Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայ Ազգային կոնգրեսը Սարյանի արձանի մոտ անցկացրեց փոքր հավաք: Հավաքին հետեւեց երթը:
Արդեն երրորդ տարին է` ՀԱԿ-ն այս օրը նման երթ է կազմակերպում: Այս տարվա երթը նկատելիորեն զիջում էր նախորդ տարվա նույն միջոցառմանը: Հավաքի եւ երթի հիմնական պահանջն էր՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վերջ տալ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարմանը:
«Այսօր մեր այս հավաքը նվիրված է Հայաստանի քաղաքացու իրավունքի պաշտպանությանը: Սերժ Սարգսյանի կամքը, միջազգային կառույցների արձագանքը եւ պահանջները մեր ժողովրդի պայքարի, ձեր կամքի դրսեւորման հետեւանքն են: Մենք շարունակելու ենք պայքարել, քանի դեռ կան քաղբանտարկյալներ, քանի դեռ կան սպանվածներ, ում համար պատասխան տվողները հանգիստ պտտվում են քաղաքում»,- հավաքի սկզբում հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը իր ելույթում ասաց, թե բանտերում գտնվող իրենց ընկերների ազատությունը ժողովրդի ձեռքերում է, եւ ժողովուրդն է այդ խնդիրը լուծելու: «Այս տղաները գրեթե երեք տարի անմռունչ, տղամարդավարի կրել են անազատության բոլոր զրկանքները, բայց մնացել են ամուր»,- ասաց նա:
Հավաքին մասնակցում էին ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ, սակայն ներկա չէին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Վերջինս ԱՄՆ-ում է:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Հայաստանում տիրող իրավիճակի համար, իշխանություններից բացի, մեղադրեց նաեւ միջազգային կառույցներին: Նրա խոսքերով՝ այդ կառույցներն ու Եվրոպան մարդու իրավունքների պաշտպանությունը գոնե արտաքուստ ընդունում են որպես բացարձակ արժեք, բայց ետխորհրդային երկրների նկատմամբ նման ուշադրություն չեն ցուցաբերում: «Նրանք ընդունում են, որ մենք դեռեւս հասու չենք իրական ժողովրդավարության: Ինչո՞ւ, որովհետեւ նաեւ իրենց շահերից ելնելով` աչքերը փակում են մեր երկրում տեղի ունեցող խայտառակությունների վրա: Այս վիճակից դուրս գալու ճանապարհն է՝ շատ արագ, ոչ ստանդարտ ձեւերով մեր երկիրը ազատագրել ավազակախմբից: Հնարավորություն ընձեռենք, որ մեր ժողովուրդը ընտրի իշխանություն, որը սպասարկի հասարակությանը, եւ ոչ թե այսօրվա իշխանությունների նման, ովքեր այս ժողովրդին ընդունում են որպես համբալների հավաքածու: Երկրում ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ միայն ավազակապետությունն է, այլեւ հասարակությունը, որը 10 տարի շարունակ հանդուրժել է ստեղծված իրավիճակը»,- հայտարարեց Պ.Մակեյանը:
Ա.Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, թե ՀՀՇ վարչությունը երեկ որոշում է ընդունել դիմել Եվրամիության կառույցներին եւ ԱՄՆ կառավարությանը, որպեսզի վերջիններս մուտքի վիզաներ չտրամադրեն բոլոր այն մարդկանց, ովքեր մարտի 1-ի գործերով կեղծ ցուցմունքներ են տվել, կեղծ վճիռներ են կայացրել, կեղծ դատախազական ֆունկցիաներ են իրականացրել, ովքեր բռնություն են գործադրել կամ նպաստել են, որ մեր երկրում քաղբանտարկյալներ լինեն: Այդ մարդկանց ցանկը հստակեցվում է: ՀՀՇ-ի այս նախաձեռնությանը միացել է նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Իրավունքի եւ ազատության կենտրոն» կազմակերպությունը: Հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը եւ հայտարարեց, թե «սա քաղբանտարկյալներին ազատելու մի նոր փուլի սկիզբ է»: «Հեռու չէ այն օրը, երբ մեր բոլոր քաղբանտարկյալները կլինեն այստեղ: Ավազակապետության ճաքերը ակնհայտ են: Բայց դա իրենց ներքին գործն է, մեր բոլորիս խնդիրն է` բոլորին միասին փաթեթով հեռացնել իշխանությունից, որ նրանք դադարեն մեր ժողովրդին ճնշել, հալածել եւ կեղեքել: Այդ մարդիկ լուծում են միայն սեփական իշխանությունը պահելու եւ հարստանալու խնդիր: Նույն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ, որ կհեռանան նաեւ նրանք»,- հայտարարեց Դ.Շահնազարյանը:
«Իրավունքները ոչ ոք չի նվիրում, իրավունքները ձեռք են բերվում: Ոչ ոք ազատություն չի նվիրում, ազատությունը նվաճում են»,- ավելացրեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքերով, քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո իրենց հաջորդ խնդիրը մամուլի եւ հեռուստատեսության ազատության համար պայքարն է լինելու եւ ժողովրդին սեփական իշխանությունն ընտրելու իրավունքը վերադարձնելը:
Հավաքին մասնակցում էր նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա Հայաստանի համար խայտառակություն, խարան ու ամոթ համարեց քաղբանտարկյալների առկայությունը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը չի կայացել այն պատճառով, որ մենք չենք կատարել մեր չորրորդ պարտականությունը: «Քաղաքացու վրա դրվում է օրենքները հարգելու, հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու եւ հարկերն ու տուրքերը վճարելու պարտականություն: Բայց ես վստահ եմ, որ կա չորրորդ, ավելի կարեւոր պարտականություն` դա քո եւ այլոց իրավունքների համար անընդհատ պայքարն է: Որովհետեւ, եթե դու ի սկզբանե քո եւ այլոց իրավունքների համար չես պայքարում, չի ստացվում այն հանրապետությունը, որը դու հռչակել ես: Եթե չի լինում քաղաքացու հսկողություն, չի լինում քաղաքացու իշխանություն, չի լինում քաղաքացիական հասարակություն»,- ասաց Ա.Բլեյանը:
Երեկ ընդդիմության հրավիրած երթն անցավ Մաշտոց-Ամիրյան-Նալբանդյան-Թումանյան փողոցներով եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Երթն անցավ առանց միջադեպերի: