Միջազգային հետախուզում են հայտարարել

11/12/2010

Խորվաթիայի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել երկրի նախկին վարչապետ, պատգամավոր Իվո Սանադերի նկատմամբ, ով օրեր առաջ փախել է Խորվաթիայից: Այս մասին, խորվաթական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Խորվաթիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Կրունոսլավ Բորովեցը: Ըստ նրա` Իվո Սանադերը, իմանալով, որ իրեն զրկել են անձեռնմխելիությունից, եւ Խորվաթիայի դատախազությունը հրահանգել է ձերբակալել իրեն, փախել է երկրից: Բորովեցը տեղեկացրել է նաեւ, որ Սանադերի ձերբակալության մասին հրահանգի կապակցությամբ իրենք իրազեկել են նաեւ Ինտերպոլին: Սակայն Սանադերի մերձավորներից Ժերկո Ռոսին վստահեցնում է, թե իր ընկերը գործնական այցով մեկնել է Խորվաթիայից եւ առաջիկայում կվերադառնա: Հիշեցնենք, որ Խորվաթիայի իշխանություններն Իվո Սանադերին մեղադրում են մի շարք ապօրինությունների, այդ թվում՝ «անօրինական ճանապարհով հարստություն դիզելու» համար: Սանադերն այդ մեղադրանքներից հետո հրաժարական էր տվել 2009թ. հունիսի 1-ին, սակայն մինչեւ այժմ Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր է: