, Հանրային ռադիոն ստուդիային կցված հնչյունային ռեժիսորների ու օպերատորների վերանայում-կրճատում է անցկացրել (կրճատվել են նաեւ Հանրային ռադիոյի հովանու ներքո գործող երաժշտական խմբերի ու նվագախմբերի թիվը):

Հանրային ռադիոյի խորհրդի նախագահ Արմեն Ամիրյանի կարծիքով` շենքն այսօրվա դրությամբ իրենից ճարտարապետական ու պատմական մեծ արժեք չի ներկայացնում. «Շենքն անընդհատ մի հիմնարկության բալանսից մյուս հիմնարկության բալանսին են հանձնել, կողքն էլ այնքան շատ բարձրահարկ շենքեր են կառուցել, որ ստուդիայի հիմքերը քարուքանդ են եղել: Կարծում եմ, որ շենքն արժեք ունի միայն՝ որպես ձայնագրման ստուդիա: Ստուդիան թանկ ակուստիկ նյութերով է զինված, եւ հենց այդ նյութերն էլ կազմում են շենքի արժեքի 80%-ը: Իհարկե, հիմա շենքը շատ տխուր վիճակում է գտնվում, քանի որ հնարավոր չէ ջեռուցման համակարգեր անցկացնել ու շենքի խնամքը ապահովել»:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում շենքի հետագա ճակատագիրը, Ա. Ամիրյանը պատասխանեց. «Տարբերակներից մեկը (եւ կարծում եմ՝ լավագույնը) կլինի այն, որ որեւէ ինվեստոր հայտնվի, ու շենքերի փոխանակում տեղի ունենա: Քանի որ ստուդիան զսպանակների վրա է կառուցված, այն հեշտությամբ կարող է տեղափոխվել: Ստուդիան կարելի է ապամոնտաժել եւ, օրինակ, տեղափոխել ռադիոյի շենքի բակ: Իսկ շենքը թողնել ներդրողին: Կարծում եմ, որպես պատմական արժեք, այդ շենքը դիտարկելն այդքան էլ ճիշտ չէ, իրական արժեքը հենց ձայնագրման ստուդիան է»:

Իսկ շինության մյուս մասը շարունակում է պատկանել «Հայֆիլմի» իրավահաջորդ Ազգային կինոկենտրոնին, որն էլ շենքի` դեպի Տերյան փողոց մուտք ունեցող հատվածում տեղակայել է կինոդերասանի ստուդիան: Գ. Գեւորգյանն ասում է, որ շենքի երկրորդ հարկում իրենց պատկանող 195 քմ մետր տարածքը կցորդի կարգավիճակ ունի: «Մեզ պատկանող հատվածը, որտեղ ուսումնական ստուդիայի դասեր է անցկացնում Հենրիկ Մարգարյանը, ֆունդամենտից զուրկ կառույց է: Ժամանակին մենք խորհրդակցել էինք ճարտարապետների հետ ու պարզել, որ հիմքերի ամրացումը կապված է մեծ բարդությունների հետ: Եվ իմաստ չունի անել դա, քանի որ շենքն ամբողջովին է հարկավոր ամրացնել, ոչ թե միայն մեր հատվածը: Իհարկե, լավագույն ելքը կլիներ, եթե շենքը ոչ թե քանդվեր, այլ ամրացվեր»,- ասում է «Կինոկենտրոնի» տնօրենը: Իսկ Հանրային ռադիոյի խորհրդի նախագահը շենքի հետագա շահագործումը (ասենք` կինոթանգարանի կարգավիճակով) համարում է «մեծ շռայլություն», քանի որ վաղուց արդեն նախկին կինոստուդիայից բան չի մնացել:

Իրականում շատ բան կախված է պետական այրերի կամքից: Շատ հեշտ է քաղաքի կենտրոնից վերացնել տասնամյակների հետքը, եւ շինության արժեքը չափել միայն իր զբաղեցրած հողակտորի գնով: Առաջին հայկական կինոստուդիայի շենքն իր մեջ պատմություն է խտացրել: Եվ նույնիսկ, եթե հիմա այն խղճուկ ծվարել է հսկա ու գորշ բարձրահարկերի արանքում, այն պահպանել է իր ձգողական ուժը: Պարզապես այդ ուժը տեսնել ու վերակենդանացնել է պետք: Ազգային պատկերասրահի կինոծրագրերի ղեկավար Մելիք Կարապետյանն ասում է. «Շատ եմ կարեւորում ճարտարապետ Բունիաթյանի նախագծած կինոստուդիայի շենքի պահպանումն ու այդ շենքի վերականգնումը՝ որպես Կինո-ռադիո-հեռուստատեսային թանգարան: Մեծ քանակի արխիվային նյութեր են պահպանված թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում, որոնք կարող են շատ հետաքրքիր կերպով ներկայացվել այդ թանգարանում` դառնալով մեր մշակութային ժառանգության մասը: Այդ շենքում իր ֆիլմերն է նկարահանել Համո Բեկնազարյանը եւ համր կինոյի բոլոր հայ վարպետները: Այդ շենքում են ձայնագրվել լավագույն երաժիշտները: Իմ կարծիքով, այդ շենքը քանդելը մեծ հանցագործություն կլինի»:

ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, խոսելով շինության արժեքի մասին` նշում է, որ Տերյան փողոցի սկզբնամասն այնքան խիտ է կառուցապատված, որ միջավայրը լրջորեն խեղաթյուրվել է. «Շենքերի խտությունը սոսկալի է, եւ եթե հարկ լինի «Հայֆիլմի» առաջին շենքը պահպանել, ապա այն պետք է վերանայումների ենթարկել ու շենքին վերադարձնել իր նախնական իմաստը: Իհարկե, այդ շենքը կարող է թանգարան դառնալ: Շատ լավ կլինի, եթե հայ կինոն իր թանգարանն ունենա»: Որպես նման օրիգինալ ու ինքնաբուխ ծնված թանգարանի օրինակ՝ Մ.Կարապետյանը հիշատակում է Փարիզի «դ`Օրսե» գնացքի կայարանը, որը իմպրեսիոնիստական հրաշալի թանգարանի է վերածվել եւ սիրված վայր է դարձել թե փարիզեցիների, թե զբոսաշրջիկների համար:

Շատ հաճախ շենքերն են միջավայր ստեղծում, սակայն այս դեպքում (եւ Մ. Մինասյանը դա շեշտում է) պատմական հարուստ հուշը կարող է նոր կոնտեքստ հաղորդել մեր բավական անհրապույր բետոնե քաղաքին: Միայն «էլիտար» բնակֆոնդն ընդարձակելու նպատակ հետապնդող քաղաքաշինությունն անդեմ է դարձնում քաղաքը: Եվ ստացվում է, որ անցյալ չկա, կա միայն ենթադրյալ ապագա, որը կառուցվում է դատարկ տարածքում: Բավական է ուսումնասիրել արխիվներում պահված նյութերն ու լուսանկարները` ընդունելու համար, որ մեր քաղաքի այս փոքր անկյունն` իր համեստ արտաքին տեսքով ու հարուստ հուշերով, համբերատար սպասում է իր ժամին: Այն կարող է իր տեղը զիջել առեւտրի տանը կամ բնակելի «հրեշին»: Սակայն կարող է ստանալ նաեւ «ապրելու» երկրորդ շանսը` հանրային շահերին ծառայող մի գեղեցիկ ու բովանդակալից տարածք ձեւավորելով: Էներգիայի անմահության օրենքը դեռ ոչ ոք չի վիճարկել: