Սա մշակույթի տո՞ւն է

14/12/2010

Գեղարքունիքի մարզի Թթուջուր տանող մայրուղուց մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում գյուղի մշակույթի տունը, իսկ ավելի ճիշտ՝ կիսաքանդ շենքը: Նույնիսկ ամենավառ երեւակայություն ունեցող մարդիկ դժվար թե հասկանան, որ կիսաքանդ, առանց պատուհանների եւ ժանգոտ դարպասներով այդ շինությունը նախատեսված է մշակութային միջոցառումների համար: «Ճիշտ ա, շենքը լավ վիճակում չի, բայց մենք համերգները կազմակերպում ենք Մշակույթի տան բակում»,- ասաց Թթուջրի բնակիչներից մեկը, ով դժվարացավ հիշել, թե վերջին անգամ ե՞րբ էր միջոցառում կազմակերպվել գյուղում: Փոխարենը մշակութային տանը բույն են դրել հավերն ու ծիծեռնակները: Շենքի պատուհաններից վերեւ ծիծեռնակների բներն են, իսկ բակում՝ ընտանի թռչունները: «Մեր կլուբը նկարում են, խոխե՛ք»,- ասացին գյուղի երեխաները, ովքեր նոր էին վերադառնում դպրոցից: «Մեզ էլ կնկարե՞ս մեր կլուբի մոտ»,- չարաճճիորեն ժպտալով՝ ասացին երեխաները: Ինչեւէ, ցավալի է, բայց՝ փաստ, որ գյուղերում մշակութային տները, մեղմ ասած, շենքային նույնիսկ նվազագույն պայմաններ չունեն, մի մասն էլ բացարձակ չեն գործում, փոխարենը՝ ՀՀ Մշակույթի նախարարուհին` Հասմիկ Պողոսյանը, «ջանք ու եռանդ» չի խնայում Հայաստանում մշակույթը զարգացնելու համար… թողես` խոսի: