Նաեւ Պողոսյանը

14/12/2010

ՀՀ Արդարադատության այլեւս նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո ներքաղաքական կուլիսներում քննարկվում է այն հարցը, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թույլ կտա՞ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին շարունակել պաշտոնավարությունը: Ըստ որոշ աղբյուրների` այս շաբաթվա ընթացքում, այնուամենայնիվ, Մ. Պողոսյանը կհեռացվի աշխատանքից: Հիշեցնենք, որ նա, ինչպես ՀՀ կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, էթիկայի կանոնների լուրջ խախտում էր թույլ տվել ԴԱՀԿԾ անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Միրաքյանի նկատմամբ: Իսկ Միրաքյանը, ինչպես հայտնի է, ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի ազգականն է, ում ծեծելուց հետո Պողոսյանը նրան աշխատանքից ազատել էր նոյեմբերի 3-ին: Վերջերս, սակայն, Միրաքյանը վերականգնվել է նույն պաշտոնում, չնայած այն բանին, որ առաջիկայում նա անցնելու է թոշակի: Ի դեպ, մեր տեղեկություններով` Դ. Հարությունյանն այժմ ձգտում է, որպեսզի ՀՀ Արդարադատության նախարարի իր նախկին պաշտոնին վերադառնա կամ ինքը, կամ էլ` նոր նախարար նշանակվի ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը` իր ընկերոջ` Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի որդին: