Հրաժարականները շարունակվելու են

14/12/2010

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ասել է, թե նա «թույլ է տվել ոհմակային գործողություն եւ խմբով ծեծի է ենթարկել իրենից փոքրահասակ մարդու»: Ի դեպ, երեկ նա հերքել է, թե «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ նախագահը հրահանգել է քրեական գործ հարուցել Գ. Բեգլարյանի դեմ: «Ես կտրականապես չեմ ասել, որ նախագահը հրահանգել է քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցել, պարզապես «Ազատություն» ռադիոկայանը սխալ է մեկնաբանել իմ ասածը, սակայն երեկոյան եթերում հերքում է տվել: Ես պատասխանել եմ ընդդիմության գործչին, երբ նա ասում էր, թե նախագահն ինչ գործ ունի, որ խառնվում է: Ես էլ պատասխանել եմ, որ Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀ նախագահ, պատասխանատու է բոլոր թեւերի գործունեության համար»: Հարցին` արդյոք պե՞տք է քրեական գործ հարուցվի, երեկ Պետրոսյանը պատասխանել է, որ միջադեպը տեղի է ունեցել «ծանրացնող հանգամանքներում», եւ քրեական գործ հարուցելը ճիշտ կլիներ, բայց քանի որ տուժող կողմը չի բողոքել, հավանաբար նման բան չի լինի: Ռ. Պետրոսյանի` «ծանրացնող հանգամանքներ» որակման առնչությամբ ասուլիսի մյուս մասնակից` ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ասել է. «Էդ մարդուն 15 տարի կտան»: Վ. Խաչատրյանը միաժամանակ Ռ. Պետրոսյանից հետաքրքրվել է, թե նա որտեղի՞ց գիտի, որ Բեգլարյանը «ոհմակային» արարք է թույլ տվել` հորդորելով նրան չմեկնաբանել տեղի ունեցածը, քանի որ դա իրավապահ մարմինների գործն է: «Նույն տրամաբանությամբ դուք չորս պատգամավորի, առանց խորանալու, առանց հասկանալու մարտի 1-ին հանձնեցիք: Հիմա նույն կերպ վարվում եք ձեր կուսակցի նկատմամբ: Դուք չգիտեք այդ պատմությունը: Դատարան կա, համապատասխան քննչական գործողություններ կան, թողեք այդ մարդիկ անեն, նոր դուք գնահատական տվեք: Դուք այստեղ նստած իրավունք չունեք իրավական գնահատական տալ»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Ի պատասխան, Ռ. Պետրոսյանն ասել է, որ Գ. Բեգլարյանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտի մասին ինքը տեղեկացել է մամուլից` դարձյալ պնդելով, որ Գ. Բեգլարյանի արածն «իսկապես ոհմակային գործողություն էր»: «Որպես պաշտոնատար անձ, նա արհամարհել է օրենքը, արհամարհել է Սահմանադրությունը, օրենքի առաջ մարդկանց հավասարությունը եւ ծանրացնող հանգամանքներում ծեծի է ենթարկել այդ մարդուն: Ինչո՞ւ ծանրացնող, որովհետեւ ՔՕ-ն ասում է, որ եթե որեւէ մեկին ծեծի են ենթարկում այն բանի համար, որ նա կատարելիս է եղել իր ծառայողական պարտականությունը, դա համարվում է ծանրացնող հանգամանք: Էդ մարդն ընդամենը զգուշացրել է Բեգլարյանի տիկնոջը, որ՝ վեր կաց ստեղից ընդեղ նստի: Եվ ծառայողական պարտականությունը կատարելու կապակցությամբ այդ մարդը ծեծի է ենթարկվել»,- ասել է ՀՀԿ-ական Ռ. Պետրոսյանը` հավելելով, որ եթե կողմերը հաշտվեն, ապա քրեական գործ չի հարուցվի: Միաժամանակ նա հայտարարել է, թե քանի որ այդ տղան՝ Ա. Կանդայանը, առայժմ չի բողոքում, դա չի նշանակում, որ Բեգլարյանը չի կատարել այդ արարքը: Ռ. Պետրոսյանը նաեւ կարծում է, որ Գ. Բեգլարյանը պետք է հեռացվի նաեւ ՀՀԿ շարքերից: «Նախագահը կվերադառնա արտասահմանից, եւ կպարզվի այդ հարցը: Կուսակցության ղեկավարությունը առաջին հերթին պետք է այս հարցը բարձրացնի եւ նոր բերի ՀՀԿ խորհուրդ, որի անդամ եմ նաեւ ես: Իմ կարծիքով` Բեգլարյանը պետք է կուսակցությունից էլ հեռացվի, պիտի դատի էլ տրվի: Իրոք, դեպքը տեղի է ունեցել, թեեւ սկզբում դեպքը ժխտվեց նախագահականից, բայց հետո կամաց ընդունվեց, որ ինչ-որ դեպքեր տեղի են ունեցել: Եթե տուժողը հրաժարվում է հայտարարություն տալ, քրեական գործ կարող է չհարուցվել, բայց կուսակցությունը պետք է իր վերաբերմունքը հայտնի տեղի ունեցածի հանդեպ»: «news.am»-ի հարցին, թե` հնարավոր համարո՞ւմ եք, որ մի օր էլ Ձեզ կամ մեկ այլ կուսակցական գործչի առեւանգեն եւ ծեծի ենթարկեն, Ռ. Պետրոսյանը պատասխանել է. «Հնարավոր ա, ամեն ինչ էլ հնարավոր ա էս աշխարհում: Կարող ա էդպիսի դեպքեր էլի տեղի ունենան, ինքը չլինի, մեկ ուրիշը լինի»: Հարցին էլ, թե մինչ այս եղե՞լ է դեպք, որ ՀՀԿ-ից որեւէ մեկը հեռացվի մարդ ծեծելու համար, նա պատասխանել է. «Մինչեւ հիմա էդպիսի դեպքեր չեն եղել: Ինչ-որ ժամանակ առաջ հարցեր են բարձրացվել Սյունիքի մարզպետի հետ կապված: Նրա եղբայրը, որ բռնություն էր գործադրել եւ մարդ էր սպանել: Բոլորը դատվեցին, եւ խոսակցությունները դադարեցին»: Ըստ Ռ. Պետրոսյանի` Երեւանի քաղաքապետի թեկնածուների երեք անուններ են շրջանառվում` Տարոն Մարգարյան, Կարեն Կարապետյան եւ ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյան: «Կարծում եմ, որ Տ. Մարգարյանը, ով առաջին տեղակալ է, ու ունի որոշակի իմիջ Երեւան քաղաքի բնակչության մեջ, արժանի է եւ, իմ կարծիքով, կարող է լինել քաղաքապետ: Մյուսներն էլ արժանի են, բայց Տարոնը փորձ ունի եւ երկար տարիներ աշխատել է թաղապետ եւ քաղաքին վերաբերող հարցերում մեծ փորձ ունի: Նա միաժամանակ նորմալ մարդ է: Այսինքն՝ հարաբերություններ չսրող, հանդուրժողականություն ցուցաբերող եւ արժանի է այդ պաշտոնը ստանձնելուն»:

Գ. Բեգլարյանի պաշտոնանկությունը Վ. Խաչատրյանը համարում է սենսացիա` ասելով. «Տեղի է ունեցել մի բան, որի մասին մենք հասարակությանը վաղուց էինք ասել. որ ավազակապետության պայմաններում նման դեպքեր շատ են լինելու եւ այդ դեպքերը շարունակվելու են: Մի երկրում, որտեղ իշխանավորներն իրենց օրենքից դուրս են համարում, ամեն րոպե կարող է նման դեպք տեղի ունենալ: Դեպքը տեղի ունեցավ Գ. Բեգլարյանի հետ: Ինձ համար սա սովորական էր այն իմաստով, որ ինքը ավազակապետության սյուներից մեկն էր, եւ անսովոր էր նույնքան, քանի որ Բեգլարյանը ավազակապետության սյուներից էր»: