ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը անհանգստություն է հայտնել «Wikileaks» կայքի եւ կայքին ծառայություններ մատուցած ընկերությունների, բանկերի վրա կիրառվող ճնշումների առնչությամբ: «Ես անհանգստացած եմ այն ճնշումների մասին տեղեկություններով, որոնք գործադրվում են մասնավոր ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ նաեւ բանկերի, պլաստիկ քարտերի էմիտենտ ընկերությունների, ինտերնետ մատակարարների նկատմամբ` ստիպելով նրանց փակել «Wikileaks»-ի համար միջոցների հայթայթման հնարավորությունը»,- Ժնեւում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փիլեյը: Նա անհանգստություն է հայտնել նաեւ «Wikileaks»-ի հոսթինգը դադարեցնելու փորձերի առնչությամբ` ասելով. «Դա կարող է դիտարկվել իբրեւ տեղեկության հրապարակման դեմ գրաքննություն եւ կարծիքի արտահայտման ազատության իրավունքի խախտում»: Հիշեցնենք, որ վերջին հրապարակումներից հետո «Wikileaks» կայքը բազմաթիվ խնդիրների բախվեց: Մասնավորապես` սկսվեց կայքի «տեղափոխումը» մեկ սերվերից մյուսին, իսկ օրեր առաջ ԱՄՆ կառավարության ճնշման տակ ամերիկյան ինտերնետ-վաճառքի գիգանտ «Amazon»-ն իր սերվերներից վտարեց «Wikileaks»-ին, դրանից հետո «Wikileaks»-ը ստիպված եղավ ապաստան գտնել «Bahnhof» շվեդական հոսթինգում եւ ֆրանսիական OVH սերվերներում: