«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ապօրինաբար հրաժարվում է նամակներ, դիմումներ ընդունել: Այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, դեկտեմբերի 9-ին Փաշինյանի հետ տեսակցություն ունենալուց հետո: Ըստ Ա. Հակոբյանի, Ն. Փաշինյանն իրեն հայտնել է, որ «Արթիկ» քկհ ղեկավարությունը ոչ միայն իր դեռեւս նախորդ շաբաթ հանձնած ծրարները չի փոխանցում «Հայփոստի» Արթիկի բաժանմունքին, այլեւ սկսել է ընդհանրապես հրաժարվել որեւէ ծրար նրանից ընդունել: Այսպիսով, քաղբանտարկյալ Ն. Փաշինյանն ապօրինաբար զրկված է ընտանիքի անդամների հետ նամակագրական կապից, ինչպես նաեւ՝ զրկված է որպես «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր իր աշխատանքը կատարելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ նման աղաղակող ապօրինությամբ վարչակազմը միայն մեկ հարց է լուծում` Ն. Փաշինյանի հոդվածների տպագրությունը խոչընդոտելը: Ինչպես Փաշինյանը տեղեկացրել է կնոջը, ինքը այս ընթացքում ամեն օր հոդվածներ է գրել, մինչդեռ «ՀԺ» խմբագրությունը ոչինչ չի ստացել: Ա. Հակոբյանը հայտնեց նաեւ, որ Ն. Փաշինյանի նկատմամբ նման ապօրինություններն անհանգստություն են առաջացնում նրա կյանքի եւ անվտանգության խնդրի շուրջ, մասնավորապես՝ կապի բացակայության պայմաններում հնարավոր չէ տեղեկություն ստանալ Փաշինյանի որպիսության մասին, ինչը, հաշվի առնելով Ն. Փաշինյանի նկատմամբ տեղի ունեցած նախորդ հարձակումների շարքը, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: