Գազ կամ կուսակցություն

14/12/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ընդամենը 2 օրից` դեկտեմբերի 17-ին, Երեւանի ավագանին ընտրելու է Երեւանի նոր քաղաքապետ:

Իսկ մինչ այդ քաղաքական շրջանակների քննարկման թիվ մեկ թեման անցած շաբաթ հրաժարական տված արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շուրջ զարգացող պատմություններն են: Ավելի շուտ, նրա պաշտոնանկության հարցն արդեն անցյալում է, հիմա քննարկվում է, թե ով է նրա հավանական փոխարինողը: Այս օրերին, անուններ, իհարկե, շրջանառվում են, սակայն դեռ ոչ ոք չգիտի, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետի պաշտոնում Հանրապետական կուսակցության թեկնածուն: Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ իշխանական թեւի քաղաքական գործիչները գիտեն նույնքան տեղեկատվություն, որքան գիտեն Երեւանի քաղաքացիները: Սա այն դեպքը չէ, որ տարբերակներ են քննարկվում, սա այն դեպքն է, երբ բոլորը սպասում են, թե ում անունն է տալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեւանի հաջորդ քաղաքապետը դառնալու հավանականությունը գրեթե 50/50 հարաբերությամբ կիսում են փոխքաղաքապետ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության 3-րդ հորիզոնականում գտնվող Տարոն Մարգարյանն ու ավագանու ցուցակի 6-րդ հորիզոնականում գտնվող` «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Հանրապետական կուսակցության զգալի մասը հակված է ընդունել Տ.Մարգարյանի թեկնածությունը, քանի որ նա ՀՀԿ-ի նախկին նախագահ, իրենց ընկեր Անդրանիկ Մարգարյանի որդին է: Կ.Կարապետյանն ամեն դեպքում ընկալվում է որպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մերձավոր շրջապատի մարդ: Եվ ոչ միայն. նա ընկալվում է նաեւ որպես Ռուսաստանի «մարդ»: Սակայն այսօր ՀՀ իշխանությունն այնպիսի վիճակում է, որ նույնիսկ Երեւանի ընտրովի քաղաքապետի հարցը ստիպված է համաձայնեցնել պաշտոնական Մոսկվայի հետ: Ս.Սարգսյանը վերջերս է վերադարձել Մոսկվայից եւ, բնականաբար, իր մտքում արդեն ունի հաջորդ քաղաքապետի անունը, այլ բան է, որ նա այդ մասին դեռ իր կուսակիցներին չի հայտնել: Զարմանալի զուգադիպությամբ՝ Ս.Սարգսյանի հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո Մոսկվա է մեկնել Կ.Կարապետյանը: Այս հանգամանքը կարող է հուշել այն մասին, որ Մոսկվայում Կ.Կարապետյանին նախապատրաստում են Երեւանի քաղաքապետ դառնալու համար: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի կայքում ավագանու անդամների շարքում, ճիշտ է, Կ.Կարապետյանի անունը կա, սակայն, ի տարբերություն մյուս անդամների` կենսագրությունը մինչեւ երեկ ներկայացված չէր: Երեկ երեկոյան տեղադրվեց նաեւ նրա կենսագրությունը: Դա իմիջիայլոց:

Սակայն Կ.Կարապետյանն, ի տարբերություն Տ.Մարգարյանի` Հանրապետական կուսակցության անդամ չէ: Նա միայն մայրաքաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է: Ի դեպ, բավականին հետաքրքիր է նաեւ այդ խմբակցության կազմը, որտեղ առաջինը Գ.Բեգլարյանն է, երկրորդը Տ.Մարգարյանն է, երրորդը խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանն է: Վերջինիս անունը նույնպես շրջանառվում է քաղաքապետի թեկնածուների շարքում, սակայն նույնիսկ ՀՀԿ-ում քիչ հավանական են համարում, որ Ս.Սարգսյանը նրա անունը կտա: Ցուցակի չորրորդ եւ հինգերորդ տեղերում հասարակության լայն շրջանակներին ոչ հայտնի Սուրեն Ներսիսյանի եւ Հրաչ Պողոսյանի անուններն են: ՀՀԿ-ում կարեւորում են այս հանգամանքն այն առումով, որ ժամանակին Գ.Բեգլարյանից ու Տ.Մարգարյանից հետո այդ ցուցակում երրորդ «կարեւոր» մարդը 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Կ.Կարապետյանն է: Այսինքն՝ ժամանակին իշխանությունները նրան որպես Երեւանի քաղաքապետ ի նկատի ունեցել են: Այն ժամանակ նույնպես խոսակցություններ կային, որ Գ.Բեգլարյանի փոխարեն Կ.Կարապետյանն է գլխավորելու ավագանու անդամների ցանկը: Ավելին, շատերի համար նույնիսկ զարմանալի էր, որ «ՀայՌուսգազարդի» տնօրենը Երեւանի ավագանու ցուցակում է: Այնպես որ, այսօր Կ.Կարապետյանի թեկնածությունը բոլորովին էլ պատահական չէ, միգուցե նաեւ պլանավորված է եղել:

Սակայն, ինչպես նշեցինք, «ՀայՌուսգազարդի» տնօրենը Երեւանի քաղաքապետարանում ՀՀԿ խմբակցության անդամ լինելով հանդերձ` ՀՀԿ անդամ չէ: Այս հանգամանքը կուսակցության ներսում խանդով են ընդունում: Այնպես, ինչպես դա եղավ Տիգրան Սարգսյանի դեպքում, երբ նա նշանակվեց վարչապետի պաշտոնում: Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում չկարեւորեց կուսակցական լինել-չլինելու հանգամանքը: «Չեմ կարծում, որ Հանրապետականը կուսակցամոլությամբ է տառապում: Բնականաբար, եթե քննարկվի Կ.Կարապետյանի թեկնածությունը, որոշակի համոզիչ արգումենտացիաներ բերվի, ապա այդ հանգամանքը կապ չի ունենա»,- ասաց նա:

Տ.Մարգարյանն արդեն ՀՀԿ անդամ է, ավելին` նա տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավարելու փորձ ունի` եղել է Ավան համայնքի թաղապետը եւ Երեւանի փոխքաղաքապետը: Արդյո՞ք սա ավելի խոսուն «արգումենտ» չի: «Դա շատ բարձր արգումենտ է, եւ բացառված չէ, որ քննարկումներն այդ ճանապարհով գնան»,- ավելացրեց Գ.Սահակյանը:

Սակայն, անկախ «արգումենտացիաներից», ՀՀԿ-ն առաջադրելու է այն մարդուն, ում անունը կտա Ս.Սարգսյանը: Եվ առաջիկայում Ս.Սարգսյանը հրավիրելու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ ու ասելու է այդ անունը: Հետաքրքիր է նաեւ, թե ինչ է անելու Գ.Բեգլարյանը: Նա առայժմ հրաժարվել է քաղաքապետի պաշտոնից, ավելի ճիշտ, ստիպել են հրաժարական ներկայացնել: Նա, սակայն, չի հրաժարվել ավագանու անդամի իրավասություններից: Այսինքն՝ Գ.Բեգլարյանը դեռեւս քաղաքապետարանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է: Կշարունակի՞ մնալ այդ կառույցում, դեռ հայտնի չէ: Նա նաեւ Հանրապետական կուսակցության անդամ է, եւ հայտնի չէ դեռ նաեւ, կմնա՞ կուսակցական, թե՞ ոչ: «Նման պահանջ այսօր չկա, դա իր իրավունքն է: Նման հարց մեզ մոտ առայժմ չի քննարկվում»,- ասում է Գ.Սահակյանը:

Արդեն պարզ է, որ Գ.Բեգլարյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվելու: Եվ առկախված են մնում մինչեւ երեկ հնչող այս հարցերը` արդյոք մարդ առեւանգելն ու ծեծելը հանցագործություն չէ՞: «Անիմաստ, պրովոկացիոն լուրեր են, նման բան չկա: Քաղաքական լուծումներն այլ լուծումներ են, բողոքող կողմ չկա, եւ երկրորդը՝ դա աշխատանքի հետ կապված միջադեպ է»,- ի պատասխան՝ ասաց Գ.Սահակյանը: