Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա երգչուհի Աիդա Սարգսյանի «Հորինված սեր» ձայնասկավառակի շնորհանդեսը: Շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված. երգչուհին որոշել է իր ծննդյան օրն իրեն եւ երկրպագուներին նվեր մատուցել` նոր ձայնասկավառակի տեսքով: Բացի այդ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց երգչուհին, «Հորինված սեր» երգի հիման վրա արդեն իսկ նկարահանվել է տեսահոլովակ, որի պրեմիերան տեղի կունենա մոտ օրերս: Երեկ մենք Աիդա Սարգսյանից, որպես երկու տարվա «ստաժ» ունեցող մայրիկի, նաեւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ անակնկալ է պատրաստել իր դստեր` Սոնա-Լանայի համար (փոքրիկը կրում է իր երկու տատիկների անունը): Աիդան ասաց, որ փոքրիկի համար անպատճառ այնպիսի նվեր է ընտրելու, որ կհամապատասխանի նրա նախասիրություններին: Այսինքն` տոնածառի տակ հենց այնպես «անկապ» նվեր հաստատ չի դնելու: «Քանի որ փոքրիկս ծնվել է հունվարի 5-ին, մեր տանն այդ օրերին եռակի տոն է` Ամանոր, Սուրբ Ծնունդ եւ դստրիկիս ծննդյան օրը: Եվ չնայած նրան, որ Նոր տարվա գիշերը պետք է ելույթ ունենամ տարբեր վայրերում, բայց մինչեւ ընտանիքիս գրկում Ամանորը չդիմավորեմ, տանից դուրս չեմ գա: Ընտանիքն առաջին տեղում է»,- ասում է երգչուհին: