Առաջին նիստը

11/12/2010

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Նա Երեւան համայնքի բյուջեի եկամտային մասն ապահովող վարչություններին ու վարչական շրջաններին հանձնարարականներ է տվել հետեւողական լինել, որպեսզի մինչեւ տարեվերջ մուտքերն ամբողջությամբ ապահովվեն: Եվ քանի որ աշխատանքային տարվա ավարտին մնացել է 16 աշխատանքային օր, Տ. Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այդ օրերի ընթացքում ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը 100 տոկոսով, որպեսզի տարին ավարտվի 100 տոկոս կատարված բյուջեով: Ի դեպ, դեկտեմբերի 7-ի դրությամբ համաքաղաքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 88 տոկոս: Հանձնարարել է նաեւ բարեկարգման համաքաղաքային աշխատանքներն ավարտել մինչեւ դեկտեմբերի 20-ը, մեծ ուշադրություն դարձնել ձմռան նախապատրաստական աշխատանքներին, դրանք ավարտել երկօրյա ժամկետում: Նա Կրթության վարչության պետին հանձնարարական է տվել հետեւել, որպեսզի կրթական հաստատություններում դրամահավաքներ տեղի չունենան հատկապես առաջիկա տոների ընթացքում։ «Դպրոցներն ու մանկապարտեզները խիստ հսկողության տակ պետք է լինեն, որպեսզի այս տոնական օրերին դրամահավաքներ չլինեն»,- ասել է Տ. Մարգարյանը: Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տ. Մարգարյանն աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է հետեւել քաղաքացիների դիմումներին տրվող պատասխանների բովանդակությանը` ասելով. «Յուրաքանչյուր ոլորտի ղեկավար պետք է պատասխանատու լինի քաղաքացուն տրված յուրաքանչյուր պատասխանի բովանդակության համար: Կան դժգոհություններ, որոնք պետք է վերացնենք»: