Հետընթաց, անբավարար, տեղապտույտ

14/12/2010

Երեկ «Golden Palace» հյուրանոցի նախասրահում ՀՅԴ-ն պաշտոնապես նշել է կուսակցության հիմնադրման 120-ամյակը, որին ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ՀՀ-ում գործող դեսպանատների ներկայացուցիչները եւ մշակույթի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում համեմատականներ է անցկացրել Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարության տարիների միջեւ` ասելով. «Առաջին նախագահի օրոք զիջելու պատրաստակամությունն ակնհայտ էր, բայց ոչ միայն զարգացում չարձանագրվեց, այլ ընդհակառակը՝ հետընթաց: Երկրորդ նախագահի օրոք դրսեւորվեց չզիջելու համար անհրաժեշտ վճռականություն եւ կամք, երկիրը սկսեց զարգանալ, սակայն տեմպերը մնացին անբավարար: Երրորդ նախագահի օրոք կրկին որոշվեց զարգանալու համար գնալ զիջումների, եւ զարգացման փոխարեն երկիրը հայտնվեց տեղապտույտի մեջ: Բերված համեմատությունը ցույց է տալիս, որ այս կարգախոսի անտեսումը կամ թերագնահատումը անխուսափելիորեն հանգեցնում է ներհասարակական ճգնաժամի: Այդպիսի ճգնաժամի նախանշաններ ազգային, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարական մակարդակներում այսօր արդեն տեսանելի են»: Նաեւ հավելել է. «Այս 20 տարիների փորձը վկայում է, որ «Զարգանալ չզիջելով» կարգախոսը լիարժեք կյանքի կոչելու ընդունակ նոր իշխանությունների ձեւավորումը Հայաստանի համար պատմական անհրաժեշտություն է»: