Օմբուդսմենը գնում է ՄԱ՞Կ

14/12/2010

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, հնարավոր է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջիկայում բավական բարձր պաշտոն ստանա Միավորված ազգերի կազմակերպության` ՄԱԿ-ի համակարգում: Խոսքը Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնի մասին է` նստավայրը Բիշքեկ: Բացառված չէ, որ այդ առաքելությունը Արմեն Հարությունյանը ստանձնի ոչ թե կոնկրետ նույնանուն հաստիքում պաշտոնի նշանակվելով, այլ ՄԱԿ-ի կողմից իրականացվող եւ ֆինանսավորվող ծրագրերից մեկի ղեկավարի պարտականությունների շրջանակներում: Այսինքն` Ա. Հարությունյանը կարող է համակարգել ՄԱԿ-ի ծրագրերից մեկը` միաժամանակ ստանձնելով Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցչի առաքելությունը: Մեր տեղեկություններով, Ա. Հարությունյանի նշանակման հարցը վերջնական փուլում է եւ այդ նպատակով նա այս օրերին գտնվում է Ժնեւում: Ինքը` Արմեն Հարությունյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունները` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: