Դեկտեմբերի 10-ի երեկոյան, ժամը 19:00-ի սահմաններում Մոսկվայում, Դաեւյան խաչմերուկի 2-րդ տան մոտ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է գլխին հրազենային վնասվածք ստացած մի տղամարդու մարմին: Ըստ Ինտերֆաքսի` սպանվածը հայաստանցի գործարար Արա Խաչատրյանն է: Իսկ Life News-ի` նա ալկոհոլային արտադրանքի վաճառքով զբաղվող մոսկովյան հայտնի «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրենն էր: «Կոմերսանտ» թերթը` հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Ռուսաստանի «Կրեմլյովսկի» առեւտրի տուն ձեռնարկությունը, որը գտնվում է ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ, պայմանագիր է ստորագրել Երեւանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատի հետ` «Կրեմլյան մրցանակ» (Kremlin Award) կոնյակի թողարկման վերաբերյալ: Իսկ այդ մրցանակը թողարկվելու է Հայաստանում: Դրա համար կնքվել է համաձայնագիր Երեւանի «Արարատ» կոմբինատի եւ ռուսական ներկրող «Լուդինգ» ընկերության միջեւ: «Լուդինգը» հիմնադրվել է 1993թ. եւ հանդիսանում է ՌԴ-ում էլիտար ալկոհոլային խմիչքի խոշորագույն ներկրողներից մեկի պետերբուրգյան մասնաճյուղը: Այն հիմնադրել են երկու հայ գործարարներ` Արթուր Վարժապետյանն ու Արմեն Շահնազարյանը: ՀՀ-ում «Լուդինգի» գործընկերը Երեւանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատն է, որի սեփականատերը 2001 թվից «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է: