ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի մեջ մեղադրվող Մանվել Հազրոյանը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, տեղափոխվել է Հայաստան: Նա այժմ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալում է եւ ստանում է համապատասխան բուժում: ՊՆ Քննչական ծառայությունից «news.am»-ին հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, եւ դեռեւս հրապարակման ենթակա որեւէ տեղեկություն չեն կարող հաղորդել: Հիշեցնենք, որ Հազրոյանի փաստաբաններ Կարեն Թումանյանը եւ Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 6-ին միջնորդություն էին ներկայացրել Հադրութի քննչական բաժին՝ Մ. Հազրոյանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ: Նրանք միջնորդել էին նաեւ Մ. Հազրոյանի նկատմամբ կիրառել պաշտպանության միջոց եւ նրան տեղափոխել Հայաստան, ինչպես նաեւ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում տեղափոխել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: