Համաշխարհային լրատվամիջոցները հրապարակել են Կենտրոնական Ասիային նվիրված «Wikileaks»-ի գաղտնի փաստաթղթերը: «Monde» պարբերականի փոխանցմամբ` ակնհայտ է, որ ամերիկյան դիվանագետների համար բարդ է Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում եւ ՌԴ-ի ազդեցության ոլորտում գտնվող այլ երկրներում պաշտպանել իրենց ազգային շահերը: Սակայն քաղաքականության հետ մեկտեղ` դեսպանատների աշխատակիցներին գրավում են Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարության բարքերը. կոռուպցիան, ձգտումը դեպի շվայտություն ու գաղտնի սիրավեպերը: Վերլուծելով ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի տեղեկությունները` թերթը գրում է, որ Ադրբեջանը պաշտոնապես «ահաբեկության դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է» եւ «ամերիկամետ աշխարհիկ գործընկերը տարածաշրջանում, որտեղ տիրում է արմատական իսլամիզմը»: Սակայն այս պետությունը նույնպես օժտված է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին հատուկ բացասական գծերով. ռեպրեսիա, կոռուպցիա, ունեցվածքի բռնազավթում:
«Ադրբեջանի նախագահն օժտված է բնավորության հակասական գծերով»,-«Wikileaks»-ի հրապարակումներից մեջբերում է պարբերականը: «Եթե միջազգային խաղահրապարակում նա զուսպ եւ պրագմատիկ է, վարում է խորամանկ ու իրատեսական քաղաքականություն՝ իր արեւմտյան գործընկերների շրջանում ստեղծելով լավ անգլերենով եւ լավ նստեցված կոստյումով աշխարհաքաղաքացու կերպար, ապա Ալիեւի ներքին քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի ավտորիտար եւ մտքի ազատության հանդեպ անհանդուրժող»: Ամերիկացի դիվանագետների կարծիքով` Ալիեւն ու նրա մերձավորները «հասնում են կայունության ու հաջորդականության, որպեսզի պահպանեն անձնական ունեցվածքը»: Դրա իրականացման մեջ մեծ դեր է խաղում Ալիեւի աջ ձեռքը հանդիսացող Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը: «Մենք ապացույցներ ունենք լրագրողների ձերբակալության, ընդդիմության առաջնորդների նկատմամբ հալածանքների, մզկիթների փակման ու ԶԼՄ-ների սահմանափակման հարցերում Մեհտիեւի մասնակից լինելու վերաբերյալ»,- ասվում է հեռագրում: Ըստ «Monde»-ի` դիվանագետներին հետաքրքրում են երկրի հիմնական ռեսուրսները վերահսկող կլանները: Նրանց տվյալների համաձայն՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի գլխավորած Փաշաեւների կլանի սեփականությունն է հանդիսանում «Pasha» հոլդինգը, որը երկրի ապահովագրական, շինարարական եւ բանկային ոլորտների առաջատարն է։ Առաջին տիկնոջ բարեգործական հիմնադրամը իբր ֆինանսավորվում է «գաղտնի աղբյուրներից»: «Եթե որեւէ մեկը պարբերաբար խոշոր նվիրաբերումներ կատարի հիմնադրամի համար, ապա ամենաբարձրաստիճան պաշտոնյաները նրան թույլ կտան երկրում առանց խոչընդոտի գործել: Դա կարծես բանտից ազատվելու անվճար անցաթուղթ լինի»,- անանուն ընդդիմադիրի խոսքերը մեջբերում են ամերիկացի դիվանագետները: