«Որդիս չի մոլորվել, թուրքն ա տարել նրան»

14/12/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դեկտեմբերի 14-ին լրանում է Ադրբեջանում գերության մեջ դաժանաբար սպանված 20-ամյա Մանվել Սարիբեկյանի մահվան 40 օրը: Մինչ օրս նրա ծնողները, հարեւաններն ու հարազատներն անզուսպ հուզմունքով են հիշում Ճամբարակի շրջանի Թթուջուր գյուղի խելացի ու համեստ տղային:

Թթուջրի գյուղապետարանի փոքրիկ դարպասից լրագրողներով ճանապարհվեցինք դեպի Մանվելենց տուն: Ցեխառատ ճանապարհի երկու կողմերին լուռումունջ արածում էին ձիերը, որոնց հարեւանությամբ խոտի դեզերն ու աթարի բրգաձեւ կույտերն էին, իսկ քիչ հեռվում հանդարտ բարձրանում էր վառարանների կապույտ ծուխը: Տան կիսախարխուլ աստիճաններով բարձրացանք դեպի տուն: Ցելոֆանապատ պատուհաններով տան մուտքի մոտ մեզ դիմավորեց Մանվելի հայրը՝ Մամիկոն Սարիբեկյանը: 20-ամյա տղայի ծնողները կուչ եկած նստեցին տղայի լուսանկարի հարեւանությամբ: Մանվելն ընտանիքի 4 երեխաներից մեկն էր: Երեխաներից ավագն էր: Մայիսին զորացրվել էր: Ըստ ծնողների՝ Մանվելը հովիվ չէր, այլ աշխատում էր որպես բանվոր՝ օրական 5000 դրամով Շամշադինի անտառից փայտ էր բերում: «Վերջին անգամ իմ էրեխեն ինձ հետ եկավ անտառ՝ որպես բանվոր փայտ բարձելու: Իրիկունը ժամը 7:30 ասացին՝ չկա: Ամբողջ գեղը դուրս եկան, գնացին ման գալու, բայց ասացին՝ չկա»,- ասաց Մանվելի մայրը՝ Սիրանուշ Բալյանը: «Ժամը 9-ին տանը հաց ա կերել ու դուրս եկել: Ուրախ-ուրախ, ծիծաղելով դուրս եկավ տնից»,- հիշեց մայրը: Դեպքից հետո ծնողները, կարծես, անհաղորդ են դարձել կյանքին: Խոսում են սառը, երբեմն անտարբեր, երբեմն ազատություն տալով կոկորդում քարկապ ընկած զգացմունքներին: Ծնողներն ընտանիքի ավագ որդու կորստի հետ չեն հաշտվում: «Մանվելը խելոք էրեխա էր: Դպրոցում լավ չէր սովորում: Սովորական ընտանիք էինք: Էնքան խելոք էր, սաղ գեղը հարգում էր»,- կոպերի թրթռոցով խոսում էր տիկին Սիրանուշը: Հայրը մերթընդմերթ լրացումներ էր անում, հետո գլուխը կախում: Հոր մորուքի «թավուտներում» գծագրվում էին վշտի ու տառապանքի գծերը: Նույնիսկ լռության պահին դողում էին նրա դեմքի մկանները: Ըստ ծնողների՝ այդ օրը հարեւանի խնդրանքով որդին տարել էր նաեւ անասուններին, որոնցից միայն մեկն էր իրենցը: «Գյուղի տղերքին ասաց՝ գնամ տավարը նայեմ-գամ, ու էդ գնալն էր, որ գնաց… 3 օր անտառները ման եկանք: Ոչ ինքը կար, ոչ ձին: Չգտանք»,- շարունակեց 37-ամյա կինը: Հոր փոխանցմամբ՝ միայն 3-րդ օրը Երեւանից լուր ստացան, որ Մանվելն Ադրբեջանում է եւ խոսել է ինտերնետով: «Էդ իմ էրեխու ձայնը չէր, ոնց որ սրսկած լինեին: Մի ձեւի այլայլված էր խոսում էրեխեն: Ձայնն իրենը չէր, անճանաչելի էր»,- հուզված ասաց որդեկորույս մայրը: Մինչ որդու դին բերելը՝ ծնողները դեռ հույս ունեին, որ Մանվելը տուն կգնար իր ոտքով: Բայց հետո այդ հույսն էլ մեռավ, երբ ծնողներին զանգեցին ու ասացին, որ ադրբեջանցիները վերադարձրել են Մանվելի դին: «Ես գնացի բերեցի դին»,- ասաց Մամիկոն Սարիբեկյանը: Ըստ նրա՝ իրեն մի թղթի կտոր էին տվել, որտեղ նշված էր, թե տղան մահացել է պարանոցի վնասվածքից: Ծնողները հերքեցին ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունները, որոնց համաձայն՝ Մանվել Սարիբեկյանը դիվերսանտ էր, իսկ նրա մահը՝ ինքնասպանություն: Հայկական կողմը՝ ՀՀ ՊՆ-ն, եւս հերքեց այս լուրերը: «Ոչ, ես իմ էրեխու վրա վստահ եմ, նա չէր կարա ինքնասպանության գնար»,- ասաց տիկին Սիրանուշը: «Ես չեմ հավատում, որ Մանվելը մոլորվել ա: Նա էնտեղից 13 տարեկանից ձիով փայտ էր բերում: Մեր ընտանիքը պահում էր: Թուրքն ա տարել»,- ավելացրեց տիկին Սիրանուշը: «Էնքան խելոք ու աշխատասեր էրեխա էր: Գնաց բանակ, լավ ծառայեց եկավ: Թե ի՞նչ եղավ…»,- հանդիպակաց սարերին նայելով՝ խոսում էին հարեւանները: Նրանք բոլորն էլ իրենց օրվա հացը գտնում են Շամշադինի անտառներից: «Անտառ գնալը վտանգավոր ա, բայց ուրիշ ելք չունենք: Ո՞նց ապրենք»,- խոր հոգոց հանելով՝ շարունակեցին հարեւանները: Վերջիններս հիշեցին 1 տարի առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սունկ հավաքողի դեպքը, ով եւս մառախուղի պատճառով գերի էր ընկել: Սունկ հավաքողին ազատ արձակեցին, մինչդեռ Մանվելին… «Կրակոցնե՞ր… ամեն օր ենք լսում»,- միաբերան նշեցին մտահոգ հարեւանները: Այստեղ կյանքը մնացել է պատերազմի ու խաղաղության միջեւ: Ընտանիքների ապրուստի միակ միջոցը մնացել են անտառները, որտեղ, ինչպես ասացին, գնալը վտանգավոր է, բայցեւ այլ տարբերակ չունեն: Մանվելն ընտանիքի կերակրող ուժն էր: Սարիբեկյանների ընտանիքը պետությունից ստանում է ընդամենը 25.000 դրամ նպաստ: Մանվելը դեռ գերեզմանաքար չունի, իսկ թաղման ծախսերի համար ՊՆ-ն ու Գեղարքունիքի մարզպետն էին որոշակի գումար տվել: Որդու կորստից հետո Մանվելի մայրը ՀՀ Պաշտպանության նախարարությանը խնդրել էր երկրորդ որդուն ժամկետային զինածառայությունից ազատել: ՊՆ-ն Սարիբեկյանների երկրորդ որդուն Ղարաբաղից տեղափոխեց Վարդենիս: Իսկ տան պատշգամբում հավաքված հարեւանները դեռ խոսում էին Մանվելի, կրակոցների ու այն տագնապի մասին, որը նրանց ամենօրյա կյանքն է: Տնամերձի չորացած ծառերի ճեղքով նորից սողոսկում է արեւն, ու տիկին Սիրանուշը հերթական անգամ ցաքուցրիվ հայացքով ճանապարհ է դնում տան հյուրերին… Որդու սպանության գործը ՀՀ ԱԱԾ վարույթում է, եւ մահվան հանգամանքները դեռ ուսումնասիրվում են: