Թուրքիայում քրիստոնյա աղջկա եւ մահմեդական փեսայի ամուսնությունը ողբերգական ավարտ է ունեցել. հարսնացուի եղբայրը գնդակահարել է քրոջն ու փեսային: Թուրքական «nternethaberoku»-ի փոխանցմամբ` քրիստոնյա աղջիկը եղել է կամ ասորի, կամ հայ, ում ընտանիքը դեմ է եղել մահմեդականի հետ ամուսնությանը: Սակայն աղջիկը` Սոնայ Վուրալը սպառնացել է, որ ինքնասպանություն կգործի՝ եւ 10 օր առաջ ամուսնացել է ոսկերչությամբ զբաղվող 29-ամյա Զեքերիա Վուրալի հետ:
Հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 12-ին աղջկա եղբայրը՝ Գյունայը, հանդիպել է փեսայի հետ եւ վիճաբանության ժամանակ գնդակահարել թե՛ նրան, թե՛ այդ պահին փեսային պաշտպանած իր քրոջը: Ձերբակալված Գյունայը Ոստիկանությունում հայտնել է, թե փեսան իրեն ասել է, որ գործը վերջացել է, եւ ինքը այլեւս իրավունք չունի խառնվելու, իսկ քույրը պաշտպանել է փեսային՝ ասելով. «Դու չես կարող խառնվել»: «Դրանից հետո դուրս եկանք սրճարանից, եւ երբ նրանք մեքենա նստեցին, ատրճանակով սպանեցի երկուսին էլ»,- ասել է աղջկա եղբայրը:
Սպանված փեսայի հորեղբայրը պատմել է, որ աղջկա ընտանիքը դեմ է եղել այդ ամուսնությանը, քանի որ իրենց տղան մահմեդական էր: Փեսայի մեկ այլ ազգական էլ նշել է, որ աղջկա կողմը ստիպել է, որ մահմեդական տղան փոխի կրոնը եւ դառնա քրիստոնյա, սակայն տղան չի համաձայնել: