Սեղմված Թեհրանի եւ Վաշինգտոնի արանքում

14/12/2010

Ամերիկյան «Los Angeles Times» պարբերականը իր վերջին համարներից մեկում անդրադարձել է Իրանի հետ հարավկովկասյան երկրների հարաբերություններին եւ դրանց հետ կապված խնդիրներինՀոդվածագիրը հատուկ ուշադրություն է դարձրել «Wikileaks»-ի կողմից հրապարակված այն տեղեկատվությանը, ըստ որի՝ Հայաստանը 2003 թվականին Իրանին զինամթերք է փոխանցել։ LAT-ի այդ հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար:

Հայաստանը շրջապատված է ոչ բարեկամաբար տրամադրված երկրներով եւ ներգրավված է Ադրբեջանի հետ ծայրահեղ ռազմականացված զինված հակամարտության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անկլավի հարցով։ Սակայն այս երկիրը երկար ժամանակ կարողանում էր դիվանագիտական ճակատում հաջող գործողություններ կատարել՝ միաժամանակ սերտ կապեր պահպանելով Իրանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ։ Հայաստանը հիմնվում էր հենց այս երկրների վրա՝ պաշտպանության, ներդրումների եւ արտաքին առեւտրի տեսանկյունից։ Սակայն երկու տարի առաջ Հայաստանը ստիպված էր քաղել իր քայլերի պտուղները եւ հարուցել ԱՄՆ զայրույթը։ 2008թ. Պետքարտուղարության կողմից ուղարկված եւ «Wikileaks» կայքում հրապարակված հեռագրի համաձայն, ամերիկյան հետախույզները բացահայտել են, որ Հայաստանը Իրանին է փոխանցել բուլղարական հրթիռներ։ Հետագայում, ինչպես նշվում է արդեն 2009թ.Երեւանում ԱՄՆ դեսպանատնից ուղարկված փաստաթղթում, այդ զինամթերքը հայտնաբերվել է Իրաքում, շիա գրոհայինների երկու հարձակումների ժամանակ, որոնց արդյունքում զոհվել է մեկ եւ վիրավորվել վեց ամերիկացի զինվոր։

Վաշինգտոնը պարզաբանումներ պահանջեց, եւ հայերը վախեցան։ Հարավային Կովկասի փոքր երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, սեղմված են Իրանի (որը տեսականորեն կարող է խնդիրներ առաջացնել բոլոր երեք երկրների համար) եւ ԱՄՆ-ի (որը մտադիր է այս երկրներին ստիպել խզել կապերը իսլամական հանրապետության հետ) միջեւ։ Այդ մասին նույնպես նշվում է «Wikileaks»-ի կողմից հրապարակված ամերիկյան դիվանագետների ուղարկած հաղորդագրություններում։ Բոլոր երեք երկրներնն էլ խնդիրներ ունեն՝ կապված անջատողականների ապակայունացնող գործունեության եւ միջէթնիկական բախումների հետ։ Եվ այդ խնդիրներից կարող են հեշտությամբ օգուտ քաղել արտաքին ուժերը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնպես դժվարությունների է հանդիպել։ Արտաքուստ՝ նա պատրաստ է օգնել ԱՄՆ-ին՝ Իրանին մեկուսացնելու հարցում, սակայն 2010թ. փետրվարին Բաքվի դեսպանատնից ուղարկված հաղորդագրություններից հետեւում է, որ նա շատ է վախենում բարկացնել իր մեծ եւ աղմկոտ հարեւանին։ Ալիեւն ամերիկացի դիվանագետներին ասել է, որ «Իրանի սադրանքներն Ադրբեջանում ահագնանում են»։ Նրա խոսքերով, Իրանը ոչ միայն «ֆինանսավորում է «Հըզբոլլահի» ահաբեկիչներին եւ ծայրահեղական իսլիամիստական խմբավորումներին, այլեւ կրոնական հողի վրա բախումներ է հրահրում Նախիջեւանում, բողոքի ակցիաներ է կազմակերպում Բաքվում եւ արտասահմանում Ադրբեջանի դեսպանատների մոտ, ինչպես նաեւ՝ փորձում է սեւացնել Ալիեւի անունը»։

Եվ Ալիեւը, եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը անհանգստություն են հայտնել, որ Ադրբեջանը կարող է դառնալ Իրանի հարվածների «թիրախ»։ Երկուսն էլ մատնանշել են Իրանի հետ Կասպից ծովում իրավական առումով ոչ միանշանակ ձեւակերպված սահմանը՝ որպես այդպիսի հարվածի հավանական կետ։ «Ալիեւը իրավիճակը Իրանում համարում է ծայրահեղ լարված, եւ գտնում է, որ այն կարող է պայթել ցանկացած պահի»,- ասվում է դիվանագիտական հեռագրերում։

2006թ. դեկտեմբերին թվագրված հեռագրի մեջ Ալիեւը պաշտպանողական կեցվածք ընդունած մարդու տպավորություն է թողնում՝ անհանգստություն արտահայտելով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տարվող, իր համար անհասկանալի քաղաքականության վերաբերյալ։ Իսկ 2010թ. փետրվարին ուղարկված հաղորդագրություններում նա ավելի է հակված հաշտությանը, եւ նկատվում է Իրանի հանդեպ ունեցած վախը։ «Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը մի անգամ ասաց, թե Ռուսաստանը չի ցանկանում, որ ամերիկացիները խեղդեն Իրանին, բայցեւ չի ցանկանում, որ Իրանը ունենա միջուկային զենք»,- ըստ ամերիկացի դիվանագետների՝ ասել է Ալիեւը։ Այդ դիլեման, ի դեպ, նա ամենայն լրջությամբ է ընկալում։

Վրաստանը նույնպես մի քանի անգամ հայտնվել է երկու կրակի արանքում։ Երկու տարի առաջ Իրանի հետ այս երկրի հարաբերությունները կաթվածահար եղան այն պատճառով, որ Վրաստանի իշխանությունները ԱՄՆ-ի պահանջով նրանց հանձնեցին Իրանի մի քաղաքացու, որը մեղադրվում էր մաքսանենգության, փողերի լվացման եւ դավադրության մեջ։ 2010թ. իրավիճակը լիցքաթափվեց։ Իրանը եւ Վրաստանը հանեցին վիզային պահանջները մեկը մյուսի նկատմամբ, վերականգնեցին մայրաքաղաքների միջեւ ուղիղ ավիաչվերթները եւ պայմանագիր կնքեցին՝ առեւտրի, զբոսաշրջության եւ ենթակառուցվածքների ոլորտում համագործակցելու մասին։ Հավանաբար, այս ամենը որոշակի զարմանք առաջացրեց Վաշինգտոնում։ Ռուսական եւ վրացական կողմերը հղում անելով «Wikileaks»-ին՝ նշում են մի փաստաթղթի մասին (թեպետ այդ փաստաթուղթը դեռ կայքում չի հրապարակվել), որտեղ բերված են ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքի բրիֆինգից հատվածներ՝ մինչ նրա կովկասյան շրջագայությունը։ Հաղորդվում է, որ «Վրաստանը ցանկանում է հստակություն մտցնել Իրանի հետ իր հարաբերություններում», սակայն վախենում է անշրջելի սխալներ կատարել։ «Վրաստանն իրեն չի կարող թույլ տալ հարաբերությունները փչացնել տարածաշրջանի հզոր հարեւանի եւ խոշոր առեւտրային գործընկերոջ հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Այս կարգի մտավախությունները, թերեւս, առկա են անդրկովկասյան բոլոր երկրներում։ Հայաստանն արդեն շատ վաղուց բարիդրացիական հարաբերություններ է պաշտպանում Իրանի հետ, մասամբ այն պատճառով, որ նրան շատ անհրաժեշտ է տարածաշրջանում ունենալ գոնե մեկ դաշնակից։

Հայաստանի կողմից Իրանին զինամթերքը փոխանցելուց հետո այդ ժամանակվա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն կոնֆիդենցիալ նամակ է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Նամակով նա հստակ հասկացրել է, որ Հայաստանը պետք է հետեւություններ անի եւ ամերիկացի տեսուչներին թույլ տա անսպասելի ստուգումներ իրականացնել, հակառակ դեպքում այս փոքր երկրին կսպառնա «ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնության դադարեցումը եւ արտահանման հետ կապված որոշակի սահմանափակումներ»։

ԱՄՆ-ի պատժամիջոցները Հայաստանի համար ողբերգություն կլինեին։ Այս աղքատ երկիրն առանց այն էլ տուժում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում։ Ոչ մի հաղորդագրության մեջ չի նշվում` Հայաստանը ամերիկացիների հրամանը կատարե՞լ է, թե՞ ոչ։ Սակայն 2010թ. հունվարին եղել է հաղորդագրություն, համաձայն որի՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը ԱՄՆ դեսպանին հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստվում է կատարել ամերիկացիների բոլոր պահանջները։ «Հայաստանը շատ խնդիրներ ունի, եւ ոչ մի ցանկություն չկա ավելորդ խնդիրներ ստեղծել»,- հաղորդագրության համաձայն՝ ասել է Հակոբյանը։

Այժմ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ոչ մի պատժամիջոց չի գործում։

Los Angeles Times