Մի քանի օր առաջ Մոսկվայի հայկական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հավաքատեղի դարձած «Ararat Park Hyatt» հյուրանոցում վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Սարգսյանի միջեւ: Այդ «ռազբորկային» ականատես են եղել մոսկվայաբնակ մի խումբ հայեր: Հիշեցնենք, որ 2004թ. վերջին ԱԱ ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվելուց անմիջապես հետո Կ. Պետրոսյանն ապրում է Մոսկվայում: Նա ռուսական «ՁՐՈվրվպՒՑՖ» նավթային ընկերությունում խորհրդականի հաստիք է զբաղեցնում: Իսկ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ս. Սարգսյանը, ով մինչ պատգամավոր դառնալը` 2003-2007թթ., Վայոց ձորի մարզպետն է եղել, մոսկովյան «Ararat Park Hyatt» հյուրանոցի կառուցապատող եւ բաժնետեր, վաղամեռիկ Մուրադ Սարգսյանի եղբայրն է (հյուրանոցը 1999-2002թթ. կառուցվել է Մ. Սարգսյանին պատկանող «Լուսինե» շինարարական կոնցեռնի կողմից): Վեճն այնքան բուռն է եղել, որ նրանց ձայները տարածվել են հյուրանոցով մեկ: Վիճաբանության առարկան վերաբերել է ինչ-որ բիզնեսից (ամենայն հավանականությամբ` հենց այդ հյուրանոցից) Կառլոս Պետրոսյանին պատկանող բաժնեմասի դիմաց վճարվելիք գումարներին կամ դրա տրամադրման ձեւին: Պատգամավորն ասել է, որ այդ գումարները սովորաբար փոխանցվում են հաշվեհամարին, ինչին Կ. Պետրոսյանը հակադարձել է. «Փայս քյաշով պըտի տաք, ոչ թե փոխանցումներով… Արա, քո՞ւ չափ մարդ եմ տեսել իմ կյանքում…»: