Ցուցակ են գրում

11/12/2010

«ՀՀՇ վարչությունը երեկ որոշում է ընդունել դիմել Եվրամիության կառույցներին եւ Ամերիկայի կառավարությանը, որպեսզի վիզաներ չտրամադրեն բոլոր այն մարդկանց, ովքեր մարտի 1-ի գործերով կեղծ ցուցմունքներ են տվել, կեղծ վճիռներ են կայացրել, կեղծ դատախազական ֆունկցիաներ են իրականացրել, ովքեր բռնություն են գործադրել կամ նպաստել են, որ մեր երկրում քաղբանտարկյալներ լինեն»,- երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀԱԿ-ի հրավիրած երթից առաջ հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Այդ մարդկանց ցանկը հստակեցվում է: Եվ ՀՀՇ-ի այս նախաձեռնությանը միացել է նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Իրավունքի եւ ազատության կենտրոն» կազմակերպությունը»,- տեղեկացրել է նա: Հետաքրքիր է, որ նման պահանջներ ներկայացնող Հայ Ազգային կոնգրեսը բոյկոտել էր նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից «Ազատության պաշտպանի» մրցանակով մի քանի դատավորների պարգեւատրելու արարողությունը: ԱՄՆ դեսպանատունը այդ մրցանակը հանձնել էր մի քանի դատավորների, ովքեր ներկայիս պայմաններում հանդգնել էին օբյեկտիվ վճիռներ կայացնել: