«Վանա ծովի արշալույսը»

16/12/2010 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2011թ. ապրիլի 24-ին նախատեսվում է Արտակ Իգիթյանի «Վանա ծովի արշալույսը» ֆիլմի պրեմիերան միանգամից մի քանի երկրներում` Հայաստանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Ֆիլմը, որի նկարահանումները տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հայաստանում եւ Թուրքիայում` Վանում, Աղթամար կղզում, դեռ մոնտաժային փուլում է: Նախատեսվում է այն ավարտել մարտ ամսին, իսկ ապրիլին բոլորս կտեսնենք մեծ սիրով ու հոգատարությամբ կատարված աշխատանքը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովն է: Ֆիլմի ռեժիսոր բեմադրողը Արտակ Իգիթյանն է, իսկ համառեժիսորը` Վահան Ստեփանյանը, սցենարի հեղինակներն են Արմեն եւ Արեն Վաթյանները:

1999թ. Արտակ Իգիթյանի «Ձախլիկը» դիպլոմային ֆիլմը` Ադոլֆ Հիտլերի մանկության մասին, ընտրվել է Կաննի 52-րդ փառատոնին մասնակցելու համար եւ արժանացել է փառատոնի մասնակցության «Cinefondation» դիպլոմի: Ռուսական եւ միջազգային բազում կինոփառատոների մրցանակակիր Արտակ Իգիթյանը մեծ ոգեւորությամբ է պատմում «Վանա ծովի արշալույսը» ֆիլմի նկարահանումների մասին: Երբ 2010թ. «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Մ. Բաղդասարովն առաջարկեց Արտակ Իգիթյանին, նկարահանել Հայաստանի մասին մեկ րոպե տեւողությամբ ֆիլմ, ռեժիսորը չէր էլ պատկերացնում, թե հետագայում Մ. Բաղդասարովի կողմից ինչ հետաքրքիր առաջարկ է ստանալու: Ահա, թե ինչ է պատմում ռեժիսորը. «Հայաստանի մասին մեկ րոպեանոց գովազդային տեսահոլովակը նկարահանելիս հպարտություն եւ մեծ պատասխանատվություն էի զգում, քանի որ պետք էր այդ մեկ րոպեի ընթացքում ներկայացնեի Հայաստանի գեղատեսիլ բնությունը, դարավոր պատմությունն ու մշակույթը: Միեւնույն ժամանակ պետք էր ցուցադրել նաեւ ժամանակակից Հայաստանը, երկրի ռիթմն ու իրական կյանքը: Տեսահոլովակը դիտելուց հետո, մարդիկ պետք է ցանկություն ունենային տեսնելու մեր հրաշք երկիրը: Մեկ րոպե տեւողությամբ այդ գովազդը հետագայում բազում անգամ ցուցադրվեց «Եվրոնյուզով»: Մ. Բաղդասարովի հետ մեր համագործակցությունը այդքանով չավարտվեց: Այս ամառ «Միկա Լիմիտեդից» ֆիլմ նկարահանելու առաջարկ ստացա` որպես ռեժիսոր բեմադրիչ: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Արմեն եւ Արեն Վաթյանները, որոնց պիեսը կոչվում էր «Խենթերը», այնուհետ այն վերանվանվեց, եւ արդեն ֆիլմը կոչվեց «Վանա ծովի արշալույսը»: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Միխայիլ Բաղդասարովն է: Ֆիլմը պատմում է արեւմտահայ ընտանիքի մասին: Իրադարձությունները, որոնք տեղի են ունենալու Կարապետ Փամբուկչյանի ընտանիքում, ողբերգական դարձած 1915 թվականի հեռավոր անցյալի արձագանքներն են: Ընտանիքի չորրորդ սերունդը գրեթե միաձուլվել է Ամերիկա կոչվող ինտերնացիոնալ կաթսայում: Գլխավոր հերոսը` 80-ամյա Կարապետ Փամբուկչյանը, ում մայրը հրաշքով փրկվել է ցեղասպանության մորթից, փորձում է կորած հայրենիքի մասնիկը լինելու զգացողությունը փրկել իր ամերիկացված սերնդի մեջ: Միայն այդպես նա կարող է փրկել իր ընտանիքը փոխադարձ օտարացումից եւ փլուզումից: Անձամբ Կարապետն իր պարտքն է համարում յուրաքանչյուր տարի` ապրիլի 24-ին, այրել Թուրքիայի դրոշը` Թուրքիայի դեսպանատան առջեւ: Դա բողոքի միակ ձեւն է, որ հասու է իրեն: Նման քայլերը նյարդայնացնում են որդուն` Տիգրանին, եւ բացարձակ անհասկանալի են թվում 17-ամյա թոռանը, ով, իր հերթին, սիրահարված է թրքուհի համակուրսեցուն, ով եկել է ԱՄՆ` սովորելու: Իրավիճակն ավելի է վատթարացնում Տիգրանի Հայաստանից եկած հարսնացուն, որի հետ նա ծանոթացել է ինտերնետի միջոցով: Հարսնացուն Տիգրանի մոտ է գալիս իր խնդիրներով եւ ոչ պակաս սկզբունքային բնավորությամբ: Հենց նա էլ հետագայում դառնում է այն ամրապնդող «լուծույթը», որն այդքան պակասում էր Փամբուկչյանների ընտանիքին: Ֆիլմի հերոսների վեճերի ու փոխադարձ անհամաձայնության արդյունքն է ողբերգական ավարտը: Կարապետի սիրտը չի դիմանում կորստի ցավին, որը նա պահում էր իր մեջ ողջ կյանքի ընթացքում: Որքան էլ զարմանալի է թվում, սակայն նա կյանքից հեռանալով կարողանում է անել այն, ինչ չէր կարողացել կենդանության օրոք: Ապագա ֆիլմն իր ժանրով նման է տրագիկոմեդիայի: Հումորը եւ երգիծանքն օգնում են խուսափել ավելորդ պաթոսից եւ միայն ընդգծում են շոշափվող թեմայի լրջությունը: Ազգի գենետիկ հիշողությունը հնարավոր չէ սպանել կամ ջնջել ժամանակի հետ, այն յուրաքանչյուր հայի արյան մեջ է, որտեղ էլ որ նա ապրի»:

Ֆիլմում նկարահանվել են հայ, ֆրանսիացի եւ ռուս դերասաններ: Տարբեր երկրներում կատարված նկարահանումներն ու տարբեր ազգի դերասանների մասնակցությունը` Կարեն Ջանգիրով` Հայաստան, Ժան Պիեռ Նշանյան` ԱՄՆ, Արեն Վաթյան` Ռուսաստան, Գյունիշի Զան` Թուրքիա, Արեւիկ Մարտիրոսյան` Ֆրանսիա, ֆիլմը դարձնում են միջազգային մասշտաբի նախագիծ: Նշենք, որ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կինոնկարահանումներ են կատարվում Աղթամար կղզում: «Ի դեպ, հնարավորություն ձեռք բերելով լինել իմ պատմական հայրենիքում, իսկ իմ նախնիները Էրզրումից են, ես որոշեցի ինձ հետ տանել 9-ամյա որդուս եւ 5-ամյա աղջկաս եւ նկարահանումների օրերին, ավելի կոնկրետ՝ օգոստոսի 11-ին, Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելուց մեկ ամիս առաջ, այնտեղ կնքեցի իմ երեխաներին: Եվ չնայած Թուրքիայի իշխանությունների արգելքներին, մենք, միեւնույն է` կարողացանք անցկացնել կնքման արարողությունը: Չեմ կարող անգամ բառերով փոխանցել այն հուզմունքը, որ զգում էինք բոլորս: Չէ՞ որ նման իրադարձություն տեղի էր ունենում առաջին անգամ` ցեղասպանությունից 100 տարի անց: Երբ կնքելուց հետո դուրս եկանք եկեղեցուց, մեր հուզմունքը կրկնապատկվեց. եկեղեցու դատարկ գմբեթի վրա աղավնի էր նստել` հեռու պահելով ագռավների երամն այդ սուրբ վայրից: Մենք զուգահեռներ անցկացրեցինք, իսկ հետո հանգիստ շունչ քաշեցինք` փառք տալով Աստծուն, որ 15 թիվը չէ»,- ասում է Արտակ Իգիթյանը: