Երկու տարի առաջ Բութանը (Բութանի թագավորությունը Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ գտնվող փոքրիկ պետություն է) ընդունել է նոր սահմանադրություն: Ըստ այդմ` կառավարության բոլոր ծրագրերը` վերաբերվի գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը, թե առեւտրին, գնահատվելու են ոչ թե տնտեսական ցուցանիշներով, այլ` թե որքան երջանկություն են նրանք բերում մարդկանց: Հասկանալի է, յուրաքանչյուրի երջանկության ընկալումը խիստ անհատական է, սակայն Սահմանադրությամբ պետությունը ստանձնում է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի իր քաղաքացիներն իրենց երջանիկ զգան: Եթե չեք հավատում, բացեք Վիքիպեդիան եւ կարդացեք: Բութանի մայրաքաղաք Տխինֆիի փողոցներում լուսաֆորներ չկան, իսկ երթեւեկության կարգուկանոնը պաշտպանում է ընդամենը մեկ ճանապարհային ոստիկան. համաձայնեք, արդե՛ն երջանկություն է):
Աշխարհում վաղուց արդեն հանգել են եզրակացության, որ երկրի գլխավոր արժեքը նախեւառաջ մարդիկ են, նրանց արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը, երջանիկ լինելու հնարավորությունը եւ ոչ թե նավթն ու գազը, ոսկու պաշարները, սուպերմարկետները եւ սրճարանները: Սակայն այդ լուրը Բութանից Հայաստան դեռ չի հասել:
Անհասկանալի ճշգրտությամբ Հայաստանում գործում է մի մեքենա, որը նպատակ ունի մարդկանց կյանքը դարձնել հնարավորինս անտանելի: Ազգային համախառն ներքին երջանկության մասին Հայաստանում խոսելը կարող է ժպիտ առաջացնել: Սակայն մարդիկ փնտրում են երջանկություն եւ ուզում են երջանիկ լինել: Նման մարդկանց թիվը իմանալը բարդ չէ. բավական է հետեւել արտագաղթի թվերին: Օրերս Ռուսաստանի դաշնային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տվյալներ: Ըստ այդմ` 2010թ. հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն են տեղափոխվել 16.389 մարդ: Ռուսաստանը լքել է 535 հայ: Սակայն չի նշվում` այդ հայերը վերադարձել են Հայաստա՞ն, թե՞ գաղթել են երրորդ երկիր: Նման դեպքերում չենք կողմնորոշվում` ցուցանիշը վտանգավո՞ր է, թե՞ ոչ այնքան, քանի դեռ ներկայացված չեն հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի թվերը: Նույն աղբյուրի համաձայն` նույն ժամանակահատվածում Ադրբեջանից ՌԴ է արտագաղթել 11.621 ադրբեջանցի, երկրի տարածքը լքել են 856-ը: Վրաստանից ՌԴ են մեկնել 4036 վրացի, երկրի տարածքը նույն ժամանակահատվածում լքել են 340-ը: Չմոռանանք, սա միայն ՌԴ մեկնածների թիվն է:
Ինչո՞ւ է Հայաստանում բնակվելը ժամանակի ընթացքում անհամատեղելի դառնում կյանքի հետ: Պատճառները շատ են: Դրանցից մեկն այն է, որ հատկապես սոցիալական ոլորտը սպասարկող օրենքները եւ որոշումներն ընդունվում են մեխանիկորեն, առանց երկարատեւ եւ լուրջ քննարկումների: Բութանի օրինակով հաշվել, թե մեր ղեկավարների ընդունած որոշումներն ու ԱԺ հաստատած օրենքները մարդկանց երջանկության ի՞նչ աստիճան են բերում, իմաստ չունի: Փոխարենը կարելի է տեսնել, թե մարդկանցից որքան էներգիա, առողջություն ու ժամանակ են խլում, որքան հիասթափություն են պատճառում նման չմտածված որոշումների եւ օրենքների դեմ պայքարելը:
Վերջին օրերին մայրաքաղաքում փողոց էին դուրս եկել արդեն հղի կանայք` պաշտպանելու երեխա ունենալու իրենց ցանկությունը: Ոմանք կարող են ասել` իրավունքը: Արդեն որքան ժամանակ նրանք ահազանգ են հնչեցնում, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում կատարած փոփոխությունները մտածված չեն: Հիշեցնեմ, ըստ այդ փոփոխության` դեկտեմբերի 1-ից ժամանակավորապես անաշխատունակության արձակուրդի ընթացքում կանայք ստանալու են միայն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով փոխհատուցում: Նախկինում ստանում էին ամբողջ աշխատավարձի չափով: Թե հոգեբանորեն որքան բարդ է հղի վիճակում դուրս գալ բողոքի ակցիայի` խնդրանքով, որ հարգեն քո վիճակը, կհասկանան միայն կանայք: Ինձ համար անակնկալ էր, որ ինտելեկտուալ, բարձր վարձատրվող աշխատանք ունեցող այդ կանայք, այն էլ` նման վիճակում, այնքան քաղաքացիական ոգի ունեն, որ պատրաստ են դուրս գալ փողոց:
Հետաքրքիր էր լսել հղի կանանց եւ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արթուր Պողոսյանի զրույցը: Նախարարը ասում է` պետությունն այսօր պատրաստ է փոխհատուցել ընդամենն այդ չափով: Ապա հղի կանանց խուրհուրդ է տալիս հաշվել նաեւ այն բազում արտոնությունները, որոնք, ինչպես նախարարին է թվում, պետությունը շռայլորեն ընձեռում է նրանց: Մասնավորապես` անվճար ծննդաբերությունը:
Ի տարբերություն պետության հետ հարցերն անդառնալիորեն փակած եւ ճամպրուկները հավաքած մարդկանց` այդ կանայք դեռեւս շարունակում են իրենց ապագա զավակների կյանքը պատկերացնել Հայաստանում: Սակայն պետությունը իր քաղաքացիներին, հատկապես հղի կանանց իր ուշադրությամբ չի անհանգստացնում: Եվ, կարող են հաստատել բոլորը` թե՛ երեխայի ծնունդից հետո ստացվող գումարը, թե՛ ֆիզարձակուրդի ընթացքում ստացած գումարը, չեն կարող փակել այն ծախսերը, որոնք նախորդում ու հաջորդում են երեխայի ծնվելուն: Ժամանակավոր անաշխատունակ վիճակում գտնվող կանանց պետության կողմից տրվող գումարը խիստ սիմվոլիկ է, եւ, ավելի շուտ, ունի հոգեբանական ազդեցություն եւ ոչ մի դեպքում չի կարող ընկալվել որպես նյութական լուրջ օգնություն, որը դեռ կրճատման անհրաժեշտություն ունի:
Պետությունը փորձում է ներկայացնել իր հիմնավորումները: Իբր` այսպիսով պայքարում է խարդախության դեմ. շատ գործատուներ, պարզվում է, ծանոթ հղիներին ձեւակերպում են` որպես աշխատող, եւ նրանք երեխա ունենալուց հետո պետությունից բարձր նպաստ են ստանում: Մյուս հիմնավորումը` հղիներից տնտեսած գումարը պետությունը պատրաստվում է տրամադրել չաշխատող կանանց նպաստներին: Երբ պետության եւ իր քաղաքացիների հարաբերությունները հիմնվում են փոխադարձ անվստահության վրա, առաջանում է փոխադարձ անհրաժեշտություն` միմյանց խաբելու, միմյանցից ինչ-որ բան պոկելու: Նման խարդախ հարաբերությունների վրա հիմնված պետությունը լավ ապագա պիտի որ չունենա: Եվ իրավիճակն ամենեւին չի փրկում հավաստիացումը, թե օրենքը հերթական անգամ կվերանայվի, եւ հղի կանայք ֆիզարձակուրդի ընթացքում կստանան այն գումարը, ինչ ստանում էին: Դրանից որեւէ մեկն իրեն երջանիկ չի զգա:
Իսկ երբ պետությունն իրո՛ք մտածում է իր քաղաքացիների մասին, նրանց հետ վարվում է այնպես, ինչպես Բութանում: Այնտեղ հասարակության համախառն երջանկությունը չափելու 72 սանդղակ կա` որքա՞ն հաճախ են մարդիկ աղոթում: Դրանով չափում են նրա էգոիզմի, նախանձի, սառնասրտության, հուսահատության, առատաձեռնության աստիճանը: Երջանկության ինդիկատոր է համարվում նաեւ ժամանակի բաշխումը. որքա՞ն ժամանակ է մարդը հատկացնում ընտանեկան միջավայրում գտնվելուն, որքա՞ն` աշխատանքին, եւ այլն: Գլոբուսի վրա Բութանը Հայաստանից այնքան հեռու է: Սակայն երջանիկ զգալու համար մարդն ուր ասես` չի հասնի: Սակայն ակնհայտ է, որ Բութանում հայեր չկան: Դա երեւում է նրանց ազգային համախառն երջանկության աստիճանից: