Մոսկվայում «Սպարտակի» երկրպագուների կողմից սանձազերծված միջադեպերի առնչությամբ «Ռեգնումին» մեկնաբանություններ է տվել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը: Նա, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունը մինչ այժմ հստակ քաղաքական գնահատական չի տալիս նմանօրինակ դրսեւորումներին: «Ռուսաստանի ղեկավարության կողմից չկա լուրջ վերաբերմունք այդպիսի իրադարձություններին: Այդ դեպքերի համար պատասխանատվությունը դնում են առանձին անձանց կամ մի քանի արմատականների վրա, այն դեպքում, երբ իրականում տեղի է ունենում ռուս երիտասարդության արմատականացման լուրջ գործընթաց»,- հայտարարել է Խալաթյանը: ՀՄ-ի համար՝ սա բավականին ուշագրավ մոտեցում է։ Ազգայնական հողի վրա նախկինում կատարված սպանությունների ժամանակ այս կառույցը, որպես կանոն, բավական զգուշավոր էր իր արտահայտություններում, եւ գերադասում էր հանցագործությունները դիտարկել կենցաղային, քրեական, միայն թե՝ ոչ ազգայնական հողի վրա։ Գ. Խալաթյանն, ի դեպ, ավելի հեռուն է գնացել եւ Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել համալիր քայլեր ձեռնարկել նման իրադարձություններ թույլ չտալու: «Առաջին հերթին պետք է դաստիարակել երեխաներին եւ սեփական գնահատականներում չառաջնորդվել «ռուս» եւ «կովկասցի» հասկացություններով, այլ՝ օրինապաշտ քաղաքացիներ եւ հանցագործներ»,- ասել է Գեղամ Խալաթյանը:
Հիշեցնենք, որ անկարգությունները Մոսկվայում սկսվել են «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունից հետո, որը կատարվել է կովկասցիների կողմից: Ակումբի հազարավոր երկրպագուներ ի հիշատակ Եգորի՝ ակցիա էին կազմակերպել։ Սկզբում նրանք հրավառություն էին կազմակերպել եւ ազգայնական կարգախոսներ հնչեցրել, ապա ցույցը վերաճել է ջարդերի, ինչի արդյունքում տուժել էին պատահաբար անցնող շատ կովկասցիներ եւ միջինասիացիներ` ստանալով լուրջ վնասվածքներ: Ֆանատները բախումների մեջ էին մտել նաեւ Ոստիկանության հատուկ ուժերի հետ։ Հոսպիտալացվել են տասնյակ մարդիկ, այդ թվում եւ՝ ոստիկաններ։ Բերման է ենթարկվել 66 մարդ, որոնց, սակայն, այժմ ազատ են արձակել։
Ռուսական «Կոմերսանտը» գրել է, որ անկարգությունների կազմակերպիչն իրականում ոչ թե «Սպարտակի» երկրպագուներն են, այլ ազգայնական խմբերը, ովքեր օգտագործել են հարմար առիթը։ «Դրանք ֆանատների խմբավորումների` այսպես կոչված «Ֆիրմաների» առաջնորդներն են, որոնք կապ չեն ունեցել երկրպագուների պաշտոնական միավորումների հետ: Այդ միավորումները գոյություն ունեն հիմնականում կռիվների համար եւ որեւէ մեկին չեն ենթարկվում»,- գրում է պարբերականը՝ ավելացնելով, որ պաշտոնական երկրպագուների միավորումները տեղյակ են եղել, թե ովքեր են ակցիայի կազմակերպիչները, եւ կոչ են արել չգնալ քաղաքի կենտրոն: Որոշ բլոգերներ լուսանկարներում ճանաչել են Կրեմլին հարող եւ նրա կողմից ուղղորդվող «Երիտասարդ Ռուսաստան» եւ «Նաշի» շարժումների անդամներին:
Մոսկովյան անկարգություններին անդրադարձել է նաեւ արեւմտյան մամուլը։ «Մինչ Պուտինը անգլերեն երգեր էր երգում, մայրաքաղաքը եւ Ռուսաստանի եւս երկու խոշոր քաղաքներ հայտնվել էին ազգայնական տենդի նոպայում։ Որպես առիթ հանդիսացել է ֆուտբոլային երկրպագուների սպանությունը՝ կովկասցի միգրանտի կողմից։ Սակայն վերլուծաբանները մատնանշում են այս երեւույթի ավելի խորքային պատճառներ։ ՌԴ իշխանությանը չի հաջողվում կանխել կովկասյան միգրացիայի մեծ հոսքը եւ դրան ի պատասխան ծնվող ագրեսիան, քանի որ Ռուսաստանի բնակչությունը կովկասցիներին համարում է խնդիրների եւ հանցավորության աղբյուր»,- գրում է գերմանական «Der Tagesspiegel» թերթը։ «The Financial Times»-ի թղթակից Չառլզ Գլովերը կարծիք է հայտնել, որ բռնությունները ցույց տվեցին Ռուսաստանում ուլտրա-ազգայնական շարժման թաքնված ուժը։ Ըստ թերթի, այդ շարժումը ՌԴ-ում ունի շուրջ 70 հազար հետեւորդ։ Իսկ իսպանական «El Pais»-ը գրում է. «Կովկասցիներին պաշտպանելու հարցում Ոստիկանության պասիվությունը հանգեցրել է ազգայնականության ալիքի առաջացմանը, որի հետեւանքները անկանխատեսելի են»։