«ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան, առանց որեւէ բացատրության՝ Ոստիկանության 6-րդ վարչություն է տարվել Tez Tour (ռուսաստանյան տուրիստական խոշոր ընկերություն է) տուրիստական գործակալության երեւանյան գրասենյակի ողջ անձնակազմը: Ներկայացուցչության զարգացման տնօրեն Վադիմ Վարդազարյանը բացատրություն է պահանջել Ոստիկանություն բերման ենթարկվելու կապակցությամբ, ինչին ի պատասխան` Ոստիկանության աշխատակիցներից մեկն ասել է, թե ձերբակալվածներից մեկը կասկածվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ: Տուրօպերատորի ողջ անձնակազմին միայն դեկտեմբերի 12-ի գիշերը ժամը մեկին է հնարավորություն տրվել լքել Ոստիկանության բաժանմունքը:
Tez Tour-ի ներկայացուցիչները կարծում են, որ իրենց ձերբակալման հետեւում կանգնած է Magic Time տուրգործակալության ղեկավարությունը, որոնք մինչ այդ նախազգուշացրել են նրանց «գործի» նման ավարտի վերաբերյալ: Tez Tour-ի եւ Magic Time-ի միջեւ կոնֆլիկտն առաջացել է դեռ ամռանը, երբ Magic Time-ը հրաժարվել է Tez Tour-ին վճարել ավելի քան 400 հազար ԱՄՆ դոլար պարտքը` շարունակելով, սակայն, վաճառել մոսկովյան տուրօպերատորի` Tez Tour-ի ուղեգրերը: Ամբողջ այդ ընթացքում շարունակվում էին բանակցությունները, որոնք, սակայն, որեւէ արդյունք չեն տվել. Magic Time-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընկերությունը մտադիր չէ մոտ ժամանակներս վճարել իր պարտքերը: Ի պատասխան սրա` Tez Tour-ը զգուշացրել է, որ ընդհատելու է համագործակցությունը տուրիստական այդ գործակալության հետ, ինչը նշանակում է Magic Time-ի հաճախորդների սպասարկման դադարեցում եւ չվճարված ուղեգրերի չեղյալ հայտարարում:
Ֆինանսական վեճն այդտեղ էլ կընդհատվեր, եթե, ինչպես պնդել է Tez Tour-ի ղեկավարությունը, Magic Time-ի ղեկավարները չսկսեին սպառնալ` ուժի կիրառմամբ: Նշենք, որ Magic Time հայաստանյան ընկերությունը Tez Tour տուրօպերատորի լիազորված գործակալությունն է Հայաստանում: Այսպես է նշված նաեւ «Սփյուռ» տեղեկատուի մեջ: Tez Tour տուրիստական գործակալության «ՌԻԱ Նովոստի»-ին տրված հաղորդագրության համաձայն` Magic Time-ի ղեկավարներ Մհեր եւ Դավիթ Մանուկյանները ռուսաստանյան Tez Tour գործակալության երեւանյան գրասենյակի բոլոր աշխատակիցների համար «մեծ խնդիրներ են խոստանում` ադմինիստրատիվ-իրավական բնույթի»: Որպես իրենց մտադրությունների լրջության հաստատման նշան, ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հաստատել են TezTour-ի ներկայացուցիչները, նրանք նշել են իրենց մտերիմ բարեկամի` Գագիկ Ավետիսյանի անունը, ով Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետն է: «ՌԻԱ Նովոստի»-ն նկատում է, որ հենց այդ վարչությունում էլ, բախտի բերմամբ թե պատահմամբ, շաբաթ օրը հայտնվել են Tez Tour-ի երեւանյան գործակալության բոլոր աշխատակիցները:
Tez Tour տուրօպերատորը հայտարարության մեջ նշում է, որ 16-ամյա իրենց գործունեության ընթացքում երբեւէ չեն հանդիպել նման ամենաթողության եւ ոտնձգության հետ, եւ մտադիր է պաշտպանել իր իրավունքները` համաձայն օրենսդրության: Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում է, որ Մհեր եւ Դավիթ Մանուկյանները դեռեւս չեն նշել պարտքի վերադարձման ժամկետները եւ շարունակում են սպառնալ Tez Tour-ի երեւանյան գործակալության ղեկավարությանը: «ՌԻԱ Նովոստի»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Magic Time-ի ներկայացուցիչներից, ովքեր, սակայն, անհասանելի են եղել: