Մենք հանցավոր փողեր չունենք

23/10/2005

«Ժողովրդի մոտ այնպիսի հոգեբանություն են ձեւավորել, որ նրանք արդեն սկսել են մտածել, թե ընդդիմությունը հանրաքվեի օրը պետք է գնա ընտրատեղամասերը պահի, որ իշխանություններն այն չկեղծեն,- երեկ «Հանրապետություն» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի հիմնադիր ժողովում հայտարարեց Սմբատ Այվազյանը` ավելացնելով,- բայց դա մեր պարտականությունը չէ, դա իրենց պարտականությունն է: Մենք իրենց համար ո՛չ դատախազ ենք, ո՛չ էլ ոստիկան: Իրենք են պարտավոր լինել արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը»: Ի դեպ, Ս. Այվազյանը տեղեկացրեց, որ իրենք, արդեն 10-րդ օրն է, գրավոր դիմում են հեռուստաընկերություններին, որպեսզի տեղեկանան, թե ինչ կարգով եւ ինչ գներով են հեռուստաժամեր տրամադրելու քարոզարշավի համար, սակայն որեւէ պատասխան չեն ստացել: «Բայց արդեն լուրեր են պտտվում, որ 200-350 ԱՄՆ դոլարի շրջանակներում է լինելու մեկ րոպեն: Նման գները հարմար են կրիմինալ ռեժիմին, եւ մենք «ոչ» ենք ասելու նման հեռուստաընկերություններին եւ չենք մասնակցելու այդ թալանչիական գներով քարոզարշավին»,- ասաց նա` ավելացնելով, որ նման փողեր միայն հանցավորներն ունեն: