«Քննիչը զաստավիտ ա անում, թե՝ տղամարդու հետ քնել ես»

14/12/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նվարդը, Նարեկը, Նոէլն ու Հովհաննեսը երբեք ծննդյան տոներին չեն սպասում: Նրանց համար տոնն ամենօրյա բարեգործական ճաշարան գնալու ժամն է: Ամեն լուսաբացին այս փոքրիկներն անհամբեր ժամերն են հաշվում, թե երբ է լրանալու ճաշարան գնալու ու քաղցը հագեցնելու ժամը: Հարցնում եմ` «Երեխե՛ք, հեչ Ձմեռ պապ տեսե՞լ եք»: Բոլորը շվարած նայում են, իսկ 9-ամյա Նվարդը դժկամությամբ պատասխանում է` «Հա՛, տելեվիզորով տեսել ենք: Ձմեռ պապն ասում ա` երեխեքին շատ ա սիրում, բայց մենակ տելեվիզորի երեխեքին ա սիրում»: Նվարդը մի տեսակ տխրում է ու քաշվում, առանձնանում է սենյակի անկյունում: Վանաձորի բուլղարական տնակային ավանում բնակվող այս չորս մանկահասակ երեխաներն ապրում են վայրի, անմարդկային կենսակերպով: Տնակում տիրող իրավիճակը նկարագրել հնարավոր չէ: Մայրը` Լիլիթ Ավետիսյանը, փոքրիկ թասի կեղտաջրի մեջ ժավել է լցրել, որի աննկարագրելի անդուր գարշահոտից երեխաները դուրս են փախել: Ամենուր մանկական հնամաշ, կեղտից գույնը կորցրած շորեր են լցված` սեղանին, հատակին, բազմոցին, աթոռներին: Լիլիթը զգում է, որ սրտխառնոցից շնչահեղձ եմ լինում: «Վայ, վա՞տ ես: Թարս էր, գիտե՞ս, ես էլ էսօր սաղ խառնել եմ իրար, լվացք, լուսամուտ եմ լվանում»,- ասում է նա, ում խնդրում եմ դուռը բաց թողնել, որ մաքուր օդ գա: Երկու տարեկան Հովհաննեսն իրեն «պատռելով» լաց է լինում, բայց մայրն այնքան անտարբեր է. երեխայի լացը հավանաբար սովորական է դարձել: Հովհաննեսը մորը հասկացնում է, որ դուրս է ուզում, բայց Լիլիթի հայացքն անշարժ է: Կեղտի ու ժավելի գարշահոտն իսկական պատիժ է տնակի օդին անսովոր մարդկանց համար: Լիլիթի ու Վահագի չորս երեխաներից Նարեկը էպիլեպսիայով հիվանդ է: Հարցնում եմ` «Դպրոց գնո՞ւմ ես»: Նարեկը շշմած նայում է ուղիղ աչքերիս մեջ, բայց ոչինչ չի պատասխանում: Առհասարակ չի խոսում: Լիլիթն ասում է, որ երեխայի մոտ հիվանդությունն ի ծնե է: Ինը տարի տնակային սարսափելի պայմաններում ապրող Լիլիթի ու Վահագի երեխաների անառողջ լինելու հանգամանքն ամենեւին զարմանալի չէ նրանց ծանր կենսապայմանների ֆոնին: Անհաց, անշոր երեխաներից ամեն մեկը կարծես մի «մաուգլի» լինի: Ապրում են 45.000 դրամ ընտանեկան նպաստով, իսկ Վահագը, եթե պատահի, բանվորության աշխատանք կատարելով՝ մի քանի հազար դրամ է վաստակում: Հիմնականում աշխատանք չի լինում: Չորս երեխաների հայրն աղիքային հիվանդ է, սակայն, չնայած դրան, ծանր աշխատանք լինելու դեպքում` իրեն չի խնայում: Լիլիթն ասում է` «Պարտքով հաց-մաց ենք վերցնում, հետո նպաստը ստանում, բաժանում ու անփող նստում ենք: Ախր ժողովրդի պայմանները քանի գնում վատանում են: Ասում են` իբր մեր երկիրը հարստանում ա, բայց տեսեք, թե Վանաձորում ինչքան մարդ ա մեր նման ապրում: Տարեցտարի ավելի ա վատանում վիճակը: Երեխեքը գնում են բարեգործական ճաշարանում հաց ուտելու, բայց հիմա չեն թողնում ճաշարան մտնեն»: Չորս երեխաների մայրն ասում է, որ երեխաներին բարեգործական կենտրոն (կենտրոնի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) այցելելու արգելքը պատճառաբանել են հետեւյալ կերպ` «Ձեր մաման ման էկող ա»: Լիլիթը երկար-բարակ ինչ-որ նեղ անձնական պատմություններ է պատմում ու դժգոհում է կենտրոնի աշխատակիցների` երեխաների հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերելու համար: Հարցնում եմ` «Բայց իսկապե՞ս նման բաներ անում եք»: «Չէ՛, չեմ անում: Ախր ես էս չորս երեխուն կբրախեմ, կգնամ մա՞ն կգամ»,- պատասխանում է Լիլիթը: Ասում են` Վահագն ուրիշ մի կնոջ հետ մի քանի օր սարերում է մնացել: Լիլիթն էլ ամուսնուց վրեժ լուծելու համար երեք օր անհայտ «կորել» է… Երեք օր այս երեխաները տնակում մենակ են մնացել, քանի որ մայրն էլ… Թե ինչպես են մանկահասակ երեխաները միայնակ գիշերել ու երեք օր ինքնուրույն ապրել՝ Աստված գիտի: Ասում է` «Քննիչը զաստավիտ ա անում, թե` տղամարդու հետ քնել ես, տղամարդու հետ քնել ես: Էնքան քննեցին… շառ են անում: Ասում են` արել ես ու վսյո: Երեխեն էլ ասում ա` մամա քո անունը հելել ա, ես էլ էդ կենտրոն չեմ գնա»: Սառնամանիքին երեխաները բետոնե հատակին բոբիկ են քայլում: Նարեկը հաճախակի նոպաներ է ունենում, ու վիճակը գնալով վատանում է: Լիլիթին հարցնում եմ` «Բուժման, ստուգման տանո՞ւմ եք, դեղորայք օգտագործո՞ւմ է»: Պատասխանում է` «Դե՛, ինքը թոշակավորված ա»: Լիլիթը որդու հիվանդության ու նշանակված դեղորայքի մասին շատ բան չգիտի: Նարեկը կարող էր ավելի լավ լինել, բայց դժվար է հավատալ, որ Լիլիթի խնամքի տակ մնացած այս երեխան կկարողանա գոնե մյուս տարի գիշերօթիկ դպրոց հաճախել: Լիլիթն էլ է գիտակցում, որ երեխաներին փրկելու համար անհրաժեշտ է նրանց որեւէ հաստատության խնամքին հանձնել: «Լույս ա, գազ ա, ջուրը ա, լրիվ նպաստով ենք մուծում: Ուտելիքն էլ հայթայթում ենք: Ռուսի պես` օրվա բերած, օրվա կերած»,- ասում է նա: Լիլիթի ու Վահագի 4 երեխաների ապրելակերպը նկարագրել հնարավոր չէ: Երկու տարեկան Հովհաննեսն անխնա լաց է լինում, ու նրա նյարդային ճիչերից անգամ զրուցել չենք կարողանում: Ասում եմ` «Սոված ա՞»: «Տո եսիմ է… բա որ հես ա մեկն էլ ծնվի ես…»:

Լիլիթն ու Վահագը սպասում են հինգերորդ երեխային: Զարմանքից բառեր չեմ գտնում նրա հայտնած լուրի մասին խոսելուց: Ասում եմ` «Բայց ո՞նց եք պահելու»: Պատասխանում է` «Շատ ծանր ա մեր վիճակը, բայց գնացի հիվանդանոց, որ հանեմ, 20.000 դրամ ուզեցին: Դրա համար էլ պիտի փող ունենամ, ի՞նչ անեմ: Բարեգործականի տնօրենն ասում ա, եթե էդ հինգերորդն էլ ունենաս` քեզ էլ վաբշե չենք նայելու: Բայց ո՞նց անեմ, 20.000 դրամ որտեղի՞ց ճարեմ»: