Ձեւ եւ բովանդակություն

11/12/2010

Վերջին օրերին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած կադրային փոփոխությունները քննարկվում են ամենատարբեր հարթություններում, ու տարբեր գնահատականներ են տրվում կատարվածին: Իշխանական քարոզչությունը դա ներկայացնում է այն տեսանկյունից, որ Գագիկ Բեգլարյանի ու Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը «նոր ուղեգծի» սկիզբ է, որով իշխանությունը դեմքով շրջվում է դեպի հասարակությունը, քայլեր է անում հասարակական կարծիքի ճնշման տակ: Իհարկե, շատ ցանկալի է, որ դա լինի ոչ թե զուտ քարոզչական ակցիա, այլ համապատասխանի իրականությանը եւ ունենա շարունակություն: Իրադարձությունները, սակայն, արտաքին քաղաքական հարցերում կարծես հակառակի մասին են վկայում: Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ունեցած ելույթում կրկնել է այս ամսվա սկզբին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում արտահայտած միտքը ԼՂ-ի անկախության ճանաչման վերաբերյալ: «…Հայաստանը կտրականապես դեմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն եւ, Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դե յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով»,- իր ելույթում ասել է Ս. Սարգսյանը` կրկնելով Աստանայում հնչած այն թեզը, որը ՀՀ-ում քննադատության արժանացավ ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ փորձագիտական, հանրային լայն շրջանակների կողմից: Հիշեցնենք, որ Աստանայում Ս. Սարգսյանի ելույթից հետո բազմաթիվ հիմնավորված կարծիքներ հնչեցին այն մասին, որ անթույլատրելի է Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումը կապել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետ, որ դրանով նսեմացվում է Ղարաբաղի անկախության գաղափարն ընդհանրապես: Աստանայի գագաթաժողովից անցել է մոտ մեկ շաբաթ: Հայաստան վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չմեկնաբանեց իր այդ հայտարարությունը, չներկայացրեց այն փաստարկները, որոնք գուցե արդարացնում են նման դիրքորոշումը: Այսինքն` եթե իրականում իշխանությունը այդպես հանկարծ, միանգամից որոշել է «դեմքով շրջվել դեպի հասարակությունը», ապա դա պետք է անի ոչ միայն եւ ոչ այնքան որոշ պաշտոնյաների սանձարձակության դեպքերի առիթով, այլ առաջին հերթին ԼՂ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման փոփոխության ժամանակ: Այնպես որ, եթե իսկապես իշխանությունները ցանկանում են արմատական փոփոխություններ կատարել իրենց գործելակերպում, ապա պետք է համապատասխանեցնեն ձեւն ու բովանդակությունը: